Նորություններ

Գործնական աջակցություն Ադրբեջանին, «բարոյական»՝ Հայաստանին

29 / 08 / 2022

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաքում անցկացվող միջազգային կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն մասնակցում կոնֆերանսին՝ «բացահայտ անտեսելով Ադրբեջանի կառավարության հրավերը»։

Օգոստոսի 26-ին մեկնարկել է Ադրբեջանում  դիվանագիտական կորպուսի հավատարմագրված ներկայացուցիչների երկօրյա այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի, իսկ օգոստոսի 27-ին Շուշիում կայացել է միջազգային կոնֆերանս՝ նվիրված օկուպացված տարածքներում «վերականգնման ոլորտում աշխատանքներին և պլաններին», որին մասնակցում են շուրջ 60 երկրների և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 100 դիվանագետներ և ռազմական գործիչներ։

Իր ելույթի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հ․ Հաջիևը հայտարարել է«Այսօր Շուշիում չեն Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեսպանները։ Նրանք բացահայտ անտեսել են ադրբեջանական կառավարության հրավերը։ Մենք դա ընկալում ենք որպես անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Քանի որ այդ երկրների կարծիքով՝ հակամարտությունը դեռևս չի ավարտվել»։

Հաջիևը նշել է, որ «հենց այդ երկրների մասնակցության անհրաժեշտությունը Շուշի քաղաքում չկա», և որ նրանց «այլևս չեն հրավիրելու»։ Ըստ Հաջիևի՝ այն, որ նրանք չեն այցելել Շուշի, ցույց է տալիս, թե «ինչ առաքելություն էին նրանք իրականացնում 30-ամյա բանակցային գործընթացի շրջանակներում»։

«Անհասկանալի է, թե նրանք ի՞նչը չեն կարողանում «մարսել»՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությու՞նը, թե՞ Շուշիում վերականգնողական աշխատանքները։ ․․․ Նրանք առաջին հերթին պետք է պատասխան տան ադրբեջանական ժողովրդի առաջ»,-հավելել է Հաջիևը։

Հաջիևի այս հայտարարությունը հայկական լսարանի որոշ հատվածների մոտ առաջացրել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հանդեպ միանգամայն անհիմն և անհասկանալի երախտագիտության զգացում։ Մինսկի խմբի համանախագահ երկրների պարագայում, որոնք պետք է լինեն անկողմնակալ և բացահայտ չաջակցեն կողմերից որևէ մեկին և պետք է նպաստեն կոնֆլիկտի՝ կողմերից յուրաքանչյուրի համար ընդունելի, համապարփակ լուծմանը, անթույլատրելի կլիներ Ադրբեջանի հրավերով այդ երկրների դեսպանների այցը օկուպացված Շուշի։ Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, ապա մեկ անգամ չէ, որ հավաքական Արևմուտքը, հետամուտ լինելով սեփական շահերին, աջակցություն է ցուցաբերել և հիմա էլ ցուցաբերում է Ադրբեջանին, երկակի ստանդարտներ է դրսևորել՝ թե՛ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում, թե՛ դրան հաջորդած ժամանակաշրջանում։ ։

Դրա դրսևորումներից էր, օրինակ, այն, որ Ադրբեջանում Ֆրանսիայի նույն դեսպանը, ով հրաժարվել է այցելել օկուպացված Շուշի, օգոստոսի 3-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) և Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան համատեղ շնորհանդեսի ժամանակ Ադրբեջանին էր նվիրել ականների հայտնաբերման 130 սարք։ Ռազմական բնույթի այս օգնությունը, ամենայն հավանականությամբ, օգտագործվելու է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված նույն այդ տարածքների ականազերծման գործում։ Դեռ 2021 թ․-ի սեպտեմբերին Ֆրանսիայի դեսպանը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստ է 400 հազ․ եվրո տրամադրել Ադրբեջանին՝ Արցախի օկուպացված տարածքների ականազերծման համար։

2021 թ․-ին նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեպանությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը 500 հազար դոլար է հատկացրել Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ վնասված տարածքների ականազերծման համար։

Իսկ հուլիսի 13-ին Ադրբեջանում ԱՄՆ կառավարության Միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի տնօրեն Ջեյ Սինգհը հարցազրույցում նշել էր․ «Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները։ Դա հետաքրքիր է դարձնում նաև մեր կյանքը, որովհետև մենք ունենք նոր ոլորտներ ներդրումների համար»։ Ջ․ Սինգհը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված հայկական տարածքների համար USAID-ը ունի հնգամյա նախագիծ՝ «Աջակցություն սոցիալական փոխազդեցությանը»՝ 15 մլն դոլար ֆինանսավորմամբ։ Ընկերությունը որպես իր առաջնահերթություններից մեկը նաև նախատեսում է աջակցություն տրամադրել այսպես կոչված «բռնի տեղահանվածներին», որ «30 տարի անց վերադառնում են տուն»։

Հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը իր ուղերձում նշել էր, որ Միացյալ Նահանգները մարդասիրական օգնություն է տրամադրում Ադրբեջանին ականազերծման համար՝ աջակցելու «բռնի տեղահանվածների վերադարձին» օկուպացված տարածքներ և իրենց տներում անվտանգ բնակությանն ուղղված ջանքերին:

Հայտարարությունների մակարդակով Արևմուտքը փորձում է պահպանել թվացյալ անկողմնակալություն և խաղաղասիրություն՝ հավասարության նշան դնելով երկու կողմերի միջև, անդադար կրկնում, որ «խորապես անհանգստացած է Ղարաբաղի շուրջ իրավիճակով» և հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության օգտին, սակայն այդ խաղաղությանը նպաստող գործնական քայլեր, որոնք ունեն իրական պարտադրանքի ուժ, չկան։ Չկան Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի, հակահայկական հռետորաբանության աճի, ՀՀ սուվերեն տարածքի գրավման դեմ որևէ կանխարգելիչ քայլեր։ Փոխարենը, օրինակ, օգոստոսի 3-ին Ադրբեջանի սանձազերծած սադրանքներից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ը, ԵԱՀԿ-ը և ՆԱՏՕ-ն շտապեցին հանդես գալ կոչերով ոչ՛ թե ուղղված Ադրբեջանին՝ զսպելու ռազմական ագրեսիան, այլ երկու կողմերին,  ինչն օրինաչափ է, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի և ԵՄ-ում դրա առաջ բերած էներգետիկ ճգնաժամի ֆոնին կտրուկ աճել է Ադրբեջանի առանցքային նշանակությունը ԵՄ-ի համար՝ որպես էներգակիրների այլընտրանքային աղբյուր։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *