Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ Վան քաղաքի հայ բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության, որը տևեց գրեթե մեկ ամիս և պսակվեց հաջողությամբ։ Քաղաք ներխուժած թուրքական զորքերը հետ մղվեցին հայկական զինյալների կողմից, և շուտով քաղաքին մոտեցան ռուսական բանակի կովկասյան ճակատի ստորաբաժանումները։
Վան քաղաքը և նրա նշանակությունը
Վան քաղաքը եղել է Վանի թագավորության (Ուրարտու) մայրաքաղաքը։ Հետագայում այն եղել է հայոց իշխանապետության, ապա Վասպուրկանի թագավորության մայրաքաղաքը, որը գոյատևել է մինչև 11-րդ դարը։ Հետագայում քաղաքը ենթարկվել է սելջուկ թուրքերի և քոչվոր այլ ցեղերի ասպատակություններին։ 20-րդ դարի սկզբին Վանը, ինչպես և ամբողջ Արևմտյան Հայաստանը, մի քանի դար էր` ինչ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում։ Քաղաքի բնակչությունը կազմում էր ավելի քան 50 հազար մարդ, որից 30 հազարը՝ հայեր։
Վանի նշանակությունը հայ բնակչության համար մեծ էր։ Այն անվանվել է «Հայկական Մոսկվա» և փաստացի եղել է Արևմտյան Հայաստանի հայկական քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը։
Հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից
Օգտվելով Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից՝ 1914 թվականի հոկտեմբերի 15-ին Օսմանյան Թուրքիայի իշխանությունները որոշեցին վերացնել Հայկական հարցը, տեղահանել հայ բնակչությանը և ոչնչացնել Դեր Զորի անապատում։ Հաջորդ օրը թուրքական նավերը գնդակոծեցին Ռուսաստանի սևծովյան ափերը։ Թուրքիան մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ Թուրքական զորքերը՝ ռազմական նախարար Էնվեր փաշայի հրամանատարությամբ, հարձակման անցան Կովկասյան ճակատում։ Հոկտեմբերի 15-ի նիստից հետո «Իթթիհադ»-ի Կենտրոնական կոմիտեն երեք անձանցից ստեղծեց «Գործադիր կոմիտե» հայ ժողովրդի տեղահանության և ցեղասպանության համար. նրանք էին գաղափարախոս Բեհաեդդին Շաքիրը, կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Նազըմը և կրթության նախարար Շուքրի բեյը: Երեք անդամներն էլ միջգերատեսչական «Հատուկ կազմակերպության» անդամներ էին, ինչը նշանակում էր հայկական հարցի «լուծման» ջանքերի կոնկրետացում։ Հոկտեմբերի վերջին «Գործկոմի» առաջին նիստում ստեղծվեց հատուկ ռեպրեսիվ մարմին՝ կազմված բանտերից ազատված հանցագործների, որը կոչվեց «Հատուկ կազմակերպություն»։
Նոյեմբերին Օսմանյան կայսրությունում հայտարարվեց «ջիհադ» (սրբազան պատերազմ), սկսվեցին հարձակումները հայկական գյուղերի վրա։ 1915 թվականի փետրվարին թուրքական հրամանատարությունը զինաթափեց օսմանյան բանակի հայ զինվորներին, որոնք նախկինում կռվել էին օսմանյան զորքերի կազմում։ Հայ զինվորները հոմնականում սպանվել են իրենց երեկվա ծառայակիցների կողմից, իսկ մյուս մասն ուղարկվել է ծանր շինարարական աշխատանքների։ Վանի շրջանի կառավարիչ էր նշանակվել Էնվերի խնամին Ջավդեթ բեյը, որը հայտնի էր իր հայատյացությամբ։ Ապրիլի 7-ին թուրքերը հարձակվել են Վանի հայերի վրա, սակայն հետ են մղվել։ Ապրիլի 24-ին ձերբակալվել է հայ մտավորականության 270 ներկայացուցիչներ, հենց այս օրը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Վանի ինքնապաշտպանություն
Ապրիլի 19-ին թուրքերը հարձակվեցին հայ կանանց վրա, սակայն հետ մղվեցին։ Ապրիլի 20-ին թուրքական զորքերը հարձակում սկսեցին Վանի դեմ։ Վանի նահանգապետն իր տրամադրության տակ ուներ մոտ 12000 զինվոր և 13 հրացան։
Հայերը կազմակերպեցին իրենց թաղամասերի պաշտպանությունը՝ ստեղծելով «Ազգային պաշտպանության կոմիտե»։ Կոմիտեի կազմում ստեղծվել են ինքնապաշտպանության, դատական, սննդի, հանրային առողջության հանձնաժողովներ։ Վանի հայերն ունեին 505 հրացան և 750 մաուզեր, մարտիկներն ծառայում էին հերթափոխով՝ զենքերը հանձնելով փոխարինողներին։ Այգեստանի շրջանը բաժանվել էր 5 պաշտպանական շրջանների, որոնցում կառուցվել էին 73 դիրքեր։ Պաշտպանությունը ղեկավարում էր ծագումով արցախցի, կարկառուն դաշնակցական Արամ Մանուկյանը։
Թուրքերն ունեին երեք հիմնական առավելություն՝ հրետանի, թվաքանակ և կանոնավոր բանակ, որի դեմ դուրս էին եկել աշխարհազորայիններ։ Սակայն հայերը շատ ավելի բարձր մոտիվացիա ունեին, և առավելություն էր հայ առաջնորդների ներկայությունը, ովքեր ունեին պարտիզանական պատերազմի փորձ և գործում էին անսպասելի ու համարձակ: Օրինակ, թուրքերը չէին սպասում, որ հայերն իրենք կգնան հարձակման և կգրավեն զենքերը, ինչն արեցին Վանի զինյալները։
Վանը վերածվել էր փոքր պատերազմող երկրի։ Ռազմիկները հերթով դիրքավորվում էին, կանայք հաց էին թխում և կարում համազգեստ, կռվով չզբաղված տղամարդիկ պարկուճներ էին պատրաստում։ Հերոսական պաշտպանությունը տևեց գրեթե մեկ ամիս և ավարտվեց մայիսի 19-ին, երբ քաղաքին մոտեցան ռուսական կովկասյան բանակի ստորաբաժանումները, որոնց կազմում ընդգրկված էին նաև հայկական կամավորական ջոկատներ։ Թուրքերը նահանջեցին։ Հայկական զինյալների հետ մարտերում թուրքական բանակի կորուստները կազմել են 1000 սպանված զինվոր և սպա։ Հայկական կորուստները երեք անգամ քիչ են եղել՝ 350 մարդ, ներառյալ խաղաղ բնակիչներ։
Հետևություններ
Վանի ինքնապաշտպանությունը ցույց տվեց, որ պաշտպանության ժամանակ հայ բնակչության կորուստներն անհամեմատ ավելի քիչ են եղել, քան թուրքերի կազմակերպած տեղահանության ու ջարդերի ժամանակ։ Ինքնապաշտպանությունը հնարավորություն տվեց պաշտպանել հայրենի հողերը և փրկել բնակչությանը ցեղասպանությունից։
Եթե նախկինում հայ բնակչության դիմադրությունը տեղի էր ունենում հիմնականում լեռնային շրջաններում, ինչը բացատրվում է աշխարհագրական գործոնով, ապա Վանի ինքնապաշտպանությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է կազմակերպչական բաղադրիչը։ Ունենալով Վանի ինքնապաշտպանության կազմակերպման փորձ՝ Արամ Մանուկյանը 1917 թվականի վերջին ժամանում է Երևան, որտեղ սկսում է աշխատել Արևելյան Հայաստանի պաշտպանության վրա։ Առանց այս նախապատրաստական աշխատանքի և Արամ Մանուկյանի գործունեության արդեն մայիսյան մարտերում, դժվար է պատկերացնել, թե որքան հաջող կլինեին հայկական գնդերի գործողությունները Սարդարապատի ճակատամարտի ժամանակ։
Կարեն Իգիթյան, կովկասագետ