Վերլուծություն

Հայաստանը անկախ չէ. ինչո՞ւ

21 / 09 / 2023

Ցանկացած պետության անկախության հիմքում ընկած է պետական ինքությունը, որը կորցնելը նշանակում է անկախության կորուստ։ Հայաստանի Երրորդ Հանրապետության ինքնության ակունքում Արցախն է, քանի որ Հայաստանի անկախության համար շարժումը սկսվել և շարունակվել է Արցախի գաղափարով, հանուն Արցախի ազատագրման ու մայր Հայաստանին միացման։ Եվ անկախությունն է եղել հայկական բնական շահը, այսինքն՝ Արցախի ազատագրումը իրացնելու միակ ճանապարհը։ 1991 թ.-ին մարդիկ ընտրության են գնացել և քվեարկել հանուն անկախության՝ ունենալով Արցախն իրենց սրտում։ Այստեղից հետևում է միայն մեկ եզրակացություն, որ Արցախը կորցնելը հավասար է Հայաստանի ինքնությունն ու անկախությունը կորցնելուն։

Ազգային ինքնությունից զատ՝ անկախ պետության հիմնական գործառույթն իր սահմանադրությունը, պետական սահմանները և իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելն է։

Եվ այսպես՝ ինչո՞ւ Հայաստանն անկախ չէ։

1. ՀՀ դե-ֆակտո վարչապետը դավաճանել է անկախության հռչակագիրը, որը ՀՀ սահմանադրության հիմքում է։ Անկախության հռչակագրի հիմքում էլ իր հերթին ընկած է 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը: Անկախության հռչակագրում հստակ նշվում է, որ ՀՀ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Եվ ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը, իր ձեռքերն Արցախից լվանալով, և ըստ էության Արցախում տեղի ունեցող ցեղասպանության հանցակիցը դառնալով, ոտնատակ է տալիս Հայաստանի անկախության հռչակագիրը։

2. ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չեն պաշտպանում ՀՀ սահմանները։ Դրա վառ ապացույցն են Իշխանասարի դեպքերը, 2022 թ. սեպտեմբերյան պատերազմը և պարբերաբար ընթացող մարտերը Սոթքում, Վարդենիսում, Սիսիանում, Գորիսում և Կապանում։ ՀՀ դե-ֆակտո վարչապետն անձամբ է վկայություն տվել ինքն իր դեմ՝ ասելով, որ ինչ-որ սարի համար, որի գլխին կլոր տարին ձյուն է, չպետք է կռվել։ Այդ եղանակով «ինչ-որ սարից» թշնամին հասավ Ջերմուկ՝ երկու օրում սպանելով մոտ 200 հայ զինծառայող։

3. Դե-ֆակտո իշխանությունները չեն կարողանում ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այսօր Արցախում ցեղասպանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ունեն նույն կապույտ անձնագրերն ինչ Արարատում կամ Շիրակում բնակվող հայերը։ ՀՀ դե-ֆակտո վարչապետը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկում, այլև շարունակում է պնդել, որ չի միջամտելու։ Պետությունը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացիներին, և դա սպառնում է Հայաստանում բոլոր քաղաքացիներին, որոնք Արցախի վերջնական կորստից հետո դառնալու են թշնամու հաջորդ թիրախը։

Ինքնիշխանություն բղավող այս խունտան հինգ տարում լիովին մսխել է այդքան դժվարությամբ ու մեծ զոհողություններով ձեռք բերված մեր անկախությունը, և այս ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը նրանց հեռացումն է և փոխարինումն ազգային ներհայեցողությամբ իշխանություններով։

 

Related Posts