Նորություններ

«Մենք պետք է մինչև ատամները զինենք Թայվանին»․ Գալահեր

23 / 02 / 2023

Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց Թայվանի ղեկավարությանը ավելի շատ զենք ձեռք բերելու և կուտակելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Մայք Գալահերը։

Քառօրյա այցի ընթացքում Գալահերը հանդիպել է կղզու ղեկավար Ցայ Ինգ Վենի, փոխնախագահի, պաշտպանության նախարարի, հետախուզության ղեկավարի և անվտանգության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Թայվանը բախվում է 19 միլիարդ դոլար արժողությամբ զենքի պատակարարումների հետաձգումների հետ։ Խոսքը կրիտիկական նշանակության այնպիսի զենքերի մասին է, ինչպիսիք են Harpoon հականավային հրթիռները և F-16 կործանիչները։ Դրանից մի քանիսի մատակարարումները չեն սպասվում դեռ մի քանի տարի։

«Մեր լավագույն հնարավորությունը՝ կանխելու Թայվան ներխուժումը և, ըստ էության, Երրորդ համաշխարհային պատերազմը Թայվանում իրական կոշտ ուժ կիրառելն է և հավաստիանալը, որ ամեն օր մենք ավելացնում ենք ներխուժման գինը Սի Ցզինպինի համար։ Մենք պետք է երկինքն ու երկիրը տեղից շարժենք, որպեսզի մինչև ատամները զինենք Թայվանին»,- ասել է Գալահերը։

Մյուս կողմից, Չինաստանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն չի կարող խարխլել Չինատանի կամքն ու վճռականությունը, որը վճռական է իր տարածքային ամբողջականությունը և միասնականությունը վերականգնելու հարցում։

Հիշեցնենք, որ 2022 թ.-ին նկատվեց լարվածության աճ Թայվանի շուրջ, երբ կղզի այցելեց ԱՄՆ երրորդ դեմքը՝ Նենսի Փիլոսին՝ այսպիսով իր աջակցությունը հայտնելով Թայվանի անջատողական ուժերին և սադրելով չինական կողմին: Մեծ հաշվով, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը իր գլխավոր հակառակորդ է նշանակել Չինաստանին, որի դեմ էլ փորձում է ճակատ բացել այս կերպ` ստեղծելով լարվածության օջախներ:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա փետրվարի 17-ին Հնդկական օվկիանոսի հարավային մասում մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք, ըստ էության, պատասխան քայլ են տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման և Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հետ ակտիվ զորավարժությունների։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *