Բացատրագիր

Կղզին ընդդեմ մայրցամաքի

09 / 08 / 2022

Որտե՞ղ է Թայվանը և ի՞նչ պատմություն ունի այս կղզին

Թայվանը գտնվում է մայրցամաքային Չինաստանի հարավարևելյան ափի մերձակայքում և չինական ամենամեծ կղզին է։ Մայրցամաքային Չինաստանի և Թայվանի բնակչությունն ունեն ընդհանուր էթնիկ ծագում։ 1895 թ.-ին Ճապոնիան Չինաստանի դեմ մղվող նվաճողական պատերազմի արդյունքում օկուպացրել է Թայվանը։ 1945 թ.-ին՝ վերջնական հաղթանակ տանելով Ճապոնիայի դեմ պատերազմում, Չինաստանին հաջողվեց վերադարձնել Թայվանը։ Նույն թվականի հոկտեմբերի 25-ին հակաֆաշիստական երկրների կողմից Թայվանում Ճապոնիայի կապիտուլյացիայի ընդունման արարողության ժամանակ պաշտոնապես չին կառավարության անունից հայտարարվեց, որ կղզին վերադառնում է Չինաստանի կազմ։ Կահիրեի և Պոտսդամի հռչակագրերում նշված է, որ Ճապոնիայի կողմից օտարված չինական այս տարածքը պետք է վերադարձվի Չինաստանի կազմ։

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են զատվել Թայվանը և մայցամաքային Չինաստանը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թայվանը պետք է վերադարձվեր Չինաստանին թե՛ դե-յուրե, թե՛ դե-ֆակտո։ Թայվանի հիմնախնդրի ծագումն արդյունք է Չինաստանում քաղաքացիական պատերազմի , ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից զինված միջամտության։ 1949 թ.-ի հոկտեմբերի 1-ին հայտարարվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ժողովրդական կառավարության ստեղծման մասին, որը դարձավ միակ օրինական կառավարությունը և միջազգային ասպարեզում Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչը։ Գոմինդանի խմբավորման ռազմաքաղաքական ներկայացուցիչների մի մասի փախուստը Թայվան ստեղծեց մի իրավիճակ, երբ Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև առաջացավ ճեղք։

1971 թ.-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանը որոշում ընդունեց Թայվանի իշխանությունների «ներկայացուցիչներին» հեռացնել իր շարքերից և ՄԱԿ-ում վերականգնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեղը և բոլոր օրինական իրավունքները։ Այսօր Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել շուրջ 170-ից ավել երկրներ, որոնք հստակորեն հայտնել են իրենց դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ կա մեկ Չինաստան, և Թայվանը նրա մասն է կազմում, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է Չինաստանում։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո ԱՄՆ վարչակարգը 1950 թ.-ի հունվարյան իր հայտարարությունում ճանաչել է Չինաստանի ինքնիշխանությունը Թայվանի նկատմամբ։ 1950 թ.-ի հունիսին, երբ արդեն իսկ սկսվել էր Կորեական պատերազմը, ԱՄՆ նախագահ Հարի Տրումանը տարածեց հայտարարություն, համաձայն որի՝ ԱՄՆ-ը խոչընդոտելու էր «Թայվանի դեմ յուրաքանչյուր հարձակում», և որ նա հրամայել է ԱՄՆ 7-րդ նավատորմին մտնել Թայվանի նեղուց, իսկ 13-րդ էսկադրիլիային` վերադիրքավորվել Թայվանում։ 1954 թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ-ը Թայվանի իշխանություններ հետ կնքեց այսպես կոչված «փոխադարձ պաշտպանության պայմանագիր», և չինական նահանգ Թայվանը հայտնվեց ԱՄՆ պրոտեկտորատի ներքո։

Ի՞նչ կարգավիճակ ունի կղզին այժմ

Չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեում (1972 թ.-ի փետրվար), ՉԺՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կոմյունիկեում (1978 թ.-ի դեկտեմբեր) և 1982 թ.-ի օգոստոսի 17-ի չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեում ԱՄՆ առանց որևէ երկիմաստության ճանաչել է այն փաստը, որ կա մեկ Չինաստան, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է երկրում, որ ԱՄՆ ունի միայն ոչ պաշտոնական կապեր Թայվանի հետ և որ նրանք պարտավորվում են աստիճանաբար կրճատել դեպի Թայվան զենքի մատակարարումը։

Ընդհանուր առմամբ ՉԺՀ կազմավորման 30-40 տարիների ընթացքում Թայվանի իշխանությունները ևս կիսել են այն դիրքորորշումը, որ կղզին մի մասն է Չինաստանի և կա միայն մեկ Չինաստան` դեմ արտահայտվելով «երկու Չինաստանների» և «անկախ Թայվանի» սկզբունքներին։ Այդ փաստը հստակորեն շարադրված է թայվանյան առաջնորդների ուղերձներում։

1988 թ․-ի ապրիլին ՉԺՀ-ն Թայվանի հետ խաղաղ միավորման կուրս սահմանեց՝ հիմնված «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքի վրա (այն առաջարկվել է 1979 թ. ՉԺՀ-ի առաջնորդ Դեն Սյաոպինի կողմից և ենթադրում է Թայվանի անօտարելիություն երկրի տարածքից և բարձր աստիճանի ինքնակառավարման իրավունք՝ որպես հատուկ վարչական շրջան)։ Թայվանը չընդունեց ՉԺՀ այս բանաձևը և 1990 թ. սեպտեմբերին առաջարկեց իր սեփական հայեցակարգը՝ «մեկ երկիր՝ երկու տարածք», որը ենթադրում է միացումը մայրցամաքային Չինաստանին ինքնիշխանության պահպանմամբ, որն անընդունելի էր Պեկինի համար։ Այսպիսով` 1990-ականների սկզբից սկսած Թայվանի անջատողական ուժերը` Լի Դենհուեյի գլխավորությամբ աստիճանաբար սկսեցին նահանջել «մեկ Չինաստանի» սկզբունքից՝ ուռճացնելով «երկու կառավարություն», «երկու հավասար քաղաքական միավոր» հասկացությունները, այն փաստը, որ Թայվանն արդեն ինքնիշխան, անկախ պետություն է և որ «Թայվանի նեղուցի երկու կողմերի հարաբերությունները հավասարազոր են միջպետական հարաբերությունների»։ Թայվանի ներկայիս կառավարությունը` Ցայ Ինվենի գլխավորությամբ կողմնակից է ստատուս-քվոյի պահպանմանը։

Ի վերջո Թայվանը Չինաստանի մաս է՞, թե` ոչ

Ե՛վ այո, և՛ ոչ։ ՉԺՀ-ը Թայվանը համարում է իր տարածքի անօտարելի մաս։ Պաշտոնապես Թայվանի` Չինաստանի անբաժանելի մաս լինելը ամրագրված է մի շարք կարևորագույն միջազգային փաստաթղթերում։ Թայվանը Չինաստանի մաս են ճանաչում Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած 170-ից ավելի երկրները և ՄԱԿ-ը։ Վերջիններս նաև ընդունում են ՉԺՀ կառավարությունը որպես միակ լեգիտիմ չինական կառավարություն։ Որպես առանձին պետություն` Թայվանը (պաշտոնական անվանումը` Չինաստանի Հանրապետություն) ճանաչվել է 14 երկրների կողմից՝ Բելիզ, Գվատեմալա, Հաիթի, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Նաուրու, Պալաու, Պարագվայ, Սենտ Քիտս և Նևիս, Սենտ Լյուսիա, Սենտ Վինսենտ և Գրենադիններ, Էսվատինի, Տուվալու և Վատիկան։

Ի՞նչ խմորումներ են ընթանում վերջերս Թայվանի խնդրի շուրջ

Պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով և ԱՄՆ-ի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվացմամբ՝ պաշտոնական Պեկինը հանդես է եկել բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մի շարք կոշտ հայտարարություններով։ Հայտարարությունների առանցքային թեզը եղել է «մեկ Չինաստանի» դեմ սադրանքների և անջատողական տրամադրություններ մտցնելու անթույլատրելիությունը։ Մասնավորապես` հունիսի 10-12-ին «Շանգրի Լայի երկխոսություն» (Shangri-La Dialogue) ամենամյա անվտանգային ֆորում ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի և Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենխիի հետ, որի ժամանակ չին պաշտոնյան վերահաստատել է Պեկինի վճռական դիրքորոշումը Թայվանի հարցում՝ ընդգծելով, որ եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, ապա չինացի զինվորականները չեն վարանի պայքարել և վճռականորեն ջախջախել «Թայվանի անկախացման» ցանկացած փորձ՝ ամեն գնով ամուր պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը[1]։

Մեկ ամիս անց` հուլիսի 11-ին, ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին է հանդես եկել հայտարարությամբ` շեշտելով, որ այս տարածաշրջանի երկրները պետք է զերծ մնան «որպես շախմատի ֆիգուրներ օգտագործվելուց»[2]` նկատի ունենալով Արևմուտքի անջատողական տրամադրությունների հրահրումն ու այն փաստը, որ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները կանգնած են երկընտրանքի առջև` կա՛մ Չինաստան, կա՛մ Արևմուտք։

ԱԳ նախարարը կոչ է արել հետևել հիմնական սկզբունքներին, այն է` «աջակցել ԱՍԵԱՆ-ակենտրոնությանը, պահպանել գոյություն ունեցող տարածաշրջանային միաբանության շրջանակը, հակառակ կողմին հակազդելու կամ զսպելու  փոխարեն հարգել միմյանց օրինական իրավունքներն ու շահերը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։

Վ․ Յին նաև ասել է, որ Վաշինգտոնը, «խեղաթյուրելով և աղճատելով «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը, փորձում է խաղարկել Թայվանի խաղաքարտը` Չինաստանի զարգացումը խաթարելու և զսպելու համար… Թայվանի նեղուցի երկու կողմերը խաղաղ զարգացում կունենան։ Բայց եթե «մեկ Չինաստանի» սկզբունքը կամայականորեն վիճարկվի կամ նույնիսկ սաբոտաժի ենթարկվի, նեղուցում մութ ամպեր կկուտակվեն կամ նույնիսկ կատաղի փոթորիկներ կլինեն»։

Ինչու՞ է այսքան աղմուկ բարձրացել Նենսի Փելոսիի այցի շուրջ

Դեռևս հուլիսի 19-ից ակտիվորեն շրջանառվում են լուրեր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Թայվան այցելության վերաբերյալ։ Հայտնի է, որ պաշտոնական Պեկինը մշտապես կտրուկ դիրքորոշում է ունեցել Թայվանի անջատողական ռեժիմի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների վերաբերյալ։

Ն. Փելոսիի այցը դարձավ 25 տարվա մեջ նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Թայվան։ Այս քայլը հակասում է ԱՄՆ-ի կողմից արվող հայտարարություններին, որ նրանք շարունակում են ընդունել «մեկ Չինաստանի սկզբունքը», քանի որ նման մակարդակի պաշտոնական հանդիպումը Թայվանի անջատողական ռեժիմին տալիս է, ըստ էության, որոշակի լեգիտիմություն։

Ն. Փելոսին Թայվան է ժամանել օգոստոսի 2-ի երեկոյան և հաջորդ օրն իսկ հանդիպել տեղական վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին։ Վերջինիս հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ[3] Ն. Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թայվանի միջև համագործակցության 3 առանցքային կետերն են անվտանգությունը, տնտեսությունը և կառավարումը։ Այս կոնտեքստում խոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ-Թայվան առևտրային պայմանագրի կնքման հեռանկարին։

Սա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ժամանումն էր կղզի 1997 թ.-ից ի վեր։ Օգոստոսի 3-ին խոսնակը լքել է կղզին` շարունակելով իր հեռավորարևելյան ճամփորդությունների շարքն այս անգամ Հարավային Կորեայում։

Չինաստանի պատասխան քայլերը, բնականաբար, երկար չսպասեցրին։ Պեկինը զգուշացրել է. «Կրակի հետ խաղացողը կարող է այրվել»[4]։ Չինական կողմն անմիջապես սկսեց զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները` այսպիսով գրեթե ամբողջությամբ փակելով կղզու օդային տարածքը և զգուշացնելով մի շարք ասիական ավիափոխադրողներին չկատարել չվերթներ այդ հատվածում։ Չինական իշխանամերձ «The Global Times» պարբերականը հայտնում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը (PLA) Թայվանի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում կիրառել է DF-17 հիպերձայնային հրթիռ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ[5]։

Չինաստանի դեսպան Ցին Գանգը ԱՄՆ-ում «CNN» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Չինաստանի պատասխանն այս սադրանքին լինելու է ուժեղ և վճռական[6] և շեշտել է, որ Չինաստանը «կանի հնարավոր ամեն ինչ` երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար և ունի դրա բոլոր իրավունքները»։ Հավելենք, որ Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բըրնսը կանչվել էր ԱԳ նախարարություն` տեղի ունեցածը պարզաբանելու նպատակով։

ԱՄՆ-ի այս աղմկահարույց քայլին հետևեցին հայտարարություններ մի շարք երկրների արտաքին գերատեսչությունների, միջազգային կառույցների կողմից։ Մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում ասվում է. «Մենք նրա այցը դիտարկում ենք որպես հստակ սադրանք, որը համապատասխանում է ՉԺՀ-ի համապարփակ զսպման ուղղությամբ ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքական գծի ոճին։ Մենք կարծում ենք, որ Թայվանի նեղուցի երկու կողմերի հարաբերությունները Չինաստանի բացառապես ներքին գործն են։ Չինական կողմն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Թայվանի հարցում իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. մենք ելնում ենք այն նախադրյալից, որ կա միայն մեկ Չինաստան, ՉԺՀ կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է»[7]։

Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` ասելով. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք ենթարկվում ենք Գլխավոր ասամբլեայի բանաձևերին, «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, և դա այն կողմնորոշումն է, որը մենք որդեգրել ենք ամեն ինչում, ինչ անում ենք»[8]։

Ինքը` ԱՄՆ-ը, ևս հայտարարում է, որ կողմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին, սակայն Ն. Փելոսիի` Թայվան կատարած այցից հետո տարածած հայտարարությունն այլ բան է վկայում։ Մասնավորապես ասվում է. «Կոնգրեսի մեր պատվիրակության այցը պետք է դիտարկվի որպես վճռական հայտարարություն այն մասին, որ Ամերիկան կանգնած է Թայվանի կողքին։ Մենք եկել ենք Թայվան՝ լսելու, սովորելու և մեր աջակցությունը ցույց տալու Թայվանի ժողովրդին… Ամերիկայի համագործակցությունը Թայվանի ժողովրդի հետ այսօր ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ մենք շարունակում ենք աջակցել տարածաշրջանում և աշխարհում ժողովրդավարության պաշտպանությանը բռնապետությունից»[9]։

Փաստացի, ԱՄՆ-ը աջակցում է անջատողականությունը և դրանով իսկ փորձում նախ ապակայունացնել Չինաստանի ներքաղաքական կյանքը և ապա` թուլացնել վերջինիս դիրքերը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Ինչո՞ւ է Չինաստանը համառ պայքար մղում այս կղզու համար

Թայվանի հարցում զենքերը ցած դնելը հղի է բազմաթիվ վտանգներով Չինաստանի համար։ Նախ՝ բնականաբար, կխախտվի երկրի տարածքային ամբողջականությունը և «մեկ Չինաստանի» սկզբունքը։ Երկու զուգահեռ ռեժիմների գոյության պարագայում կա նաև վտանգ, որ նույն արտաքին խաղացողների կողմից հարցականի տակ կարող է դրվել ՉԺՀ կառավարության լեգիտիմությունը, հետևաբար՝ փորձեր կլինեն այն փոխարինելու ձեռնտու` խամաճիկային կառավարությամբ։ Եվ վերջիվերջո աշխարհաքաղաքական մակարդակում այս ամենը կարող է հանգեցնել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում Չինաստանի դիրքերի թուլացմանը։

Չինաստանի օրինակը առաջինը չէ և միակը չէ համաշխարհային պրակտիկայում, երբ երկրները մղում են պայքար իրենց տարածքային ամբողջականության համար։ Անկախ այն բանից, թե հողակտորը, որի համար պայքար է մղվում փոքր է, թե` մեծ՝ որևէ երկիր չի գնում զիջման, չի ասում` «սա էլ տանք, հանգիստ ապրենք»։ Բոլոր ժամանակներում և տարածաշրջաններում արդիական է եղել, կա ու կմնա պատմական պահանջատիրության լեգիտիմությունը, երբ երկրները հայտ են ներկայացնում տարածքի նկատմամբ` հիմնվելով պատմության և պատմական պատկանելիության վրա։ Բացի այդ՝ հողն ինքն իրենով ռեսուրս է և ապրուստի միջոց։ Երբ չկա հող, չկա նաև երկիր, ապրելու ռեսուրս և տարածք, հետևաբար՝ չկան նախապայմաններ այս կամ այն էթնոսի բարեկեցիկ գոյության համար։ Եվ պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ աշխարհը կրկին վերադառնում է իր արմատներին, կրկին վերահաստատվում են ռեալիզմի օրենքները և բարքերը։ Իսկ այս պայմաններում կարևոր նախապայման է հիշելը, որ եթե մեկ զիջում կատարես, տասն են պահանջելու։ Այս սկզբունքի նյութականացումն այսօր տեսնում ենք Հայաստանում, որն օրեցօր կուլ է գնում թյուրքական օվկիանոսում` հլու կերպով կատարելով վերջիններիս պահանջները։

Սյուզան Նաջարյան, միջազգայնագետ

[1] Չխուսափելով պատերազմից՝ կօգնենք հաստատել խաղաղություն. չինական մերձիշխանական Global Times, https://hayaliq.com/chinataiwan/ (հղվել է 04.08.2022 թ.):

[2] «Պետությունները չպետք է դառնան շախմատի խաղաքարեր». Վանգ Յի, https://hayaliq.com/chinasoutheastasia/ (հղվել է 04.08.2022 թ.):

[3] US House Speaker Nancy Pelosi and Taiwan President Tsai Ing-wen hold a press conference in Taipei, https://www.youtube.com/watch?v=XH0Vdl6_H_Y&t=3m13s (հղվել է 04.08.2022 թ.).

[4] The Ministry of Foreign Affairs Summons U.S. Ambassador to China to Lodge Stern Representations and Strong Protests against Nancy Pelosi’s Visit to China’s Taiwan, https://www.mfa.gov.cn/eng/wjbxw/202208/t20220803_10733167.html (հղվել է 04.08.2022 թ.).

[5] PLA drills around Taiwan continue to ‘rehearse reunification operation’ after Pelosi’s visit, ‘exercises blockading island to become routine’, https://www.globaltimes.cn/page/202208/1272108.shtml (հղվել է 04.08.2022 թ.).

[6] Chinese ambassador: Pelosi’s Taiwan visit will escalate tensions, https://edition.cnn.com/videos/world/2022/08/02/chinese-ambassador-pelosi-taiwan-visit-escalate-china-relations-ip-vpx.cnn (հղվել է 04.08.2022 թ.).

[7] Заявление МИД России в связи с визитом на Тайвань спикера Палаты представителей США Н.Пелоси, https://mid.ru/en/foreign_policy/news/1824777/?lang=ru (հղվել է 04.08.2022 թ.).

[8] SG/SM/21397 3 AUGUST 2022 Press Conference by Secretary-General António Guterres at United Nations Headquarters, https://press.un.org/en/2022/sgsm21397.doc.htm (հղվել է 04.08.2022 թ.).

[9] Pelosi Statement on Congressional Delegation Visit to Taiwan, https://www.speaker.gov/newsroom/8322-2 (հղվել է 04.08.2022 թ.).

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *