Նորություններ

Ճեղքեր ԵՄ-ի ներսում

28 / 11 / 2022

ԵՄ պաշտոնյաները գրոհում են Ջո Բայդենին գազի բարձր գների, զենքի վաճառքի և առևտրի պատճառով, քանի որ Ուկրաինայում պատերազմը սպառնում է ոչնչացնել Արևմուտքի միասնությունը: Այս մասին գրում է «POLITICO»-ն՝ հղում տալով բարձրաստիճան աղբյուրներին։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից 9 ամիս անց Վլադիմիր Պուտինը սկսում է ճեղքել Արևմուտքը: Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները զայրացած են Ջո Բայդենի վարչակազմի վրա և այժմ մեղադրում են ամերիկացիներին պատերազմից շահույթ ստանալու մեջ, մինչդեռ ԵՄ երկրները տուժում են:

«Եթե սթափ նայեք իրերին, ապա երկիրը, որն ամենաշատն է շահում այս պատերազմից, ԱՄՆ-ն է, որովհետև նրանք ավելի շատ գազ են վաճառում և ավելի թանկ գներով, և որովհետև նրանք ավելի շատ զենք են վաճառում», – ասել է բարձրաստիճան պաշտոնյան «POLITICO»-ին:

ԵՄ պաշտոնյան զգուշացնում է, որ երկակի հարվածը՝ ԱՄՆ սուբսիդիաների պատճառով առևտրի խաթարման և էներգակիրների բարձր գների տեսքով, սպառնում է հանրային կարծիքը տրամադրել ռազմական գործողության և հյուսիսատլանտյան դաշինքի դեմ։

Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը, Վաշինգտոնին կոչ արեց արձագանքել եվրոպական մտահոգություններին։ «Ամերիկացիները՝ մեր ընկերները, որոշումներ են ընդունում, որոնք տնտեսական ազդեցություն են ունենում մեզ վրա», – ասել է Բորելը «POLITICO»-ին տված հարցազրույցում։

Ռուս-ուկրաինական պատերազմը մղում է եվրոպական տնտեսությունը ռեցեսիայի, կտրուկ արագացնում է գնաճի տեմպերը և կրճատում էներգակիրների մատակարարումները՝ սպառնալով այս ձմռանը ԵՄ-ում ջեռուցման հետ կապված խնդիրներով: Փորձելով նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական էներգիայից՝ ԵՄ երկրները փոխարենը դիմում են ամերիկյան գազին, սակայն եվրոպացիների վճարած գինը գրեթե չորս անգամ ավելի բարձր է, քան նույն վառելիքի արժեքը Ամերիկայում: Բացի այդ, կարող են ավելանալ ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկայի պատվերները, քանի որ Ուկրաինա սպառազինություն ուղարկելուց հետո եվրոպական բանակների զենքերը սպառվում են։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամերիկյան գազի բարձր գները որակել է որպես «ոչ բարեկամական», իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը Վաշինգտոնին հորդորել է ավելի շատ «համերաշխություն» դրսևորել և օգնել նվազեցնել էներգիայի ծախսերը:

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ եվրոպացի գնորդների համար գազի գնագոյացումը արտացոլում է մասնավոր շուկայի որոշումները և ԱՄՆ կառավարության մտածված քաղաքականության կամ գործողության արդյունք չէ։ Ըստ պաշտոնյայի՝ շատ դեպքերում արտահանման և ներմուծման գների տարբերությունը բաժին է ընկնում ոչ թե ԱՄՆ արտահանողներին, այլ այն ընկերություններին, որոնք գազը վերավաճառում են ԵՄ-ի ներսում։

Ավելի էժան էներգիան արագորեն դառնում է մեծ մրցակցային առավելություն ամերիկյան ընկերությունների համար: Գործարարները ծրագրում են նոր ներդրումներ ԱՄՆ-ում կամ նույնիսկ իրենց գործող բիզնեսները Եվրոպայից տեղափոխում են ԱՄՆ գործարաններ:

Բայդենի և դեմոկրատների համար իրենից հարկային, կլիմայական և առողջապահական մեծ փաթեթ ներկայացնող «Գնաճի նվազեցման մասին օրենքը» նշանակալի  պատմական ձեռքբերում էր, սակայն Բրյուսելում, ըստ «Politico»-ի, այն խուճապի պատճառ է դարձել։ Չնայած էներգետիկ տարաձայնություններին՝ միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը, համաձայն «Գնաճի նվազեցման օրենքի» (Inflation Reduction Act/IRA) հայտարարեց կանաչ արդյունաբերություններին աջակցելու համար 369 միլիարդ դոլար արժողությամբ արդյունաբերական սուբսիդավորման փաթեթի մասին, Բրյուսելը խուճապի մատնվեց։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է հարկային արտոնություններ էլեկտրական մեքենաների և մարտկոցների ամերիկյան արտադրողների համար։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ամերիկյան օրենքով նախատեսված սուբսիդիաները համարում է խտրական և ազատ մրցակցության սկզբունքները ոտնահարող։

Ավելին, եվրոպական քաղաքականության կուլիսներում աճում է նաև դժգոհությունը ԱՄՆ պաշտպանական ոլորտ հոսող փողերի վերաբերյալ: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Ուկրաինայի ռազմական օգնության ամենամեծ մատակարարը․ Բայդենի վարչակազմը Կիևին ավելի քան 15,2 միլիարդ դոլարի զենք է տրամադրել պատերազմի սկզբից ի վեր: Եվրամիությունը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է մոտ 8 միլիարդ եվրո ռազմական օգնություն:

Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ որոշ զենքերի պաշարների համալրումը կարող է տարիներ տևել մատակարարման շղթայում և ժամանակակից սպառազինության համակարգերում օգտագործվող չիպերի արտադրության հետ կապված խնդիրների պատճառով: Սա մտավախություն է առաջացնում, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունը կարող է ավելի շատ շահույթ ստանալ պատերազմից: Պենտագոնն արդեն մշակում է ճանապարհային քարտեզ՝ ԵՄ-ի կողմից աճող պահանջարկի ֆոնին զենքի վաճառքն արագացնելու համար:

Մեկ այլ եվրոպացի դիվանագետ շեշտել է. «Լավ չէ տպավորություն ստեղծել, թե ձեր հիմնական դաշնակիցը իրականում հսկայական շահույթ է ստանում ձեր խնդիրներից»:

Ռուս-ուկրաինական պատերազմը եկավ ապացուցելու, որ թե՛ ԵՄ-ի ներսում, թե՛ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում, այսինքն՝ կոլեկտիվ Արևմուտքում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Այնտեղ ևս նկատվում է կարծիքների ճեղքում, և ակնհայտորեն բոլորը չէ, որ կողմ են ՌԴ-ի հետ ունեցած անջրպետի էլ ավելի խորացմանը: Պատերազմը շարունակաբար կոտրում է արևմտակենտրոն աշխարհակարգի և արևմտյան համերաշխության միֆերը՝ ի հայտ բերելով նոր մրցունակ համաշխարհային կենտրոններ և  ուժային դաշինքներ։ ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների օրինակով այն ցույց է տալիս, որ անգամ ընդհանուր գաղափարի՝ այսպես կոչված «ժողովրդավարական արժեքների» շուրջ համախմբումը թույլ է ու խարխուլ, քանի որ «դիվանագիտության մեջ  չկան մշտական դաշնակիցներկան մշտական շահեր»։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *