Նորություններ

Արևմտյան ընտրողական մարդասիրությունը

08 / 02 / 2023

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձած աղետալի երկրաշարժից հետո ակնկալվում էր, որ բոլոր քաղաքական տարաձայնություններն ու մրցակցությունները գոնե կարճ ժամանակով մի կողմ կդրվեն, հիմնականում այն պատճառով, որ աղետն ուղղակիորեն ազդել է խաղաղ քաղաքացիական բնակչության վրա:

Երկրաշարժերից հետո մի քանի արևմտյան երկրներ արագորեն մոբիլիզացվեցին՝  Թուրքիա օգնություն և փրկարարներ ուղարկելու համար, բայց որոշեցին անտեսել Սիրիան՝ միայն ցավակցություն և պատրաստակամություն հայտնելով աջակցել տուժած սիրիացիներին, սակայն գետնի վրա ոչինչ չանելով։

Սիրիայի կառավարությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների տակ, որոնք ուղղված են երկիրը տնտեսապես մեկուսացնելուն, ինչը նաև խոչընդոտում է եվրոպական պետությունների կողմից տրամադրվելիք օգնությանը, քանի որ վերջիններս վախենում են ընկնել ԱՄՆ պատժամիջոցների տակ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը օգնություն  կտրամադրի Սիրիային ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով՝ առանց Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի կառավարության հետ շփվելու, որը ԱՄՆ-ը  չի ճանաչում որպես օրինական։

Ըստ Փրայսի՝ Սիրիային և Թուրքիային օգնություն տրամադրելու գործընթացը տարբեր է, սակայն ԱՄՆ-ը ցանկանում է օգնել երկու երկրների մարդկանց։

«Թուրքիայում մենք կառավարությունում գործընկեր ունենք։ Սիրիայում մենք ունենք գործընկեր հասարակական կազմակերպությունների տեսքով, որոնք գետնի վրա մարդասիրական աջակցություն են ցուցաբերում»,- ասել է նա՝ հավանաբար նկատի ունենալով ԱՄՆ կողմից ֆինանսավորվող այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են սիրիական օրինական կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, ինչը հավանաբար այդ օգնությունից կզրկի երկրի մնացած հատվածին։ Այս կազմակերպություններից որոշները հայտնի են Սիրիայի կառավարությանը անհիմն մեղադրելու նպատակով կեղծ հարձակումներ կազմակերպելով:

Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդը կոչ է արել անհապաղ չեղարկել Արևմուտքի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, քանի որ ներկայիս շրջափակումը սահմանափակում է սիրիացի ժողովրդի հիմնական կարիքները ապահովելու ջանքերը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները և թույլ տալ բոլոր պարագաների մուտքը, որպեսզի պատժամիջոցները չվերածվեն մարդկության դեմ հանցագործության»,- ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։

Չնայած Սիրիան օգնության կոչով դիմել է միջազգային հանրությանը,  այնուամենայնիվ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կատարը և այլն, օգնություն են տրամադրել կամ պատրաստակամություն են հայտնել օգնելու միայն Թուրքիային։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը «լիակատար համերաշխություն» է հայտնել դաշնակից Թուրքիային՝ ասելով, որ կապի մեջ է Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ, և «ՆԱՏՕ-ի դաշնակիցները այժմ մոբիլիզացնում են աջակցությունը»՝ լիովին անտեսլով Սիրիային։

Սիրիայի օգնության կոչին արձագանքել են Հայաստանը, Լիբանանը, Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն։

Ինչպես կարող ենք տեսնել, Արևմուտքի՝ բարձրագույն արժեք հռչակած մարդու կյանքն ու իրավունքները սահմանափակ թվով մարդկանց են վերաբերում՝ բացառելով նրանց, ովքեր ապրում են, իրենց բնորոշմամբ, «բռնապետություններում»։ Թվում էր, թե քաղաքական հաշվարկերը պետք է մի կողմ դրվեն, եթե սեղանին խաղաղ  մարդկային կյանքեր են, սակայն ինչպես եղել է դարեր շարունակ, փրկության իրավունք ունեն միայն «քաղաքակիրթ» ժողովուրդները, իսկ ով չի ցանկանում ընդունել այդ աղճատված արժեքները և մտնել արևմտյան լծի տակ, դատապարտված է մահվան։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *