Նորություններ

Այրել են պատերազմի հերոսների նկարները

14 / 06 / 2022

Հասարակական-քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից հայտնի է դարձել, որ այսօր գիշերն անհայտ անձինք կատարել են վանդալիզմի ակտ` մտնելով Արթիկ քաղաքի վետերանների միության շենք և վնասելով գույքը։ Վանդալիզմի զոհ են դարձել նաև Արցախյան երրորդ պատերազմի հերոսների նկարները․ առերևույթ հանցագործներն այրել են դրանք։

Վերջին պատերազմի ավարտից ի վեր սա փաստացի ազգային հողի վրա վանդալիզմի առաջին ակտը չէր։ Վանդալների թիրախ են դառնում հիմնականում հայկական ինքնությունը կերտող անձանց կամ խորհրդանիշների հուշարձանները։ Ցավոք, այս կամ այն պատճառներով այդօրինակ դեպքերն արագ հեռանում են մամուլի էջերից։ «Հայկական ալիքը» փորձել է լրացնել այդ բացը՝ հիշեցնելով վերջին շրջանի վանդալիզմի աղաղակող դեպքերը։ Եվ այսպես՝

■ 2021 թ. ապրիլի 18-ին Նոր Երզնկա համայնքում ՀՀ դե-ֆակտո ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել էր, որ խաչքարերից երկուսը կոտրված են։ Նույն օրն այդ մասին ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր հայտարարություն։ Մեղավորների մասին մինչ օրս տեղեկություն չկա։

■ 2021 թ․ օգոստոսի 30-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները։ Կրկին գործ ունենք պատերազմի մասնակցի թիրախավորման և հիշատակի պղծման հետ, երբ բառացիորեն օրը ցերեկով, ինչպես պնդում է զոհվածի հայրը, քանդվել է պատերազմի հերոսի շիրիմը, իսկ մեղավորները մինչ օրս բացահայտված և պատժված չեն։

■ 2022 թ․ ապրիլի 2-ին՝ Արցախյան երկրորդ (ապրիլյան) պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցի օրը, վանդալիզմի էր ենթարկվել Թումանյան 10 հասցեում գտնվող շենքերից մեկի վրա պատկերված Լեոնիդ Ազգալդյանի խոսքերով գրաֆիտին` «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հիշեցնենք, որ այս խոսքերը ՀՀ դե-ֆակտո վարչապետն օգտագործել էր հետհեղափոխական շրջանում իշխանության և վարկանիշի բարձրացման համար պայքարում։

■ 2022 թ․ ապրիլի 13-ին վանդալիզմի ակտի է ենթարկվել Մաշտոցի պողոտայի և Խորենացու խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Առերևույթ հանցագործին բերման էին ենթարկել, սակայն խոստովանական ցուցմունքից հետո բաց էին թողել։ Մասնավոր զրույցի ժամանակ վերջինս ասել է, որ գնացել է այդ քայլին, քանի որ «[Ազգալդյանն] է մեղավոր 2020 թվականին մեր ունեցած 5000 զոհի համար»[1]։ Մի կողմ թողնելով մտքի ցնորականությունը՝ արձանագրենք, որ այս թեզը համահունչ է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվող քարոզչությանը՝ արժեզրկելու հայկական ազգային պայքարը, այն ներկայացնելու որպես ներկա դժբախտությունների պատճառ՝ սրանով իսկ փաստացի կոչ անելով համակերպվելու և ընդունելու թշնամական երկրների պահանջները։

■ Ապրիլի 20-ին Երևանի Արաբկիր շրջանում առևանգվել է մեծ երգահան, հայոց երգարվեստի հայր և Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի տեսած սարսափների ու կրած զրկանքների խորհրդանիշ Կոմիտաս վարդապետի հուշարձանը։

■ Ընդամենը մի քանի օր անց` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման հերթական տարելիցին ընդառաջ` ապրիլի 23-ին, անհայտ անձինք Գյումրիում գողացել էին երկու շաբաթ առաջ քաղաքացիների կողմից բարձրացված Արցախի դրոշը։ Արցախի դրոշի նկատմամբ կատարվող ոտնձգությունների «պաշտոնական» մեկնարկը տրվեց հենց այդ ժամանակ։

■ Նույն օրը նաև անհայտ անձինք վնասել էին Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը (ջարդել էին ոտքերը, վնասել ձեռքերը, գլուխը և հուշարձանը պղծող գրառումներ թողել)։

■ Այս դեպքից ընդամենը երեք օր առաջ՝ ապրիլի 20-ին, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում անհայտ անձինք վնասել էին միջնադարյան Թուխ Մանուկ եկեղեցու բակում գտնվող խաչքարի վրայի Քրիստոսի քանդակը` կոտրելով դեմքի հատվածն ու աջ ձեռքը։

Հանրային մշակույթի մասին տիրապետող տեսությունները հաստատում են, որ մշակույթն «իջնում է» վերևից ներքև։ Մեր հիշատակած դեպքերը ոչ թե առանձին, իրար հետ չկապակցված դեպքեր են, այլ ծավալվում են ավելի մեծ մշակութային կոնտեքստում, որ կուլտիվացվում է գործող իշխանությունների կողմից, այն է՝ նախկինում տիրապետող ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացում, ինչը բնորոշ է հեղափոխական համակարգերին։

 


[1] «ԵՍ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՔԻԹԸ ՋԱՐԴԵԼ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՆԱ Է ՄԵՂԱՎՈՐ 5 ՀԱԶԱՐ ԶՈՀԻ ՀԱՄԱՐ», 18.04.2022 թ․, https://hraparak.am/post/a80c520c182132975869d5acb54550bf (հղվել է 13.06.2022 թ․)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *