Նորություններ

Նյու Յորք Թայմսը՝ Դուգինայի սպանության ամերիկյան վարկածի մասին

06 / 10 / 2022

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականն ուշագրավ նյութ է հրապարակել՝ «ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցած սպանության հետևում ուկրաինացիներն են կանգնած» վերնագրով։ Նյութում ասվում է, որ ըստ ամերիկյան հետախուզական ծառայության պաշտոնյաների՝ Դարիա Դուգինայի սպանության ծրագրի մասին ԱՄՆ կողմը տեղյակ չի եղել, տեղյակ լինելու դեպքում վերջիններս կհակադրվեին նման ծրագրին և արդեն իսկ «խրատել են» Ուկրաինային։

Ուշագրավ է սակայն այն, որ ամերիկացի պաշտոնյաները, շտապելով հստակեցնել, որ իրենք սպանության հետ ոչ մի կապ չունեն, և սլաքները դեպի ուկրաինական կողմ ուղղելով, նաև դժգոհում են «իր ռազմական և գաղտնի ծրագրերի վերաբերյալ (հատկապես՝ ռուսական հարցով) ուկրաինական կողմի թափանցիկության բացակայությունից»։ Փոխարենը շեշտվում է, որ ԱՄՆ-ը, ընդհակառակը, չափազանց բաց և պատրաստակամ է եղել կիսվելու իր հետախուզական տվյալներով, մինչդեռ ուկրաինական կողմը միշտ չէ, որ կիսվել է իր պլաններով։ Ըստ էության՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հիշեցնում է, թե ինչ ռեսուրսներով է վերջինս կարողանում դիմակայել իրեն գերազանցող ռուսական կողմին և պահանջում է գործել ըստ այդմ։

Հատկանշական է նաև, որ պարբերականի աղբյուր հանդիսացող ամերիկյան պաշտոնյաները փաստացի հաստատել են պատահարի վերաբերյալ ռուսական նարատիվը, ըստ որի՝ դիվերսիայի իրական թիրախն Ալեքսանդր Դուգինն էր և որ պատասխանատուն ուկրաինական կողմն է։

Ամերիկյան կողմը, սակայն, ըստ պարբերականի, վախենալով այս վտանգավոր փուլում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սրացումներից, որևէ ցանկություն չի ունեցել, որ ամերիկյան հետախուզությունն ու ռեսուրսներն օգտագործվեն Ռուսաստանի սահմաններից այն կողմ։ Իսկ Դ․ Դուգինայի սպանությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերջին շրջանի հաջողությունները մարտի դաշտում, կարող են դրդել ռուսական կողմին գնալ նմանօրինակ քայլերի ընդդեպ ուկրաինացի պաշտոնյաների՝ սկսած նախագահ Վլադիմիր Զելենսկուց։

Այսպիսի զգուշացումները, համեմված «ԱՄՆ-ն կապ չունի, այն ևս դժգոհ է Ուկրաինայի ինֆորմացիայով չկիսվելուց» նարատիվով, մի կողմից նման են ապագայում սպասվելիք իրադարձությունների պատասխանատվության բեռն ամբողջությամբ Ուկրաինայի վրա թողնելուն, մյուս կողմից վերջնագրի առ Ուկրաինա՝ որոշումների կայացման հարցում ոչ մի քայլ առանց ԱՄՆ թույլտվությամբ չանելու սպառնալիքով։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *