Բացատրագիր

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 64 տարեկան

05 / 03 / 2023

Մարտի 5-ին լրանում է ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Զավենի Սարգսյանի 64-ամյակը։ Նրա անունն ասոցացվում է Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի հաղթանակի և Արցախի ազատագրման հետ։ Իր տաքարյուն խառնվածքով, պրոֆեսիոնալ մարզիկի կերպարով Վազգեն Սարգսյանն ասես մարմնավորեր հայոց էպոսի ծուռ փահլևաններին, որոնք դժվարությամբ էին սակարկման գնում, երբ խոսքը հայրենիքի ազատագրման, հայոց հողերի վերատիրման մասին էր։

Սպարապետի ծննդյան առթիվ մենք պատասխանել ենք մի քանի հարցերի, որ կարևոր է իմանալ։

Ի՞նչպես հայտնի դարձավ Վազգեն Սարգսյանը

«Ղարաբաղ» կոմիտեում ինքնապաշտպանական ջոկատների կազմման աշխատանքով ի սկզբանե զբաղվում էր Վազգեն Մանուկյանը։ Վազգեն Սարգսյանը համապատասխան աշխատանքները համակարգում էր Արարատի շրջանում։ Հեղափոխական վերնախավերի գոյացմանը բնորոշ ձևով Վազգեն Սարգսյանը, իր քարիզմատիկ բնույթի և յուրահատուկ կազմակերպչական ունակությունների շնորհիվ, շատ արագ առաջադիմեց և ջոկատների հարցով սկսեց զբաղվել համահայաստանյան մասշտաբով՝ հետագայում դառնալով ՀՀ պաշտպանության առաջին նախարար։

Ճի՞շտ է, որ նրա պատճառով 1992 թ պարտվում էինք պատերազմում

1992 թ․ ամռանը, պայմանավորված ՀՀ այն ժամանակվա քաղաքական իշխանությունների հակահայաստանյան քաղաքականությամբ, Հայաստանը փաստացի անդաշնակից էր մնացել Ադրբեջանի դեմ պատերազմում։ Ի հետևանս դրա՝ 1992 թ․ ամռանն Ադրբեջանը, համալրված նախկին խորհրդային բանակի՝ Գանձակում տեղակայված ստորաբաժանումներով, լայնածավալ հարձակման անցավ Շահումյանի, Մարտակերտի ուղղությամբ՝ մեկ ամսում գրավելով ամբողջ Շահումյանն ու Մարտակերտի նախալեռնային հատվածը։ Գրավվեց և հայաթափվեց Արծվաշենը, անդադար կրակի տակ էին Կապան քաղաքը և հարակից գյուղերը, Գեղարքունիքի սահմանամերձ հատվածները, աշնանից փակման վտանգի տակ հայտնվեց Լաչինի մարդասիրական միջանցքը։ Մեծ խնդիրը սա էր։ Սրան գումարվեց արդեն այն, որ Հայաստանի քաղաքական իշխանությունների պատճառով մենք չունեինք ռազմական կառավարման այնպիսի համակարգ, որն ունակ լիներ ադեկվատ արձագանքել մարտահրավերին։ Իսկ նույն ժամանակ Ադրբեջանում բանակաշինությամբ զբաղվում էին նաև թուրք սպաները։ Քարիզմատիկ առաջնորդության վրա հիմնված ջոկատային համակարգը, որ ստեղծվել էր Վազգեն Սարգսյանի մեծ ավանդով, սպառել էր իրեն։ Արժանապատվորեն գիտակցելով այդ ամենը՝ Վազգեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր պաշտպանության նախարար նշանակեց իր քաղաքական հակառակորդ Վազգեն Մանուկյանին․ տերպետրոսյանական հաշվարկի էությունն այն էր, որ մոտալուտ և անխուսափելի (ըստ իրեն) պարտության բեռը կբարդեր ընդդիմության վրա։ Ամեն ինչ, սակայն, հակառակ ընթացք ունեցավ։ Բանակի և պաշտպանության համակարգի կազմակերպման նոր մեթոդների շնորհիվ պատերազմի ընթացքն սկսեց բեկվել հօգուտ մեզ։ Իսկ Վազգեն Սարգսյանը շարունակեց պաշտոնավարել պաշտպանության ոլորտում՝ որպես պաշտպանության հարցերի գծով նախագահի խորհրդական և Հայաստանի սահմանամերձ գոտիներում նախագահի հատուկ ներկայացուցիչ։

Ճի՞շտ է, որ բացառապես Վազգեն Սարգսյանի և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի մտերմության շնորհիվ է հնարավոր դարձել Ռուսաստանից զենք ներկրել

Անշուշտ, բարձրաստիճան պետական այրերի անձնային հարաբերությունները որոշ դեր ունեն միջպետական հարաբերություններում, սակայն գերագնահատել այդ գործոնի դերը երբեք չի կարելի։ Այո՛, թե՛ 1992-1994 թթ․, թե՛ 1994 թ․-ից հետո Հայաստանը կենսական նշանակության մատակարարումներ է ստացել Ռուսաստանից, բայց դա եղել է առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ Հայաստանը կարողանում էր Ռուսաստանի շահին համահունչ ներկայացնել դա։ Անգամ այն դեպքերում, երբ ոչ թե Վազգեն Սարգսյանն էր գնում Մոսկվա, այլ պաշտպանության հաջորդ նախարարները, Ռուսաստանի պատասխանը դարձյալ դրական էր լինում։ Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրված շուրջ 1 միլիարդ դոլլարի զենքին, ապա դա տեղի է ունեցել արդեն պատերազմից հետո։

Ի՞նչպիսին էին Վազգեն Սարգսյանի և Հայաստանի երեք նախագահների հարաբերությունները

Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանն, ի շարս զինակցության, ունեին ընկերական հարաբերություններ։ Վ․ Սարգսյանը քանիցս Ստեփանակերտում հյուրընկալվել է Ս․ Սարգսյանի տանը և հակառակը։ Ռ․ Քոչարյանը և Վ․ Սարգսյանը նույնպես զինակիցներ էին, միասին խորհրդակցել են կարևոր ռազմական գործողություններից, այդ թվում՝ Շուշիի (1992 թ․ մայիս) և Քարվաճառի ազատագրումից (1993 թ․ մարտ-ապրիլ) առաջ, զինակցել են առանց միջանկյալ կարգավիճակի և առանց վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմների իրավական ամրագրման Արցախը հանձնել պատրաստվող Լևոն Տեր-Պետրոսյանին գահընկեց անելու հարցում։ Ինչ վերաբերում է վերջինիս և Վազգեն Սարգսյանի հարաբերություններին, ապա Վազգեն Սարգսյանը, որպես Ղարաբաղյան շարժման համեմատաբար երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ի սկզբանե մեծ ակնածանք էր տածում Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, համարում էր, որ վերջինս ներդրում ունի Հայաստանի անվտանգային համակարգի կառուցման գործում։ Թերևս նաև այս համոզմունքներից ելնելով՝ Վազգեն Սարգսյանը համակարգել և մասնակցել է 1996 թ․-ի՝ մեղմ ասած վիճելի նախագահական ընտրություններից հետո բանակի ներգրավմամբ և զենքով Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության պահելու միջոցառումներին։

Արցախը հանձնելու տերպետրոսյանական քաղաքականության հողի վրա Վազգեն Սարգսյանն աստիճանաբար սկսեց երես թեքել վերջինից՝ 1997 թ․ հոկտեմբերի 1-ին գրելով մի նամակ, որ հանրայնացվեց նրա մահից 2 տարի անց․ ««Հանուն ժողովրդի» կարգախոսով նույն ժողովրդից ուզում ենք խլել տասնամյա, նույնիսկ հազարամյա դժվարագույն պայքարի ամենամեծ, թերևս, միակ ձեռքբերումը՝ պատերազմական հաղթանակները: Ուղղակի թե անուղղակի պատճառաբանելով մեր բոլոր թերացումները սոցիալական, տնտեսական, քաղաքական հողի վրա պատերազմով՝ ժողովրդի հավաքական ընկալմամբ «Ղարաբաղյան չլուծված հարցով», մենք ժողովրդի ընչազուրկ մասի, ասել է թե՝ մեծամասնության մեջ թշնամանք ենք սերմանում իր մի մեծ հատվածի, պատերազմի և պայքարի նկատմամբ ընդհանրապես։ Իսկ պատերազմի նկատմամբ մասսայական ատելությունը հղի է համընդհանուր կործանման վտանգով։ Բանակի քայքայմամբ (ընդգծումն իմն է – ԷԷ)»: Կյանքը ցույց տվեց, որ սպարապետի այս մտահոգություն-կանխատեսումը ճիշտ դուրս եկավ։ Պարզապես դա տեղի ունեցավ 2 տասնամյակ անց՝ տերպետրոսյանական էլիտայի շարունակությունը հանդիսացող ներկայիս դե-ֆակտո հակահայաստանյան իշխանությունների ձեռքով։

Ո՞վքեր են փորձել օգտվել սպարապետի մահից

Վազգեն Սարգսյանը զոհ գնաց թշնամական գնդակի, բայց ոչ երկրի արտաքին սահմաններին, այլ երկրի ներսում։ Նրա անթաղ դիակը տակավին Ազգային ժողովի դահլիճում՝ որոշ վա՜յ մեծամեծներ, որ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք իրենք իրենց կոչում էին «Վազգենի ընկեր», շտապեցին աթոռի համար քաղաքական առևտուր սկսել։ Ռոբերտ Քոչարյանի անձնական արխիվում պահպանվել է այդ անձանց ցուցակը, որ փորձում էին օգտվել տեղի ունեցած ողբերգությունից և շանտաժի միջոցով պաշտոններ ստանալ։

Ամենևին ոչ պատահականորեն այդ անձանցից շատերը թե՛ հետագայում, թե՛ այսօր ևս հակահայաստանյան գործիչներ են և չեն խորշում Վազգեն Սարգսյանի և Հայաստանի թշնամի թուրքերի հետ «քիրվայությունից»։

ՀԳ Իսկ ճի՞շտ է, որ Վազգեն Սարգսյանը նաև գրող էր

Այո՛, ճիշտ է։ Ըստ որում՝ Վազգեն-գրողի կերպարն ու ստեղծագործական ապրումները կարող են տարբեր լույսի տակ ներկայացնել նրան։ Խորհուրդ ենք տալիս որպես օրվա ընթերցանություն կարդալ նրա «Վերջը» կարճ պատմվածքը։

Հեղ՝ Էդգար Էլբակյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *