Նորություններ

ԱՄՆ-ը հանձնակատարը կհրահանգի դե-ֆակտո իշխանություններին

22 / 08 / 2022

Ռուսական «RT» լրատվական փոխանցմամբ[1], ԱՄՆ պետքարտուղարության ներքո գործող իրավապահ գործունեության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ փնտրվում է մասնագետ` Հայաստանում հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդականի պաշտոնի համար: Ըստ լրատվականի, ժամանակի մեծ մասն աշխատակիցն անց է կացնելու Երևանում ԱՄՆ դեսպանատանը:

«Հայաստանում բյուրոյի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ընդունող կողմին՝ զարգացնելու արդյունավետ և թափանցիկ քրեական արդարադատության ոլորտը, որը հարգում է մարդու իրավունքները և ակտիվորեն պայքարում կոռուպցիայի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նման աշխատանքը ներառում է, ի թիվս այլ բաների, իրավապահ և քրեական արդարադատության արդիականացման խթանումը, միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և օրենքի գերակայության պահպանումը:

Այս առումով ավագ խորհրդականի պարտականությունները, ինչպես բխում է աշխատանքի նկարագրից, կներառեն Հայաստանի կարիքների ուսումնասիրությունը` հակակոռուպցիոն և իրավապահ գործունեության ոլորտներում:

«Խորհրդականը սերտորեն կհամագործակցի և կառուցողական հարաբերություններ կստեղծի Հայաստանի արդարադատության նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,- ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, մասնագետը պետք է մասնակցի հակակոռուպցիոն թեմայով ժողովների և սեմինարների, համակարգի իր աշխատանքը ամերիկյան կողմի հետ և զեկուցի վերջինիս, վերապատրաստի և ուղղորդի մի շարք հայկական գերատեսչությունների ներկայացուցիչների:

Ավագ խորհրդականի տարեկան եկամուտն, ըստ փաստաթղթի, կազմելու է 91,5 հազար ԱՄՆ դոլարից մինչև 134,3 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ երևույթի, սա ԱՄՆ-ի կողմից հերթական միջամտության փորձն է ՀՀ ներքին քաղաքականությունը: Սակայն այդ միջամտությունները կարծես թե դարձել են սովորական երևույթ 2018 թ.-ի, այսպես կոչված, «թավշյա» հեղափոխությունից ի վեր: Իսկ երբ ականատես ենք լինում, թե ինչպես է ԱՄՆ դեսպանը ուղղորդում ՀՀ մի շարք դե-ֆակտո պաշտոնյաների, ապա ակնհայտ է դառնում, որ այդ միջամտության շեմը գերազանցում է ընդունելին: Իսկ հաճախակի այցերը Սյունիք պատերազմից հետո առնվազն կասկածներ են հարուցում:

Զերծ չի մնացել ԱՄՆ-ը նաև 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջամտելուց, երբ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր. «Ի վերջո, այն, ինչ մենք, անշուշտ, հուսով ենք տեսնել, այն է, որ Հայաստանն իր ընտրությունների անցկացման ընթացքում ի վիճակի լինի պահպանելու այն շատ լավ, շատ բարձր նշաձողը, որին հասավ 2018 թվականին, կամ նույնիսկ ավելի բարձրացնել այն»[2]:

Իսկ հաշվի առնելով մինչ այժմ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված հակակոռուպցիոն և արդարադատության բարելավմանը միտված միջոցառումների պտուղները, կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպիսի աղետալի ազդեցություն կունենա այս ամենը ՀՀ արդարադատության վրա շարունակական բնույթ կրելու դեպքում:

Հետաքրքրական է նաև, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինայի իրավապահ մարմիններին: Պետքարտուղարությունը հայտարարել էր մասնագետի որոնման մասին, որն, ի թիվս այլ բաներ, կգնահատի երկրի ներքին գործերի նախարարության կարիքները` անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու հարցում և կվերահսկի դրանց մատակարարումը: Սա նաև մատնանշում է այն նույնական հետագիծը, որ թողնում է Ամերիկան գունավոր հեղափոխությունների զոհ դարձած երկրներում:

 

[1] США планируют нанять советника для «противодействия коррупции» в Армении, https://russian.rt.com/ussr/news/1038673-ssha-sovetnik-korrupciya-armeniya (հղվել է 22.08.2022 թ.).

[2] Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը.ԱՄՆ դեսպան, https://www.azatutyun.am/a/31223938.html (հղվել է 22.08.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *