Բացատրագիր

Հայաստանում հաճախ են խոսում կոլաբորացիոնիզմի ու Վիշիի ռեժիմի մասին

27 / 07 / 2022
  • 1. Ի՞նչ է կոլաբորացիոնիզմը
  • 2. Ի՞նչ է «Վիշիի ռեժիմը»
  • 3. Ինչո՞ւ Պետենը գնաց կոլաբորացիոնիզմի. ո՞րն էր դա անելու շարժառիթը
  • 4. Թշնամու հետ համագործակցելու փորձերը արդյունավե՞տ չէին։
  • 5. Ի՞նչ եղավ Վիշիի ռեժիմի հետ
  • 6. Արդյո՞ք ֆրանսիական հասարակությունը աջակցում էր Վիշիի ռեժիմին
  • 7. Դիմադրության շարժումը՝ առասպե՞լ, թե՞ իրականություն

Վերջին շրջանում Հայաստանում լայնորեն օգտագործվում են կոլաբորացիոնիզմ և Վիշիի ռեժիմ տերմինները՝ նկարագրելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։ «Հայկական ալիքը» բացատրագիր բաժնում ներկայացնում է այս տերմինների պարզ բացատրությունը՝ տալով պատմական անհրաժեշտ համատեքստը։ 


1. Ի՞նչ է կոլաբորացիոնիզմը

Անգլերենում համագործակցություն (cooperation) և կոլաբորացիոնիզմ (collaboration) եզրույթները ըստ սահմանման ունեն առերևույթ նման, իսկ ըստ բովանդակության և ենթատեքստի՝ չափազանց տարբեր նշանակություն: Համագործակցությունը սահմանվում է որպես «գործողություններ, որոնց կիրառողը օգնում է անել այն, ինչ դիմացի կողմը ցանկանում է կամ խնդրել է», մինչդեռ կոլաբորացիոնիզմը սահմանվում է որպես «նպատակային հարաբերություններ, որոնցում բոլոր կողմերը ընտրել են ռազմավարական համագործակցություն՝ ընդհանուր կամ համընկնող նպատակների հասնելու համար»: Ֆրանսերենում այս եզրույթը սահմանվում է հենց քաղաքագիտական իմաստով՝ «կամավոր, միտումնավոր համագործակցությունը օկուպացիոն իշխանությունների հետ և նրանց ամեն տեսակի օգնություն ցուցաբերելը՝ այդ թվում քաղաքական բառապաշարով »: Այսպիսով՝ գոյություն ունեն կոլաբորացիոնիզմի երեք հիմնական ձևեր՝ պետական-քաղաքական, գաղափարական և ռազմական:

Հատկապես ռազմական կոլաբորացիոնիզմի օրինակները պատմության մեջ բազմաթիվ են. ինչպես պատմաբան Գերհարդ Հիրշֆելդն է ասում՝ այս երևույթը «նույնքան հին է, որքան պատերազմը և տարածքների օկուպացումը»: Տերմինը թվագրվում է 19-րդ դարով և առաջին անգամ օգտագործվում է Նապոլեոնյան պատերազմների առնչությամբ։ Սակայն դրա վերաիմաստավորումը՝ որպես թշնամու հետ դավաճանական օկուպացիոն համագործակցութուն, հայրենիքի և պետական շահի դավաճանություն, տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 1940 թ.-ից պատմաբանների կողմից որպես կոլաբորացիոնիզմ սկսեց որակվել Ֆրանսիայում Վիշիի կառավարությունը, որը ակտիվորեն նպաստում էր Գերմանիայի հաղթանակին և «կրում այս աղետի (Ֆրանսիայի օկուպացիայի – խմբ.)  պատասխանատվության կարևոր մասը» (Մարուս և Պաքստոն, 1981 թ.)[1]:


2. Ի՞նչ է «Վիշիի ռեժիմը»

Երբ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին Գերմանիան Լեհաստան ներխուժումից հետո պատերազմ հայտարարեց, ֆրանսիացի զինվորականները ութ ամիս անցկացրեցին՝ հետևելով և սպասելով առաջին հարվածին։ Այսպես կոչված «տարօրինակ պատերազմը» (ութամսյա ժամանակահատվածն է, որի ժամանակ խոշոր ռազմական գործողություններ տեղի չունեցան) անսպասելիորեն ավարտվեց մայիսին, երբ գերմանական բլիցկրիգը (կայծակնային պատերազմը) պայթեց ֆրանսիացիների սահմանին: Շաբաթների ընթացքում գերմանացիները մտան Ֆրանսիա, և ֆրանսիական կառավարությունը ստիպված եղավ որոշում կայացնել՝ վերախմբավորվե՞լ հյուսիսաֆրիկյան գաղութներում և շարունակել կռվել, թե՞ զինադադար կնքել Գերմանիայի հետ: Մինչ վարչապետ Փոլ Ռեյնոն պնդում էր, որ պետք է շարունակել պայքարել, կառավարության պաշտոնյաների մեծամասնությունը հակված էր երկրորդ տարբերակին[2]: Ընդհանրապես, Ֆրանսիան կարծես ի սկզբանե պատրաստ էր կապիտուլյացիայի. 1871-ի ֆրանս-պրուսական պատերազմում կրած պարտությունը, ապա Առաջին համաշխարհային պատերազմում ներդրված ռեսուրսների համեմատ ոչ բավարար ձեռքբերումները, հակապատերազմական տրամադրությունները Ֆրանսիայում հանգեցրել էին գաղափարական լճացման և թշնամու դեմ պայքարելու մերժողականության (ըստ էության՝ մեր օրերում հայտնի «երկիրը երկիր չէ» թեզ), ինչը կապիտուլյացիային հեշտորեն համակերպվելու պատճառներից մեկն էր: Այսպիսով, 1940 թվականի հունիսի 22-ին Ֆրանսիան զինադադար կնքեց Գերմանիայի հետ, և մինչև հուլիսի 9-ը խորհրդարանը 569 կողմ և 80 դեմ ձայներով քվեարկեց նախկին կառավարությունից՝ Երրորդ Հանրապետությունից հրաժարվելու օգտին: Խորհրդարանը նաև քվեարկեց պետության ղեկավար պաշտոնաթող ռազմական գեներալ Մարշալ Ֆիլիպ Պետենին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսին, լիարժեք և արտակարգ լիազորություններ տալու օգտին[3]: Զինադադարի երկրորդ և երրորդ հոդվածների համաձայն՝ երկիրը բաժանվել է երեք մասի. «օկուպացված գոտի», որը երկրի հյուսիսային հատվածն էր՝ գերմանացիների օկուպացիայի տակ, «Արգելված գոտի»՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող փոքր շրջան, որը միացված էր Բելգիային, և «Ազատ գոտի»՝ հարավային հատվածը, որի կառավարումը ստանձնեց Պետենը՝ Վիշի քաղաքում գտնվող շտաբով, որտեղից էլ վարչակարգը ստացավ Վիշի անվանումը[4]:

Այսպիսով, Վիշիի կառավարությունը դարձավ Եվրոպայում նացիստական Գերմանիայի առաջին խամաճիկը, որի օրինակին հետևեցին նաև այլ եվրոպական երկրներ, ինչպիսիք էին Ռումինիան, Հոլանդիան, Հունգարիան և այլն: Դրանք՝ գտնվելով գերմանական վերահսկողության տակ, հոգում էին գերմանական բանակի ծախսերը և վերջինիս համար արտադրում սպառազինություն, մատակարարում վառելիք՝ ապահովելով իրենց իսկ օկուպացրած Գերմանիայի հզորացումը։


3. Ինչո՞ւ Պետենը գնաց կոլաբորացիոնիզմի. ո՞րն էր դա անելու շարժառիթը

Արևմտյան գրականության մեջ կհանդիպեք պնդումների, որ Մարշալ Պետենի համար գլխավոր շարժառիթը՝ գլխավորելու նացիստական Գերմանիայի օկուպացիոն քաղաքականությունը սեփական երկրում, դրա հակահրեական, հակասեմիտիստական մղումներն էին,  ժողովրդավարությունից հեռանալը և ազգայնական բնույթը[5]: Այնուամենայնիվ, պատեհ է նշել, որ Շառլ դը Գոլը, ով գլխավորեց ֆրանսիացիների անկախության պայքարը, ևս ուներ ազգայնական մղումներ: Բացի այդ, տրամաբանական էր Գերմանիայի օկուպացիայի տակ հայտնված երկրների հակահրեական քաղաքականությունը, քանի որ դա թելադրված էր հենց Բեռլինի կողմից: Ուստի պետենյան կոլաբորացիոնիզմի խորքային պատճառները պետք է փնտրել այդ վարչակարգի քաղաքականության հիմքում ընկած տրամաբանության մեջ: Դրանցից մեկը սպասողականության քաղաքականությունն էր. Պետենը կարծում էր, որ շարունակ զիջումներ անելու գնով հնարավոր է «փրկել» Ֆրանսիայի ինքնիշխանության որոշակի պատառիկներ: Այլ կերպ ասած՝ ընտրում էր մասնակի օկուպացիան՝ ամբողջական օկուպացիայի փոխարեն: Թեև կան պնդումներ, որ այս քաղաքականությունն էլ կոլաբորացիոնիզմի միայն սկիզբն էր, քանի որ մի քանի ամիս անց Պետենի կառավարությունը, ֆաշիստների հրամաններից առաջ անցնելով, ինքն էր նախաձեռնում և՛ հրեաների ցեղասպանությունը, և՛ շարունակական օկուպացիան[6]:


4. Թշնամու հետ համագործակցելու փորձերը արդյունավե՞տ չէին։

1930-1940-ականներին ագրեսորի խաղաղեցման քաղաքականություն (Appeasement՝ բախումից խուսափելու համար թշնամուն քաղաքական, ռազմական և տարածքային միակողմանի զիջումներ անելը)  էին վարում եվրոպական մի շարք այլ տերություններ (օր.՝ Մեծ Բրիտանիան, , որը, սակայն միայն հզորացրեց Գերմանիային, իսկ նրա հակառակորդներին դարձրեց ավելի թույլ։


5. Ի՞նչ եղավ Վիշիի ռեժիմի հետ

Պատմաբան Ռոբերտ Պաքստոնը Վիշիի ռեժիմը բնորոշում է որպես «ավտորիտար»՝ պնդելով, որ «այն չի գործել ֆաշիստական ռեժիմի պես, քանի որ ավանդաբար այդպիսի  էլիտաները պետք է զիջեն իրենց տեղը, իսկ ավտորիտարիզմում նրանք պահպանում են իշխանությունը: Բայց Պետենի իշխանությունը սկսեց ճնշել այլախոհությունը. Ֆրանսիան ավելի ու ավելի էր դառնում ոստիկանապետություն»[7]:

Ֆրանսիայի ներքաղաքական ճգնաժամը՝ արտաքին թշնամուն պարտությանը զուգահեռ, ավելի խորացավ: Պիեռ Լավալը միացավ կառավարությանը զինադադարի կնքման հաջորդ օրը և դարձավ Վիշիի ռեժիմի գլխավոր ճարտարապետը։ Նա համոզեց Ազգային ժողովին՝ Պետենին շնորհել նոր սահմանադրություն հռչակելու իրավասություն։ Զավեշտալին այն է, որ Վիշիի կառավարությունը գոյատևեց չորս տարի՝ երբեք չհրապարակելով նոր սահմանադրություն[8]: Նրանց քաղաքականությունը և գործող անձինք փոփոխվում էին պատերազմի բախտին համահունչ. երբ գերմանացիների հետ կոլաբորացիոնիզմը սկսեց չարդարացնել իրեն, Վիշիում դավադրություն ձևավորվեց Լավալի դեմ, ով իշխանությունից հեռացավ 1940 թվականի դեկտեմբերին և նրան հաջորդեց Պիեռ  Ֆլանդինը, իսկ հետո ծովակալ Ժան Դարլանը: Պետենը և Դարլանը Գերմանիայի հետ հարաբերություններում առաջ քաշեցին սպասողականության (attentisme) քաղաքականությունը՝ «սպասել և տեսնել (թե ինչ կլինի)» տրամաբանությամբ, ինչը, ըստ էության՝ պետենյան կոլաբորացիոնիմի հիմքերից մեկն էր: Արդյունքում, մեկ տարվա ընթաացքում՝ 1942 թվականի նոյեմբերի 11-ին Գերմանիան գրավեց ողջ Ֆրանսիան, թեև Վիշիի կառավարությունը շարունակեց անվանապես գոյություն ունենալ: Միակ բանը, որ մնաց Պետենին, իրեն պաշտող կոլաբորացիոնիստների շրջանակն էր[9]:

Լավալը փախավ Գերմանիա և Ավստրիա, բայց գերվեց և վերադարձավ Ֆրանսիա, որտեղ նրան դատեցին և մահապատժի ենթարկեցին 1945 թվականին: Պետենը, ով առևանգվել էր, ինքնակամ վերադարձավ Ֆրանսիա՝ դատապարտվեց. նրա մահապատիժը, սակայն, դը Գոլը փոխեց ցմահ մենախցով, և նա մահացավ բանտում 1951 թ.-ին:


6. Արդյո՞ք ֆրանսիական հասարակությունը աջակցում էր Վիշիի ռեժիմին

Ինչպես Վիշիի, այնպես էլ գերմանացիների դեմ դիմադրության շարժումները արագորեն աճեցին իրենց ուժով և նշանակությամբ: Նորմանդիայի ներխուժմանը նախորդած վեց ամիսները Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջան էին՝ Դիմադրության շարժման անդամների և գերմանական Գեստապոյի (գաղտնի ոստիկանություն) միջև, որոնց աջակցում էին Վիշիի աշխարհազորայինները: «Դիմադրությունը» ֆրանսիական հասարակության ամենատարբեր շերտերի մասնակցությամբ կազմակերպությունների շարժում էր, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պայքարում էին Ֆրանսիայի նացիստական օկուպացիայի և Վիշիի կոլլաբորացիոնիստական կառավարության դեմ։ Դիմադրության բջիջները զինված տղամարդկանց և կանանց փոքր խմբեր էին, ովքեր, ի լրումն պարտիզանական պատերազմի, նաև ընդհատակյա թերթերի հրատարակիչներ էին, առաջին ձեռքի հետախուզական տեղեկատվություն մատակարարողներ: Ֆրանսիական դիմադրության շարժման ակտիվ մարտիկների շարքերում էր ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում հաստատված Միսաք Մանուշյանը, ով հետագայում դարձավ Ֆրանսիայի ազգային հերոս[10]:

«Դիմադրությունը» նշանակալի դեր խաղաց 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիա ներխուժումից հետո Դաշնակիցների՝ Ֆրանսիայով արագ առաջխաղացման գործում: Երբ Շառլ դը Գոլի ժամանակավոր կառավարությունը տեղափոխվեց Նորմանդիա՝ դաշնակիցների  ժամանումից հետո, Ֆրանսիան ազատվեց ֆաշիստական ռեժիմից՝ լիակատար փլուզման մեջ: 1944-ի սեպտեմբերին, Փարիզի ազատագրումից հետո, նոր կառավարությունը Պետենի ֆրանսիական պետությունը՝ իր բոլոր օրենքներով հանդերձ, հայտարարեց վերացված։

Այնուամենայնիվ, Վիշիի կառավարությունը չորս տարի իշխանության ղեկին էր։ Արդարացի հարց է ծագում՝ արդյո՞ք այն վայելում էր ֆրանսիացիների աջակցությունը: Ինչպես գրում է Մայքլ Քերթիսը՝ «Վիշիի վարչակարգը, թվում էր, վաղաժամ ժողովրդական աջակցություն էր ստացել, մինչդեռ դիմադրությունը սկզբում սահմանափակ էր: Եթե ​​հանրաքվե լիներ, ֆրանսիացի ժողովուրդը, ռազմական պարտությունից հետո շփոթված վիճակում, նյութական շահերով մտահոգ և երկրի հյուսիսի գերմանական օկուպացիայից վշտացած, կարող էր հավանություն տալ Վիշիին: Այս ծայրահեղության մեջ մեծ դաժանություն կար, հատկապես կիսառազմական Միլիսի (ոստիկանության) կողմից, մինչդեռ Վիշիի և նացիստների դեմ ցուցարարների և հերոսական դիմադրողների թիվը մեծացավ պատերազմի ողջ ընթացքում»:

Փաքստոնը համաձայն է, որ աջակցությունը թուլացել է գերմանական օկուպացիայի ընթացքում, բայց նաև մատնանշում է, որ հասարակությունը ճնշող մեծամասնությամբ աջակցում էր Պետենի ռեժիմին սկզբում: Եվ մինչ Դիմադրությունը սկսվեց պատերազմի սկզբում, «դիմադրողները միշտ փոքրամասնություն էին», գրում է Ռոբերտ Գիլդեան՝ իր «Մարտիկներ ստվերում. ֆրանսիական դիմադրության նոր պատմություն» գրքում[11]:


7. Դիմադրության շարժումը՝ առասպե՞լ, թե՞ իրականություն

Ֆրանսիացի պատմաբան Անրի Ռուսոն հորինել է «Résistancialisme» տերմինը, որը ցույց է տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆրանսիական դիմադրության նշանակության և չափի առասպելը։ Դուգլաս Պորչի՝ ֆրանսիական դիմադրության մասին գրքի իր ակնարկում Բեռնար Կապլանը մեջբերում է Պորչին և գրում, որ իրականում «ֆրանսիացիների միայն մոտ 5 տոկոսն էր անվանապես շարժման ընդհատակյա անդամ»: Ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես ճանաչել է միայն 220,000 քաղաքացիներ, ինչը կազմում է պատերազմի ժամանակ բնակչության 1%-ից պակաս[12]:

Լինի դա առասպել, թե իրականություն՝ Ֆրանսիայի պատմության մեջ և՛ ֆրանսիական դիմադրությունը, և՛ դրա անհնազանդությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացիոն ուժերի դեմ մեծ կշիռ ունեն հասարակության ինքնության և հիշողության մեջ: Ֆրանսիական «կոլեկտիվ հիշողության մեջ» Շառլ դը Գոլի կողմից հավերժացված «Դիմադրության առասպելը» առաջնահերթություն ձեռք բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական կառավարությունների, գիտնականների և հասարակության գաղափարական հիմքերը սահմանելիս:

Պատրաստեց՝ Միլենա Մքոյան, միջազգայնագետ

[1] Vichy France’s Collaboration with Nazi Germany, Stephanie Kates, 2017, http://dx.doi.org/10.18357/tar81201716806 (հղվել է 27.07.2022)

[2] Was Vichy France a Puppet Government or a Willing Nazi Collaborator?, Lorraine Boissoneault, November 9, 2017, (հղվել է 27.07.2022)

[3] Նույն տեղում :

[4] Vichy France’s Collaboration with Nazi Germany, Stephanie Kates, 2017, http://dx.doi.org/10.18357/tar81201716806 (հղվել է 27.07.2022)

[5] State-political and people’s collaborationism in Europe in the Second World War period,  Yuriy Kazantsev, 2020,

https://doi.org/10.1051/e3sconf/202021016006 , (հղվել է 27.07.2022)

[6] Was Vichy France a Puppet Government or a Willing Nazi Collaborator?, Lorraine Boissoneault, November 9, 2017, (հղվել է 27.07.2022)

[7] Was Vichy France a Puppet Government or a Willing Nazi Collaborator?, Lorraine Boissoneault, November 9, 2017, (հղվել է 27.07.2022)

[8] Vichy France, Encyclopaedia Britannica , https://www.britannica.com/event/Vichy-France , (հղվել է 27.07.2022)

[9] Նույն տեղում :

[10] Missak Manouchian, Wikipedia Encyclopedia, https://en.wikipedia.org/wiki/Missak_Manouchian

[11] Was Vichy France a Puppet Government or a Willing Nazi Collaborator?, Lorraine Boissoneault, November 9, 2017, (հղվել է 27.07.2022)

[12] Vichy France’s Collaboration with Nazi Germany, Stephanie Kates, 2017, http://dx.doi.org/10.18357/tar81201716806 (հղվել է 27.07.2022)

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *