Վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանում թերսնվողների քանակն աճել է 90000-ով։ Այդ մասին է հայտնում ՄԱԿ-ի ներքո գործող «Պարենի համաշխարհային ծրագրի» էջում վերջերս հրապարակված վիճակագրությունը[1]։ Ընդ որում` թերսնվողների ընդհանուր քանակը Հայաստանում կազմում է կես միլիոն մարդ։
Փաստորեն, մեծ չափերով գնաճը երկար սպասել չտվեց, իսկ հարվածի տակ հայտնվեցին, բնականաբար, ամենախոցելի խավերը։
Հայաստանում Կովկասյան բարոմետրը ևս նմանատիպ պարամետրերով հարցումներ է իրականացրել, որոնցից ամենաթարմը 2021 թ.-ի դեկտեմբերի 18-ից 2022 թ.-ի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածի տվյալներն են։ Հիմնական փոփոխական ընտրելով վերջին 12 ամիսներում սնունդ գնելու համար ոչ բավարար գումար ունենալը՝ կրոստաբուլյար վերլուծությամբ կարող ենք դա համադրել ըստ տարիքի և բնակության վայրի փոփոխականների հետ։ Այսպես՝ ըստ տարիքի պարամետրով հարցման տվյալներով պարզվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում 55-ից բարձր տարիքի անձանց 60%-ն ամեն շաբաթվա կտրվածքով չունի բավարար գումար սնունդ գնելու համար[2]։ Իսկ ըստ բնակության վայրի` մարզային քաղաքների բնակչության 50%-ն ամեն օրվա կտրվածքով է բախվում նույն խնդրին[3]։
Հիշեցնենք, որ «Հայկական ալիքը» դեռևս հունիս 16-ին պատրաստել էր ինֆոգրաֆիկա[4] և բացատրագիր[5]` վերջին մեկ տարում Հայաստանում գնաճ ապրած անհրաժեշտ սպառողական ապրանքների վերաբերյալ։ Իսկ եթե սրան գումարենք նաև հացահատիկի պաշարների չլրացվածությունը և հիմնական արտահանող երկրների արտահանման ծավալների աստիճանական նվազեցումն ու կրճատումը և այս ամենի հետնապատկերին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործությունը՝ պարզ է դառնում, որ առաջիկայում ՀՀ բնակչությանն այդքան էլ հեշտ օրեր չեն սպասվում։
[1] WFP Hunger Map, https://hungermap.wfp.org (հղվել է 08.07.2022 թ.).
[2] Caucasus Barometer 2021 Armenia, Not enough money to buy food for past 12 months, https://caucasusbarometer.org/en/cb2021am/AGEGROUP-by-NOMONFD-withoutdkra/ (հղվել է 08.07.2022 թ.):
[3] Caucasus Barometer 2021 Armenia, Not enough money to buy food for past 12 months,https://caucasusbarometer.org/en/cb2021am/SETTYPE-by-NOMONFD-withoutdkra/ (հղվել է 08.07.2022 թ.):
[4] Ո՞ր ապրանքն է ամենաշատը թանկացել, https://hayaliq.com/inflationinfographics/ (հղվել է 08.07.2022 թ.):
[5] Սպառողական ապրանքների գնաճը, https://hayaliq.com/inflationinarmenia/ (հղվել է 08.07.2022 թ.):