Հունիսի 29-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Մադրիդում ընթացող ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովում, նշել է, որ ԱՄՆ պատրաստվում է լրացուցիչ զորքերի և զինտեխնիկայի հաշվին ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Իսպանիայում և Բալթյան երկրներում՝ «դաշնակցային տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու համար»։
Մասնավորապես՝ ԱՄՆ-ը Լեհաստանում կհիմնի 5-րդ բանակային կորպուսի մշտական շտաբ, 5000 հավելյալ զորք կուղարկի Ռումինիա և կավելացնի ռոտացիոն տեղակայումները Բալթյան երկրներում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության առաջին գիծը խստացնելու շրջանակներում։ ԱՄՆ-ի F-35 կործանիչների երկու էսկադրիլիա կուղարկվի Մեծ Բրիտանիա, Գերմանիայում և Իտալիայում կտեղակայվեն հակաօդային պաշտպանության համակարգեր, Իսպանիայում ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչների թիվը 4-ից կավելացվի 6-ի։
Նոր տեղակայումները կլինեն ի հավելումն Եվրոպայում ներկայումս տեղակայված ավելի քան 100․000 ամերիկացի զինվորականների, որոնց թիվն արդեն աճել է մոտ 20․000-ով։ Ջ․ Բայդենը նշել է, որ գագաթնաժողովը «պատմական է», և որ ԱՄՆ-ի լրացուցիչ տեղակայումները «անվրեպ ուղերձ կուղարկեն, որ ՆԱՏՕ-ն ուժեղ է և միասնական»:
Հիշեցնենք, որ «Հայկական ալիքի» «Տոտալ ռազմականացում. խաղաղությո՞ւն, թե՞ անվտանգային երկընտրանք» զեկույցում մանրամասն կարող եք կարդալ համաշխարհային ռազմականացման խնդրի մասին։ Մենք արձանագրել ենք, որ ռազմական ծախսերի քանակական ցուցանիշներն աճում են, ինչն ուղեկցվում է համապատասխան քաղաքական որոշումներով և հայտարարություններով: