Անցած երկու շաբաթների կարևոր իրադարձությունների շարքում տեղ է գտել նաև Դեկտեմբերի 9-ից 11-ը Գորիս քաղաքում կայացած «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը: Ֆորումին մասնակցում էին փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից:
Ֆորումի առաջին օրը նվիրված էր միջանցքների և կոմունիկացիաների թեմային: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեմային: Հատկանշական է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ խոսույթը միայն թուրք-ադրբեջանական և հայկական խոսույթներում չէ, որ տեղ է գտել, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես` Իրանի: Սա առաջնահերթ խոսում է այն մասին, որ այս թեման լոկ դատարկ թեզ չէ, այլ քաղաքականություն, որին լրջորեն հետամուտ են լինում Թուրքիայում և Ադրբեջանում և որը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար, հատկապես` Հայաստան, Իրան և Ռուսաստան եռյակի համար: Իրանցի փորձագետները բազմիցս շեշտեցին, այո, նաև Ռուսաստանի գործոնը և որ վերջինս ապահովագրված չէ այն վտանգներից, որոնք անխուսափելիորեն առաջ կգան միջանցքի բացումից հետո: Այսպես, Իրանից ժամանած անկախ փորձագետ Բահման Շուայիբն իր ելույթի ընթացքում նշել է. «Զանգեզուրի միջանցքը կոնցեպտ է, որ գլխավորապես առաջ է մղվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախյան 2020 թ.-ի պատերազմի ավարտից հետո: Բայց այս միջանցքը կեղծ կոնցեպտ է պատմության և աշխարհագրության տեսանկյունից: Բաքվի և Անկարայի կողմից առաջ մղվող Զանգեզուրի միջանցքի օրակարգը մի շարք ռիսկեր է պարունակում: Նախ, այս միջանցքը կարող է ավելացնել ՆԱՏՕ–ի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես Կովկասում և Կասպից ծովում… Միջանցքն առաջին հերթին կամուրջ է պանթյուրքական աշխարհի երկրների միջև: Սա, բնականաբար, չի սահմանափակվելու Հարավային Կովկասով, այլ կծավալվի դեպի Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա և ընդհուպ մինչև Չինաստանի Սինծիան նահանգ»:
Ակնհայտ է, որ պանթյուրքական այս շղթան, որ ձևավորվում է անմիջապես Ռուսաստանի սահմանների երկայնքով, ոչ միայն Հայաստանի և Իրանի շահերին է հակասում, այլև ՌԴ շահերին և չպետք է անուշադրության մատնվի ՌԴ փորձագիտական և իշխանական շրջանակաների կողմից: Պանթյուրքիզմի մարտահրավերների մասին խոսել է նաև մեկ այլ իրանցի փորձագետ Ադել Ֆարշադը. «Կովկասում առկա մարտահրավերների պատճառը Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է, որը հանգում է պանթյուրքիզմի արտահանմանը Ադրբեջանի Հանրապետություն, ինչը բնութագրվում է նրանով, որ պանթյուրքիստները ցանկանում են իրենց գաղափարախոսությունները տարածել Ռուսաստանի հարավում և Իրանի հյուսիսում։ Պանթյուրքիստների այս բոլոր ջանքերը բխում են նեղ էգոիստական պատկերացումներից, որ Հարավային Կովկասը միայն պետք է կապի Անատոլիան Կենտրոնական Ասիային, այլ ոչ թե հանդիսանա կապող օղակ հյուսիսի և հարավի, արևելքի ու արևմուտքի միջև։
Պանթյուրքիստների այս քայլերի համատեքստում Հայաստանը ընկալվում էր որպես սպառնալիք և խոչընդոտ պանթյուրքական երազանքի ճանապարհին… Այս համատեքտում Հայաստանը կարող է որպես ինքնիշխան ու ինքնուրույն խաղացող ունենալ իր նշանակությունը։ Սա Բաքվի կողմից ընկալվում է որպես սպառնալիք և սեպտեմբերյան վերջին դեպքերը դրա մարմնավորումն էին։ Այդ քայլերով Բաքուն փորձում է զրոյացնել Հայաստանի նշանակությունը»:
Անդրադարձ կատարվեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհի ռազմավարական կարևորությանը և թուրք-ադրբեջանական տանդեմի` այս ճանապարհի այլընտրանքային տարբերակներն առաջ քաշելուն: Այսպես իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը նկատել է. «Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ստեղծել այլընտրանք Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից գործարկված Հյուսիս–հարավ ճանապարհին: Եթե այս երկու երկրները դառնան գործոն Արևմտյան Ասիայում և Եվրոպայում, միջազգային խաղաղությունը կլինի վտանգված… Արևելք–արևմուտք տրանսպորտային միջանցքը ծառայելու է որպես միջոց վահաբիստ ահաբեկիչների տեղափոխման համար` Թուրքիայից և Ադրբեջանից դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան և Ռուսաստան: ԱՄՆ աջակցությամբ Թուրքիան նախկինում ևս օգտագործել է այս ահաբեկչական ուժերին` ավերելու Իրաքը, Սիրիան և Լիբիան: Եվ հազարավոր այդպիսի ահաբեկիչներ տեղափոխվել են Ադրբեջան` Հայաստանի Հանրապետությանը պարտության մատնելու համար»:
Իրանցի փորձագետները միակարծիք էին այն հարցի շուրջ, որ Հայաստանը դարպաս է դեպի բազմամիլիոնանոց եվրասիական շուկա։ Այսպես, Հայաստանը կարող է ծառայել որպես տրանզիտ իրանական ապրանքների ռեբրենդինգի համար, քանի որ Հայաստանը մոտ է և՛ եվրասիական, և՛ եվրոպական շուկաներին։ Իսկ իրանական տնտեսական ձեռնարկությունների հիմնումը Սյունիքի մարզում կարող է ունենալ մեծ նշանակություն ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանի անվտանգության առումով։
Ռուս փորձագետներն իրենց հերթին կիսվեցին իրենց տեսլականով ռազմավարական ճանապարհների վերաբերյալ: Ակնհայտ է, որ թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմերն ունեն մի շարք հարցեր, որոնց շուրջ պետք է գան համաձայնության` գտնելու կոնսենսուսային ճանապարհ տարածաշրջանի անվտանգ զարգացումն ապահովելու համար:
Այս առումով նաև կարևոր է նշել, որ պատահական չէր ընտրված ֆորումի անցկացման վայրը` Սյունիքի մարզը: Մեր շահակից և դաշնակից պետությունները, ինչպես և ֆորումի կազմակերպիչներից «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիր կազմը, գիտակցում են Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը` որպես միջմշակութային հանգույց և տարածաշրջանային շահերի բախման կետ։
Ֆորումի հաջորդ օրվա առաջին կեսը նշանավորվեց տեղեկատվական անվտանգության և սուվերեն համացանցի շուրջ քննարկումներով: ՌԴ և ՀՀ փորձագետների կարծիքները հատվեցին այն կետում, որ ցավալիորեն մերօրյա իրականությունում նկատվում է միտում համացնացի ֆրագմենտացման, և այս միտումը կշարունակի աճել մոտակա տարիներին ևս:
Օրվա երկրորդ կեսին մեկնարկեց Արևմուտքի պատժամիջոցներին և եվրասիական տնտեսության համար դրանցից բխող հնարավորություններին ու բացասական հետևանքներին նվիրված քննարկումը: Ինչպես հայտնի է ՌԴ-ի վրա դրված մի շարք պատժամիջոցները դարձել են պատճառ տեղական արտադրությանը զարկ տալուն, ինչպես նաև ԵԱՏՄ գոտու շուկայից մի շարք ապրանքների ներկրումն ավելացնելուն: Սա դիտվում է որպես հնարավորությունների պատուհան հայկական տնտեսության համար: Սակայն կան նաև մի շարք խնդիրներ, որոնց շարքում է «թանկ դրամ»-ի քաղաքականությունը, որը ներկայումս վարում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները: Այս մասին խոսել է քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանը` նշելով, որ այս ոչ հեռատես քաղաքականության հետևանքով հայրենական տնտեսությունը, վաղ թե ուշ, բախվելու է ճգնաժամի:
Ցավալիորեն, տեսանք, թե ինչպես ընդամենը հաշված օրեր անց մեկնարկեց Ադրբեջանի հերթական ագրեսիան` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումը, որն Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհն է: Այս ցեղասպանական քայլի նպատակն է, կտրելով Արցախը վերջնականապես մայր Հայաստանից, հաջորդիվ անցնել Սյունիքի օկուպացիային` «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը կյանքի կոչելու նպատակով: Ագրեսիայի այս դրսևորումը ևս մեկ անգամ գործնականորեն ամրապնդեց ֆորումի շրջանակներում քննարկված թեմաների կենսականությունն ու տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գործոնի չեզոքացման անհրաժեշտությունը, որը, սակայն, ոչ մի կերպ չի կարող կյանքի կոչվել ներկայիս դե-ֆակտո իշխանությունների վարած հակահայ քաղաքականության արդյունքում: