1993թ․-ի օգոստոսի 31-ին Արցախի պաշտպանության բանակն ազատագրեց նախկին շրջկենտրոն Կուբաթլու (Որոտան) քաղաքը։
Ֆիզուլիի և Ջաբրայիլի ազատագրումից հետո Կուբաթլուի շրջանը մնացել էր սեպի պես խրված պաշտպանության բանակի հարավային ռազմաճակատում։ Այդպիսով, եթե ադրբեջանական բանակը ռազմաճակատի արևելյան հատվածում կարողանար ուշքի գալ պարտություններից հետո, Կուբաթլուն, որտեղ տեղակայված էր թշնամու բավականին ուժեղ խմբավորում, կարող էր լուրջ վտանգ ստեղծել պաշտպանության բանակի համար՝ հարվածելով թիկունքից։
Կուբաթլու-Որոտանի ազատագրման ճամփան անցնում էր մի քանի հանգուցային կետերով, որոնցից մեկը մայրուղին էր՝ Հակարի գետի երկայնքով փռված բնակավայրերով մինչև Իշխանաձորի կամուրջ, մյուսը՝ կոռնիձորյան բարձունքներից մինչև Որոտան գետի ձախափնյակը, երրորդը՝ Ամուտեղ-Բաշարաթի բարձունքը։ Այս բոլոր ուղղություններով Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, կենտրոնական պաշտպանական շրջանների, Կապանի 97-րդ մոտոհրաձգային բրիգադի, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերից կամավորագրված զինծառայողների համակցված և միաժամանակյա գրոհի շնորհիվ թշնամին համառ դիմադրությունից հետո ի վերջո փախավ քաղաքից։
Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի հաղթանակները կարևոր նշանակություն ունեին Հայաստանի անվտանգության համար։ Այդ հաղթանակների շնորհիվ վերացավ Լաչինի միջանցքի վրա կախված վտանգը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջաների հրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Զանգելանի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար։ Բացի այդ` հայկական վերահսկողության տակ անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ։
Նշենք, որ 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Կուբաթլուն ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ըստ դե ֆակտո վարչապետի դեկտեմբերի 13-ի ելույթի՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի մեջ հիշատակում չկա այդ շրջանների մասին, քանի որ ստորագրման պահին ադրբեջանական բանակի հսկողության տակ է եղել Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների 90%-ը։ Միաժամանակ, կապիտուլյացիոն փաստաթղթի առաջին կետով արձանագրված էր, որ կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում։
Սակայն, օրեր անց սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց՝ Զանգելանն ու Կուբաթլուն այսուհետ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են։ 2020թ․ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են ադրբեջանցիներին։
Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ Զանգելանի և Կուբաթլուի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածները չհանձնելու համար պետք էր ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք էր նոր պատերազմ։
Դեկտեմբերի 27-ին դե ֆակտո վարչապետը հայտարարել է․ «Եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, և այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։
Այսօր առավել քան ակնհայտ է, որ այդ տարածքների հանձնումը ոչ միայն չապահովեց Սյունիքի անվտանգությունը, այլև անմիջականորեն խոցելի դարձան և թշնամու կրակի տակ հայտնվեցին Կապան և Գորիս համայնքների մի շարք բնակավայրեր։