Նոյեմբերի 20-ին մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը, որն այս անգամ անցկացվում է Կատարում։ Վերջինս պատմության մեջ մերձավորարևելյան առաջին երկիրն է, որ հյուրընկալում է ֆուտբոլային ամենակարևոր այս առաջնությունը։ Սպորտային չափազանց նշանակալի իրադարձություն լինելուց և աշխարհով մեկ ֆուտբոլի երկրպագուներին միավորելուց զատ բազմաթիվ քաղաքական և մշակութային երանգներ ունի, որոնք հատկապես սուր են այս անգամ։
Ինչպես նշեցինք, առաջնությունն առաջին անգամ է կայանում Մերձավոր Արևելքում և տարածաշրջանի որոշ մշակութային առանձնահատկություններ արտահայտվել են առաջնության կանոնակարգի վրա։ Օրինակ, ալկոհոլի վաճառքը ֆուտբոլային ստադիոնների ներսում արգելված է։ Եվրոպական մի շարք թիմերի կապիտանների էլ արգելվել է կրել ծիածանագույն թևկապեր, որոնցով վերջիններս համերաշխություն էին ցանկանում հայտնել սեռական փոքրամասնություններին։ Որոշ հյուրանոցներ էլ հրաժարվել են ընդունել միասեռական զույգերին։ Գերմանիայի ազգային հավաքականի թիմն իր հերթին փորձել է հանդես գալ հստակ դիրքորոշմամբ. Թիմը փորձել է Կատար ժամանել ազգային ավիափոխադրող Lufthansa-ի ինքնաթիռով, որի վրա պատկերված է եղել «Բազմազանությունը հաղթում է» կարգախոսը՝ ի աջակցություն սեռական փոքրամասնությունների հետ կապված տարաձայնություններին։ Արաբական մամուլն ու սոցցանցերը հեղեղված են տեղեկություններով, ըստ որոնց այդ ինքնաթիռի մուտքը Կատար արգելվել է, իսկ Գերմանիայի հավաքականը Օմանում տեղափոխվել է այլ ինքնաթիռ ու հավելյալ թռիչքով հասել Կատար։
Բացի սեռական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի և այլ տարատեսակ արգելքների համար մեղադրանքներից, Եվրոպայից նաև հնչում են մեղադրանքներ Կատարում մարդու իրավունքների խախտումների և հատկապես աշխատուժի անօրինակահ շահագործման վերաբերյալ։ ՖԻՖԱ-յի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, սակայն, ի պատասխան այս ամենի մեղադրել է Եվրոպական երկրներին երեսպաշտության մեջ: «Ես եվրոպացի եմ։ Այն ամենի համար, ինչ մենք՝ եվրոպացիներս, արել ենք ամբողջ աշխարհում վերջին 3000 տարվա ընթացքում, մենք պետք է ներողություն խնդրենք հաջորդ 3000 տարիների ընթացքում՝ նախքան մարդկանց բարոյականության դասեր տալը»,- ասել է նա։
Եվրոպական կրքերին զուգահեռ, դժգոհությունների և սպառնալիքների ալիք է բարձրացել նաև արաբական աշխարհում։ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության Եմենի մասնաճյուղը մեղադրել է Կատարին առհասարակ այս առաջնությունը կազմակերպելու և «խաչակիրների (քրիստոնյաների) կողմից վարձատրությամբ աշխատելով՝ Արաբական թերակղզու մուսուլմաններին իրենց հավատքից հեռու պահելու համար»:
Հատկանշական է նաև, որ առաջնության բացմանը մասնակցած երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների մեջ գերակշռում են մերձավորարևելյան առաջնորդները, որոնցից հատկանշական է հատկապես Կատարի դաշնակից Թուրքիայի նախագահ Էրդողանը։