Նորություններ

USAID-ը աջակցում է Արցախի օկուպացիային

13 / 07 / 2022

Հուլիսի 13-ին Ադրբեջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի տնօրեն Ջեյ Սինգհը հարցազրույց է տվել ադրբեջանական «Report» լրատվականին։ Ջ․ Սինգհը հարցազրույցում նշել է«Մենք շատ բանի միջով ենք անցել 2018 թ-ից ի վեր։ … Մենք նաև անցել ենք պատերազմի միջով, որը փոխել է խաղի կանոնները բոլորիս համար։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները։ Դա հետաքրքիր է դարձնում նաև մեր կյանքը, որովհետև մենք ունենք նոր ոլորտներ ներդրումների համար»։

Ջ․ Սինգհը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված հայկական տարածքների համար USAID-ը ունի հնգամյա նախագիծ՝ «Աջակցություն սոցիալական փոխազդեցությանը»՝ 15 մլն դոլար ֆինանսավորմամբ։ Ընկերությունը որպես իր առաջնահերթություններից մեկը նաև նախատեսում է աջակցություն տրամադրել այսպես կոչված «բռնի տեղահանվածներին», որ «30 տարի անց վերադառնում են տուն»։

Իր խոսքը Ջ․ Սինգն ամփոփել է՝ նշելով․ «[Ադրբեջանի] նախագահը հրաշալի տեսլական ունի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հարցում, և մենք կցանկանայինք միջոցներ գտնել՝ դրան աջակցելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել կառավարությանն իր տարածաշրջանային նախագծերում։ Ես դիտարկում եմ Ադրբեջանը՝ որպես կարևորագույն դաշնակից և այս տարածաշրջանում անվտանգության հենարան։ Ադրբեջանի խաղացած դերը շատ կարևոր է տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար»։

USAID-ը ԱՄՆ դաշնային կառավարության գործակալություն է, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնությունը համակարգելու համար։

Անհրաժեշտ է արձանագրել, որ պատերազմից հետո ԱՄՆ-ը տարբեր պաշտոնյաների մակարդակով բազմիցս հայտարարել է փաստացի ի հաշիվ հայաստանյան շահերի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցության մասին և հաճախ դրսևորել բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում։ ԱՄՆ-ը տարածաշրջանում հետապնդում է իր հստակ շահերը, որոնց համատեքստում Ադրբեջանը համարվում է կարևորագույն դաշնակից՝ հաշվի առնելով վերջինիս աշխարհագրական դիրքն ԱՄՆ-ի համար՝ և՛ որպես նավթային խոշոր պաշարներով հարուստ երկիր, որոնց արդյունահանման մեջ ներգրավված են ամերիկյան ընկերությունները, և՛ որպես Իրանին ու ռազմավարական նշանակություն ունեցող Կասպից ծովին սահմանակից։

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *