Թարգմանություն

Սխալ շրջադարձ

26 / 10 / 2022

Ուկրաինական ճգնաժամը, որը սկսվել էր դեռևս 2000-ականների սկզբին և շարունակվում է լայնածավալ պատերազմով, հետխորհրդային տարածքում Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական հակամարտության գլխավոր թատերաբեմերից է։ Այս ֆոնին Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները վաղուց դուրս են ինքնիշխան պետության տիրույթից. տեղի ունեցող քաղաքական քննարկումները ըստ էության աշխարհաքաղաքական կողմնորոշման շարունակությունն են. ներքաղաքական իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից՝ լիարժեք պատկերը ստանալու համար։
«Հայկական ալիքի» խմբագրությունը թարգմանաբար ներկայացնում է ռուս քաղաքագետ Վլադիմիր Կարբիվնիչիի հոդվածը, որը հրապարակվել է հեղինակավոր «Россия в глобальной политике» ամսագրում։ Հոդվածը կարող է օգտակար լինել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հասկանալու համար։

2019-21թթ-ին Ուկրաինայի ներքաղաքական գործընթացները կարող էին հանգեցնել Ռուսաստանի համար ընդունելի արդյունքի։ Դրան գիտակցաբար խոչընդոտեցին արտաքին ուժերը։

2020 թ․-ի հոկտեմբերին ուկրաինական քաղաքականության մեջ տեղի ունեցան արտաքուստ միմյանց հետ որևէ կապ չունեցող երկու իրադարձություն, որոնք շուտով մոռացվեցին։ Հոկտեմբերի 25-ին, Կիևի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով, անսպասելիորեն երկրորդ տեղը զբաղեցրեց Ալեքսանդր Պոպովը, ում աջակցում էր ռուսամետ «Ընդդիմադիր հարթակ՝ Հանուն կյանքի» («Оппозиционная платформа – За жизнь» (ОПЗЖ)) կուսակցությունը։ Ու թեև Պոպովը զգալիորեն զիջում էր մրցապայքարի առաջնորդին՝ Վիտալի Կլիչկոյին, և երկրորդ փուլում շանսեր չուներ, շատերին ապշեցրեց նրա գրանցած արդյունքը՝ 10 %, որն ավելի բարձր էր բռնցքամարտիկ-քաղաքապետի բոլոր աչքի ընկնող արևմտամետ քննադատ-թեկնածուների արդյունքներից։ Հասարակության լիբերալ-ազգայնական հատվածի համար այս փաստին սրություն էր հաղորդում այն, որ հենց Պոպովն էր Յանուկովիչի առաջարկով/նախաձեռնությամբ ղեկավարում մայրաքաղաքը, այսպես կոչված, Եվրամայդանի շրջանում և անգամ որպես մեղադրյալ անցնում էր ցուցարարներին «Բերկուտի» կողմից ծեծի ենթարկելու գործով։ Այսպիսի պատկերի առկայության պարագայում Կիևում Պոպովի 10%-ը ԶԼՄ-ների վերնագրերում ստվեր գցեց անգամ Օդեսայի, Նիկոլաևսկի և Զապորոժիեի մարզային խորհուրդների ընտրություններում «Ընդդիմադիր հարթակ՝ Հանուն կյանքի» կուսակցության գրանցած հաղթանակի վրա։

Դրանից երկու շաբաթ առաջ Վլադիմիր Զելենսկու՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում, տեղի ունեցավ մեկ այլ սենսացիոն իրադարձություն։ Ուկրաինայի նախագահը դարձավ, հավանաբար, պատմության մեջ առաջին պետության ղեկավարը, ով անձամբ ներկա է գտնվել MI6-ի՝ բրիտանական արտաքին հետախուզության ղեկավարի մոտ ընդունելությանը։ Ռիչարդ Մուրի հետ տեսակցության մասին նախ հայտնել է ուկրաինական պարբերականներից մեկը՝ հղում տալով իր աղբյուրներին, իսկ հետո դա հաստատեց նաև ինքը՝ Զելենսկին։ «Հենց այդ հանդիպմանը մեզ ասացին, որ մենք մեծ խնդիր ունենք կապված այն բանի հետ, որ ԶԼՄ-ները ֆինանսավորվում են ոչ միայն ուկրաինացիների կողմից․․․ Եվ այդ պատճառով գլխավոր հարցը, որը մենք քննարկել ենք,  հենց այն էր, որ պետք է լինեն անկախ ԶԼՄ-ներ, որոնք այսօր, երբ պատերազմ է, պաշտպանում են մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- հետագայում բացատրեց Ուկրաինայի առաջնորդը։ Այդ խոսակցության ուղիղ արդյունքը շուտով դարձան մի շարք առավել հայտնի ընդդիմադիր ԶԼՄ-ների դեմ կոնկրետ գործողությունները։

Այդ հոկտեմբերին տեղի ունեցավ շրջադարձ, որը սկիզբ դրեց ներկայիս հակամարտությանը հանգեցրած իրադարձությունների շղթային։ Մոսկվայի հետ համագործակցությանը հակված քաղաքական ուժերի սահուն ռևանշին ակտիվ հակազդեցության գործում բրիտանացիների, իսկ հետո՝ նաև ամերիկացիների ուղղակի ներգրավումը կանխորոշեց միանգամայն այլ սցենարի մեկնարկը, որին մենք այսօր ականատես ենք։ Հետադարձ հայացքը ցույց է տալիս, որ Ուկրաինայում անկախ ներքաղաքական գործընթացները կարող էին լրիվ այլ ընթացք ունենալ։

Զելենսկու առևանգումը

Իր ընտրվելու պահին Վլադիմիր Զելենսկին միանշանակ ընկալվում էր որպես մարդ, ով ունակ է լեզու գտնել Մոսկվայի հետ։ Դրան, թվում էր, նպաստում էին Ուկրաինայի արևելյան շրջաններից վերջինիս ծագումը, ռուսական շոու բիզնեսին երկար և հաջող մասնակցությունը, դեպի ազգայնական դրսևորումները հակվածության բացակայությունը։

Ավելի կարևոր էր այն, որ նրա հակառակորդը՝ Պյոտր Պորոշենկոն, ուներ գլխավոր ռուսաֆոբի և անհաշտ մարդու համբավ։ Այն, որ իրականը խիստ տարբերվում էր մամուլում իր ունեցած կերպարից, առանձին հարց է։ Բայց զուտ տեխնոլոգիական տեսանկյունից Զելենսկին պետք է լիներ «չՊորոշենկո», և, հետևաբար, պետք է ցուցադրեր Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալու պատրաստակամություն հանուն Դոնբասում հասարակությանը ծայրահեղ հյուծած պատերազմի դադարեցման։ Բացի այդ, Զելենսկուց ընտրողների՝ խաղաղության հաստատումից հետո երկրորդ պահանջը կոմունալների սակագների իջեցումն էր, ինչը կրկին ենթադրում էր առևտուր Կրեմլի հետ։

Արտաքին միջավայրը նույնպես բարենպաստ էր ուղենիշների փոփոխության համար։ Օվալաձև աշխատասենյակում նստած Դոնալդ Թրամփին Ուկրաինան (և առավել եւս՝ Ռուսաստանի հետ դրա համար պայքարը) քիչ էր անհանգստացնում։ Եվրամիությունն անցնում էր Մեծ Բրիտանիայից բաժանվելու ցավոտ գործընթացով և Կիևին առաջարկելու ոչինչ չուներ։ Վիզային ռեժիմն արդեն վերացվել էր, և ԵՄ-ին անդամակցության հեռանկարների մասին այն ժամանակ ոչ ոք խորհել անգամ առանձնապես չէր ցանկանում։

Կիևի և Մոսկվայի միմյանց ընդառաջ գնալու առաջին քայլերը խոստումնալից էին։ Ռուսաստանի Դաշնությունը հանձնեց, այսպես կոչված, «Կերչի միջադեպի» ժամանակ գերեվարված նավաստիներին, իսկ Կիևը համաձայնեց Դոնբասում հրադադարի հաստատմանը և զորքերի դուրսբերման մեկնարկին։ Այս ամենը ճանապարհ հարթեց 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի անցկացման համար, որն առաջինն էր երեք տարվա ընթացքում։ Ի դեպ, հենց Պուտինի հետ այդ հանդիպումից հետո էր, որ ուկրաինացիների շրջանում Զելենսկու վարկանիշը հասավ առավելագույն ցուցանիշի։

Սակայն, դեկտեմբերյան գագաթնաժողովը դարձավ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարճաժամկետ ջերմացման գագաթնակետը: Սակայն գագաթնաժողովի անցկացման պահին Կրեմլի համար արդեն ընդհանուր առմամբ պարզ էր, որ մինսկյան պայմանավորվածությունների կատարման մեջ որևէ բեկում պետք չէ ակնկալել։ Իսկ առանց երկկողմ օրակարգի այս կենտրոնական հարցը լուծելու այլ թեմաների քննարկումը կորցնում էր իմաստը։

Դրա պատճառները մի քանիսն էին։ Առաջին հերթին՝  comic-turned-politician (կոմիկ, որը դարձավ քաղաքական գործիչ)  վարկանշի  սրընթաց աճի առաջացրած նախնական շոկից հետո Ուկրաինայի խնամակալ արևմտյան կառույցները շատ արագ ներգրավեցին Զելենսկուն իրենց հովանու ներքո։ Արդեն 2019 թ․-ի փետրվարին, չնայած Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի ուժեղ հակազդեցությանը, դերասան-թեկնածուի հետ հանդիպումներ անցկացրին բոլոր առանցքային դեսպանատները։

Եվ այս հանդիպումները ցույց տվեցին գլխավորը Զելենսկին, ինչպես վայել է դերասանին, նման է պլաստիլինի, որից կարելի է կերտել ցանկացած բան։

Պարզապես պետք է շոյել նրա մեծ ինքնասիրությունը և գայթակղիչ հեռանկարներ պատկերել: Արևմուտքում այս մարտավարությանը հավատարիմ են առ այսօր։

Ինքը՝ Զելենսկին, դրսևորեց իրեն որպես հստակ համոզմունքներ չունեցող մարդ, ում, մի փոքր ջանք գործադրելով, նույնիսկ հաջողվեց համոզել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Ուկրաինայի համագործակցության օգուտների մեջ։ Թեև նախագահ Գոլոբորոդկոն, ում նա մարմնավորում է «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում, նույն հիմնադրամի առաքելությանը ուղարկել էր գրողի ծոցը։ Եվ այս տեսարանը նրան ընտրողները շատ ավելի լավ հիշեցին, քան այդ նույն կառույցի ներկայացուցիչների հետ արդեն նախագահի թեկնածու Զելենսկու բարեկամական հանդիպման մասին լուրերը։

Երկրորդ,  Զելենսկու՝ արկածախնդրության նմանվող մուտքը քաղաքականություն դրանից շատ հեռու գտնվող ոլորտից նրան թողեց առանց թիմի։ Շատ շուտով պարզվեց, որ «95 квартал» ստուդիան կադրերի պատրաստման տեսանկյունից վատ դարբնոց է խոշոր երկրի նախագահի պաշտոնին հավակնող մարդու համար։ Վակուումը արագ սկսեցին լցնել արևմտյան դրամաշնորհային կառույցների կադրերը, որոնց միտումնավոր և ակտիվորեն նախագահի թիմ էր մտցնում խոշոր գործարար Վիկտոր Պինչուկը, ով վաղուց մտերիմ էր (և նույնիսկ հովանավորների թվում էր) ամերիկյան դեմոկրատական վերնախավի և գլոբալիստական ​​տարբեր կառույցների հետ (Ազգային ժողովրդավարական ինստիտուտից (NDI) մինչև Դավոսյան ֆորում)։ Հենց Պինչուկի շնորհիվ էր, որ Զելենսկու ընտրվելուց հետո իշխանությունում տարբեր պաշտոններ, ի զարմանս շատերի, սկսեցին զբաղեցնել նրանք, ովքեր դեռ ընտրությունների երկրորդ փուլից առաջ կոչ էին անում քվեարկել Պորոշենկոյի օգտին։ Այն, որ արևմտյան գլոբալիստական ​​շրջանակները, փոխանակ խոչընդոտեն իրենց ոչ վաղեմի ընկեր Պորոշենկոյին հաղթած «անփորձ և պոտենցիալ ռուսամետ» գործչին, որոշեցին բացել բոլոր դռները Զելենսկու առջև, ունեցավ հեռուն գնացող և դրամատիկ հետևանքներ։

Մոսկվան էլ, ինչպես սովորաբար հետխորհրդային երկրների հետ հարաբերություններում, հետ մնաց իրադարձություններից և նույնիսկ չփորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Այն, թե «շքախումբը որքան կխաղա թագավորի խաղը, չէր հաշվարկվել»։ Կարելի է ենթադրել, որ իր դերն է ունեցել նաև «ծաղրածուի» նկատմամբ ռուս պաշտոնատար դեմքերի անձնական վստահության պակասը։

Չի կարելի ասել, որ ռուսական իշխանությունները թշնամաբար վերաբերվեցին Զելենսկուն։ Բայց նաև չփորձեցին «իրենց գրկում սեղմել»։ Ավելին, Կրեմլն առաջին անգամ բացահայտ խաղադրույք կատարեց նախագահի թիմի հետ մրցող ուժի՝  «Ընդդիմադիր հարթակ՝ Հանուն կյանքի» կուսակցության վրա՝ նրա ղեկավարների միջոցով հրապարակայնորեն առաջարկելով տարբեր բոնուսներ՝ Կիևի կողմից իր քաղաքական կուրսի շտկման դիմաց։ Այլ կերպ ասած՝ հաշվարկը այն բանի վրա էր, որ անփորձ Զելենսկին ինքը կգա Կրեմլի հստակ նշանակված վստահորդների մոտ և կառաջարկի համագործակցել իր նախընտրական խոստումները կատարելու համար՝ սկսած Դոնբասում խաղաղության ապահովումից մինչև սակագների իջեցում։

Բայց դա տեղի չունեցավ՝ և՛ Զելենսկու ներքին ինքնավստահության, և՛ դեսպանատների ու Զելենսկու թիմ վերջիններիս կողմից բերված դրածոների ակտիվ աշխատանքի շնորհիվ։ Բանը հասնում էր նրան, որ դիվանագիտական ներկայացուցչություններում զրույցներ էին վարում «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակի տեղերին հավակնող ընդդիմացող թեկնածուների հետ, ովքեր Զելենսկու թիմին միանալը համարում էին «դավաճանություն Մայդանին[1]»։ Այնտեղ նրանց հանրամատչելի կերպով բացատրում էին, որ «Մայդանի և եվրաինտեգրման գործը» պահանջում է խզել Պորոշենկոյի շրջապատից երեկվա եղբայրների հետ կապը՝ «ռուսամետ ուժերի ռևանշը թույլ չտալու» համար։ Այսպես, 9-րդ գումարման Ռադայում պարադոքսալ իրավիճակ ստեղծվեց, երբ «սորոսական բնի ճտերը», որոնք դեռ գարնանը նույն դրամաշնորհային կառույցներում էին աշխատում, արդեն աշնանը վիճում էին միմյանց հետ՝ Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխության» ու այլ ընդդիմադիրների հետ նախագահական կուսակցության կոնֆլիկտների պատճառով։ Սակայն բոլոր սկզբունքային գաղափարախոսական հարցերում՝ սկսած կրթության մեջ ռուսաց լեզուն պաշտպանելու փորձերից մինչև Դոնբասի հակամարտությունը, G7[2] երկրները ստացան նոր խորհրդարանում միաձայն քվեարկող կայուն մեծամասնություն:

2019 թ․-ի հուլիսի խորհրդարանական ընտրությունները խախտեցին շատերի հաշվարկները։ Ե՛վ Մոսկվայում, և՛ ուկրաինական վերնախավի շրջանակներում ի սկզբանե տիրապետող էր այն համոզմունքը, որ Զելենսկին սահմանափակ լիազորություններով  թույլ նախագահ կլինի։ Եվ այդպես էլ կլիներ, եթե հասարակության մեջ չբարձրանար «կանաչ ալիքը», երբ անվերջանալի կոռուպցիայից ու մայրաքաղաքային քաղաքական խարդավանքներից հոգնած «ճահիճը» անսպասելիորեն գնաց ընտրատեղամասեր և առանց վարանելու՝ ռեկորդային թվով ձայներ տվեց Զելենսկու թիմի թեկնածուների օգտին։ Գաղափարական գծերով մշտապես պառակտված ուկրաինական հասարակությունը հանկարծ Զելենսկուն նվիրեց խորհրդարանում միակուսակցական մեծամասնություն՝ անմիջապես փոխելով ամբողջ պետական ​​մեխանիզմի բնույթը: Ընդ որում, միանգամայն պարզ է, որ Խարկովում և Խերսոնում «կանաչների»[3] օգտին քվեարկողները լեզվական, պատմական և աշխարհաքաղաքական  խնդիրների համար մի լուծում էին տեսնում, իսկ նրանք, ովքեր նույն ընտրությունն արեցին Լվովում և Լուցկում՝ սկզբունքորեն այլ լուծում։

Ցուցակի ձևավորման յուրահատկությունը, որի շնորհիվ մանդատների մեծամասնությունը նվաճեցին արևմտամետ ակտիվիստները, անմիջապես հանգեցրեց Ռադայում[4] հարավ-արևելքի ձայների մարգինալացմանը։ Շատ շուտով նախագահական կուսակցությունում այն ​​սակավաթիվ գործիչներին, ովքեր հանդես էին գալիս ադեկվատ դիրքերից, դասեցին «ԸՀՀԿ-ի («Ընդդիմադիր հարթակ՝ Հանուն կյանքի») դաշնակիցների և Կրեմլի գործակալների» շարքին։ Իսկ հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց նրանցից ամենաակնառուներից մեկի նկատմամբ՝ ստիպելով մնացածներին լռել ու խորհել։

Թունավոր Ուկրաինա

ԱՄՆ-ի խաղն Ուկրաինայում հնարավոր չէ հասկանալ՝ առանց գնահատելու, թե ուկրաինական գործոնն ինչ դեր է խաղացել վերջին տարիներին ամերիկյան ներքաղաքական կյանքում։ Ռուսական հատուկ գործողության[5] ֆոնին շատերը մոռացել են, որ մեկ տարի առաջ ամերիկյան լրատվամիջոցներում «Ուկրաինա» բառը հայտնվում էր՝ կապված հիմնականում Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու փորձի և Ջոզեֆ Բայդենի որդու կոռուպցիոն գործարքների հետաքննության հետ։

Ամեն ինչ սկսվեց ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Ջ. Բայդենի՝ 2014 թ.-ի նոյեմբերին Կիև կատարած այցից։ Նրա հետ նույն ինքնաթիռով Ուկրաինա ժամանեց նրա որդին՝ Հանթերը, ով հետխորհրդային այս երկիր հազվադեպ այցի արդյունքում զբաղեցրեց «Burisma» գազային ընկերության ղեկավար խորհրդի անդամի շահութաբեր պաշտոնը՝ ամսական 50 հազար դոլար աշխատավարձով։ Ինչպես հետագայում բացահայտորեն խոստովանեց Բայդեն կրտսերը, այդ ժամանակ նա ծանր կախվածութկուն ուներ թմրանյութերից և հուսահատ կարիք ուներ փողի՝ շքեղ ապրելակերպ վարելու համար։ Իսկ «Burisma»-ի սեփականատեր, Յանուկովիչի ժամանակաշրջանի բնապահպանության նախկին նախարար Նիկոլայ Զլոչևսկին հուսահատ կարիք ուներ իր ընկերության կոռուպցիոն խարդախությունների նկատմամբ իրավապահների հետաքրքրության վերացման, որի հետևում հստակ երևում էին բիզնեսը խլելու Պորոշենկոյի  ծրագրերը:

Բայդենի թիմը առ այսօր ապացուցում է, որ հայրը ոչ մի կերպ չի օգնել որդուն կարգավորել գործերը, այլապես նրան հետ կպահեր նման անհեռատես արարքից՝ ակնհայտ կոռումպացված գործարարների թիմին միանալուց։ Այս նույն մարդիկ բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են նաև իրավապահ մարմինների կողմից Բայդենների ընտանիքի կենսագրության «ուկրաինական էջի»  հետաքննությանը։ Թրամփի՝ նորընտիր նախագահ Զելենսկու միջոցով ուկրաինական դատախազության կողմից նման հետաքննության բացելու փորձը, ինչպես հիշում ենք, նրա համար քիչ էր մնում իմպիչմենտ արժենար։

Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարևոր փաստի։ Ինչպես և առհասարակ ամբողջ պետական ապարատում, Սպիտակ տանը իր չորս բուռն տարիների ընթացքում Թրամփը չկարողացավ Ուկրաինայով զբաղվող թիմը փոխարինել հավատարիմ կադրերով։ Դեսպան Մարիա Յովանովիչից մինչև Կիևում նրան փոխարինած Ուիլյամ Թեյլորը, Կիևի հետ երկխոսության համար պատասխանատու էին Թրամփի գաղափարական հակառակորդները: Կոնգրեսում իմփիչմենթի գործի քննության ժամանակ նրանք բոլորը փորձում էին սևացնել նախագահի գործողությունները։ Շատ բան է ասում նաև այն փաստը, որ Թրամփը Զելենսկու թիմի հետ Բայդեն կրտսերի վերաբերյալ քննարկումները ստիպված էր վարել Բրյուսելում ԱՄՆ դեսպանի միջոցով, որին նա վստահում էր։

Իրականում, հանրապետական նախագահի դժվարությունները կայանում էին ոչ միայն Յովանովիչի նմանների (Պետդեպարտամենտի ԼԳԲՏ խմբի ակտիվ անդամ) կողմից գաղափարական հակադրության մեջ։ Երկար տարիներ Ուկրաինան առատ եկամտի աղբյուր է եղել ոչ միայն Հանթեր Բայդենի համար։ Շատերը Պետտքարտուղարությունում, USAID-ում, NDI-ում և այլ կառույցներում շահեցին «ուկրաինական ժողովրդավարության զարգացմանը» բազմամիլիարդանոց օգնությունից: «Քաղաքական ներառման», «կոռուպցիայի դեմ պայքարի» և այլ տարբեր ծրագրերի համար 2004 թվականից հատկացված շուրջ 5 միլիարդի մինչև 70 տոկոսը վերադարձվել է ԱՄՆ՝ համապատասխան մարդկանց։ Իր հերթին՝ Թրամփը վճռական էր տրամադրված ոչ միայն  «միջազգային տեխնիկական այս օգնությունը» կրճատելու, այլև արդեն ծախսված միջոցների արդյունավետությունը վերաքննելու հարցում։

Հենց այս «գրանտային մաֆիան» էլ իր հովանու ներքո առավ նորընտիր նախագահ Զելենսկուն։ Բարեբախտաբար, Պորոշենկոյի կառավարման վերջին տարիներին այս մաֆիայի հարաբերությունները վերջինիս հետ վատթարացել էին։ Իսկ Սորոսը, ով 2015 թվականին «հետմանի[6]» ձեռքից շքանշան էր ստացել, արդեն 2018 թ.-ի վերջին կազմակերպում էր մեդիա արշավ՝  Ուկրաինայի կոռումպացված իշխանություններին վարկաբեկելու համար։

Հետևաբար, ի սկզբանե՝ մինչ Թրամփը Բայդենի գործի նկատմամբ հետաքրքրության շրջանակներից դուրս անտեսում էր Ուկրաինան, Վաշինգտոնում և Կիևում ուկրաինական հարցով զբաղվող ամերիկյան հիմնական թիմին հաջողվեց համոզել Զելենսկուն, որ ավելի լավ է հաշվի նստել իրենց հետ: Ինքնին իմպիչմենթի գործը Զելենսկու թիմին ցույց տվեց ամերիկյան խորքային պետության հզորությունը, երբ Նյու Յորք ժամանած Ուկրաինայի նախագահը ստիպված էր անփութորեն բացատրել, թե արդյոք Թրամփն իր վրա ճնշում է գործադրել հայտնի զրույցի ժամանակ։ Այս մասին Զելենսկուն ևս մեկ անգամ հիշեցրին անցյալ (2021 թ.) աշնանը, երբ Սորոսի առատաձեռն նվիրատվությունները ստացող Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը Ուկրաինայի նախագահին և «Квартал-95»-ից նրա ընկերներին դարձրեց օֆշորային հաշիվներին առնչվող սկանդալի հիմնական դերակատարները:

Բայց վերադառնանք 2020 թվական։ Համաճարակը վերափոխեց ամերիկյան ընտրությունների պատկերը։ Դրան ի սկզբանե սխալ արձագանքած Թրամփը վարկանիշներով հետևողականորեն զիջում էր Բայդենին։ Վերոհիշյալ շրջանակից ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին վստահեցնել Զելենսկուն, որ նա ամեն ինչ ճիշտ էր արել դրա նախորդ տարին և խուսափել էր սխալ խաղադրույքից։ Միևնույն ժամանակ նրանք ասում էին, որ ի տարբերություն Պուտինին հավատարիմ Թրամփի՝  Բայդենը Կրեմլին կհիշեցնի ընտրություններին միջամտությունը և ակտիվորեն կաջակցի Կիևի ամենավճռական դիրքորոշմանը։

Եվ դա այն դեպքում, երբ իրականում Ուկրաինան չափազանց թունավոր դարձավ Բայդենի համար՝ իր անունը կրկին դրա հետ կապելու համար։ Նա քաջ գիտակցում էր, որ ամեն անգամ իրեն հիշեցնելու են այդ երկրում իր որդու կասկածելի արարքները։

Բայց Զելենսկին հավատում էր նրան, ինչը հաճելի էր իր ականջին։

Բացի այդ, այդ պահին Մոսկվան կրկին Զելենսկու համար ցավալի քայլ կատարեց։ «Sputnik V»-ի՝ արտադրության մեջ առաջին կորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծման հաջողությունը Ռուսաստանին փափուկ ուժի լուրջ գործիք տվեց։ Տրամաբանական կլիներ այն կիրառել նաև Ուկրաինայի նկատմամբ, որտեղ առողջապահական համակարգի ճգնաժամը համընկնում էր իշխանությունների ակնհայտ անկարողության հետ՝ ապահովելու արևմտյան պատվաստանյութերի մատակարարումը։ Բազմաթիվ այլ սխալների և հիմարությունների հետ մեկտեղ համաճարակը հետևողականորեն իջեցրեց Ուկրաինայի կառավարության վարկանիշը։ Այս իրավիճակում Վլադիմիր Պուտինն առաջարկեց ոչ միայն պատվաստանյութերի մեծ խմբաքանակ տեղափոխել Ուկրաինա, այլև կազմակերպել դրա արտադրությունը Խարկովում։ Միակ խնդիրն այն էր, որ առաջարկն արվել էր Կրեմլում ԸՀՀԿ-ի առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ում հետ է մտադիր լուրջ գործեր կատարել Ուկրաինայում։ Զելենսկուն, փաստացի, առաջարկվել էր ընդունել ընդդիմության օգնությունը։ Ընդ որում, ընդդիմության հենց այն հատվածի, որն ամենաշատն էր քննադատում իշխանությունների գործողությունները համաճարակի համատեքսում։ Պարզ է, որ ամերիկացիներն էլ իրենց հերթին ամեն ինչ արեցին, որպեսզի «Sputnik V»-ն չհայտնվի Ուկրաինայում, և Մոսկվայի համապատասխան առաջարկները դիտարկվեցին որպես միջամտություն ներքին գործերին։ 

Ռասկոլնիկովի ճանապարհով

2020 թվականի աշնանը Ուկրաինայում ծայրահեղ տհաճ իրավիճակ ստեղծվեց իշխանությունների համար։ ՏԻՄ ընտրություններում «ժողովրդի ծառաները» պարտվեցին։ Տեղական կոռումպացված էլիտաների հետ դաշինքը զրկեց ԸՀՀԿ-ին Հարավ-արևելյան մարզկենտրոններում հաղթանակից, սակայն այս կուսակցության թեկնածուն դարձավ Զելենսկու հայրենի Կրիվոյ Ռոգի քաղաքապետ։ Ինքնաքննադատության հակում չունեցող նախագահը որոշեց խնդիրների արմատը չփնտրել իր թիմում, այլ հավատալ MI6-ի ղեկավարի այն հայտարարություններին, որ Մոսկվան Վիկտոր Մեդվեդչուկի մեդիահոլդինգի միջոցով աշխատում է զրոյացնել իշխանության վարկանիշը և այն փոխարինել Ռուսաստանի համար հարմար գործիչների ընդարձակ կոալիցիայով։

Լայնորեն հայտնի են բրիտանական գլխավոր հետախույզ Ռիչարդ Մուրի երազանքները Արևելյան Եվրոպայում սահմանակից պետություններից յուրատեսակ «փոքր Անտանտի» ստեղծման միջոցով «Գլոբալ Բրիտանիայի» հայեցակարգի իրականացման մասին: Իսկ ուկրաինական մեդիադաշտում նրան անհանգստացնում էին ոչ այնքան Ռուսաստանի հասցեին դրական հայտարարությունները, որոնք իրականում շատ քիչ էին, որքան երկրի գործերում Արևմուտքի դերի հետևողական ու կոշտ քննադատությունը։ Իսկապես, «Մեդվեդչուկ» հոլդինգի երեք ալիքները, որոնք տեղեկատվական հեռարձակման առաջատարներն էին, վառ շեշտադրումներ էին անում և՛ հողային բարեփոխումներում արևմտյան կառույցների ներգրավվածության վրա (որը սովորական ուկրաինացիների կողմից ընկալվում է որպես հողի վաճառք օտարերկրացիներին), և՛ կոմունալ սակագների աճի մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի մեղքի վրա, և՛ Արևմուտքի կողմից վերահսկվող հակակոռուպցիոն գործակալությունների անարդյունավետության վրա։ Եթերում անընդհատ հնչում էին «արտաքին վերահսկողություն», «տրանսնացիոնալներ», «սորոսի ճտեր» արտահայտությունները։ «Тхне Соросом» («Սորոսի հոտ է գալիս») հեռուստամարաթոնը «Zik» ալիքով դարձավ նշանավոր, բայց բավական միտումնավոր իրականացված նախագիծը: Պարբերաբար արծարծվում էին ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության և Բայդեն կրտսերի կեղտոտ արարքների թեմաները։ Այս ամենը խիստ նյարդայնացնում էր ինչպես Կիևում Սորոսի հետ կապված ամերիկյան ներկայացուցչություններին, այնպես էլ, իհարկե, հենց իշխանական «սորոսականներին»։ Նրանք միասին կարողացան համոզել Զելենսկուն, որ եթե ոչինչ չարվի, ապա Արևմուտքը՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, երես է թեքելու նրանից։

Հավանաբար, վերջին կաթիլը դարձան հունվարյան վարկանիշները, որոնք արձանագրեցին ԸՀՀԿ-ի վստահ առաջնորդությունը՝ 22-24% արդյունքով (կախված հարցումից): Շարիյի (հայտնի բլոգեր և Զելենսկու մոլի քննադատ) կուսակցության հետ միասին վաղաժամկետ ընտրությունների պարագայում նրանք կարող էին հավակնել բոլոր մանդատների գրեթե մեկ երրորդին: Նախագահի գրասենյակի ներկայացուցիչների խոսքով՝ արևմտյան դիվանագետներն ու խորհրդականները ստիպել են, որ իրենք իրենց տան (թեև ոչ բառացիորեն) Ռոդիոն Ռասկոլնիկովի[7] հայտնի հարցը. «Դողդոջուն արարա՞ծ եմ ես, թե՞ իրավունք ունեմ»։

2021 թ․-ի փետրվարի 2-ին, խախտելով բոլոր հնարավոր օրենքներն ու իրավական նորմերը, Զելենսկին պատմության մեջ առաջինն էր, ով իր երկրի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառեց արտադատական պատժամիջոցների մեխանիզմը և դադարեցրեց բոլոր երեք հեռուստաալիքների հեռարձակումը։ Գրեթե անմիջապես այս գործողությունները ստացան Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և Մեծ Բրիտանիայի դեսպանի աջակցությունը։ Ինչպես խոստովանել են ԵՄ երկրների դիվանագետները, անգլո-սաքսոնները ճնշում են գործադրել նաև իրենց վրա, սակայն իրենք հրաժարվել են բացահայտորեն իրենց համերաշխությունը հայտնել այս ապօրինությունների հետ։ Իսկ Եվրամիության հիմնասյուն պետություններից մեկի դեսպանը խոստովանել է, որ ողջ այս գործողությունը ոչ միայն թույլատրել, այլև մտածել են ամերիկյան հատուկ ծառայությունները։

Մեկ ամիս անց փակված լրատվամիջոցների լրագրողները գրանցեցին իրենց նոր հեռուստաալիքը, սակայն եթեր դուրս գալուց մեկ ժամ անց այն եթերից անջատվեց Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխնախագահի նամակով՝ մնալով միայն YouTube-ում։ Սակայն ալիքը այնտեղից ևս վռնդեցին Զելենսկու՝ Google-ի գլխավոր գրասենյակ կատարած այցից մի քանի ամիս անց: Պատժամիջոցներ են կիրառվել անձամբ Վիկտոր Մեդվեդչուկի, նրա կնոջ՝ Օկսանա Մարչենկոյի և համախոհ Տարաս Կոզակի նկատմամբ։ Արդեն մայիսին Մեդվեդչուկը կալանավորվեց և տնային կալանքի ենթարկվեվ բացարձակապես շինծու գործով։

Այս ամենը իշխանության խոսնակների կողմից բացահայտորեն ներկայացվեց որպես «ռուսական ազդեցության վերացում պատերազմի պայմաններում»։ Ավելին, հրապարակվում էին հարցումներ, ըստ որոնց՝ իբր ուկրաինացիների մեծամասնությունը պաշտպանում է «Կրեմլի հինգերորդ շարասյան» դեմ պայքարը։

Անտեսվեցին Վլադիմիր Պուտինի հուլիսյան մտորումները[8], թե Արևմուտքի աջակցությամբ Ուկրաինայի իշխանությունները հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։ Ավելին, օգոստոսին, կրկին անօրինական պատժամիջոցների մեխանիզմով, Ուկրաինայի նախագահի հրամանագրով փակվեցին մի շարք առցանց լրատվամիջոցներ, որոնք կապված չէին Մեդվեդչուկի հետ, սակայն քննադատում էին ազգայնականությունն ու արևմտյան կողմնորոշումը։

Վերջինը՝ 2022 թվականի փետրվարի 11-ին, փակվեց Եվգենի Մուրաևի «Наш» հեռուստաալիքը, որին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը նախօրեին մատնանշել էր որպես ապագա ռուսամետ խամաճիկ կառավարության վարչապետ։ Հասկանալի է, որ դա ոչինչ չէր փոխում, քանի որ հատուկ ռազմական գործողության հետ կապված բոլոր որոշումներն արդեն կայացված էին, բայց դա ակնհայտորեն վստահեցնում էր Կրեմլին, որ իր ծրագրերին այլընտրանք չկա։

Իրականում, արդեն 2021 թվականի սկզբին Զելենսկին ավարտեց ուկրաինական հողում խաղաղության հաստատման համար իշխանությունից հրաժարվելու պատրաստ (ինչպես նա ասում էր երդմնակալության ժամանակ) միամիտ և անփորձ նորեկից ամբողջական վերափոխումը քաղաքական գործչի, ով սերտ համագործակցում  է Լոնդոնում և Վաշինգտոնում ամենառադիկալ ռուսաֆոբների հետ։ Ռուսաստանն այլևս չուներ գործիքներ և հույս էվոլյուցիոն ճանապարհով իրավիճակը փոխելու։ Թեև նույնիսկ առանց «մեծ գործարքի» էլ, եթե Արևմուտքը թույլ տար, որ իրավիճակը ընթանա իր հունով, ուկրաինական քաղաքական համակարգը կվերադառնար հավասարակշռող հակամարտությանը արևմտամետ և պայմանականորեն ռուսամետ ուժերի միջև: Դժվար թե Մոսկվան կարողանար իր կողմը գրավել երկիրը, սակայն խնդրի սրությունը մեծապես կնվազեր։

Դժվար է մարդկային կորուստների հանգեցնող որևէ որոշում կայացնել, բայց անհնար է հերքել, որ Ուկրաինայում ներքին գործընթացը արտաքին ուժերի կողմից գիտակցաբար ուղղորդվում էր նրան, որ Մոսկվայի համար միակ իրական, հակամարտությունից զերծ այլընտրանքը դառնար վերջին մի քանի տասնամյակի ընթացքում հերթական աշխարհաքաղաքական նահանջը։

Թարգմանությունը՝ Արփի Մադոյանի

[1] Եվրամայդան – 2013-2014 թթ. ձմռանը Ուկրաինայում արևմտամետ ուժերի կողմից սկսված քաղաքական գործընթաց, որը հանգեցրեց իշխանափոխության։ Ցույցերով և փողոցային բախումներով ուղեկցվող իշխանափոխությանն ամբողջությամբ աջակցում էին ԵՄ և ԱՄՆ-ն։

[2] G7 – «Մեծ յոթնյակի» երկրներ քաղաքական ֆորում, որը միավորում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան։

[3] «Կանաչներ» – Նախագահ Զելենսկու կուսակցությունը խորհրդանշող գույնը կանաչն էր, որը հիմնված էր նախագահի ազգանվան բառախաղի վրա։

[4] Ռադա – ուկրաինական խորհրդարանը։

[5] Նկատի ունի ՌԴ-Ուկրաինա պատերազմը, որը մեկնարկել է 2022 թ. փետրվարի 24-ին։

[6] Հետման – պատմականորեն կազակական զորքերի ընդհանուր հրամանատար։ Այստեղ նկատի ունի՝ նախագահ Պ. Պորոշենկոյին (Ուկրաինայի նախագահ 2014-2019 թթ.)։

[7] Ֆ. Դոստոևսկու «Հանցագործություն և պատիժ» վեպի գլխավոր հերոսը։

[8] Նկատի ունի ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից 2021 թ. հուլիսի 12-ին հրապարակված «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *