Արցախ

Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի հիմնական արդյունքները

17 / 08 / 2023

Երեկ ՝ օգոստոսի 16-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9397-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Քննարկման ընթացքում տրամագծորեն տարբեր գնահատականներ են հնչել պետությունների կողմից։ Կարևոր է ուշադրություն դարձնել երկու հիմնական ասպեկտների վրա. նախ, մեծ մասամբ արված հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական և տեղեկատվական աշխատանքի արդյունք էին։ Երկրորդ ՝ նիստը գործնական արդյունքներ չունեցավ։ Այս երկու հարցերին հակիրճ կանդրադառնանք մեր հոդվածում:

Հայաստանը, Արցախը, Սփյուռքը մի կողմից, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ՝ մյուս կողմից, ակտիվ դիվանագիտական և տեղեկատվական աշխատանք էին տանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաշեմին. միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելը, Եվրոպայում և ԱՄՆ-ում բողոքի ակցիաների կազմակերպումը, ինչպես նաև դիվանագետների հետ հասցեական աշխատանքը խոսույթների պայքար էր: Հայկական կողմի խոսույթը հիմնված էր այն բանի վրա, որ Ադրբեջանը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, թույլ չտալով մատակարարել սննդամթերք և դեղորայք և այդպիսով իրականացնելով ցեղասպանություն։ Ադրբեջանի խոսույթը հիմնված էր այն բանի վրա, որ ոչ մի շրջափակում չկա, Լեռնային Ղարաբաղը նույնիսկ Հայաստանի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, ուստի նման հայտարարությունները միջամտություն են իր ներքին գործերին։

Արդյունքում ինչպե՞ս արտահայտվեցին պետությունների ներկայացուցիչները

Նախ կարևոր է նշել, որ Անվտանգության խորհրդի 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից բացի նիստին մասնակցում էին ևս երեք կողմեր ՝ Հայաստանը, որը խնդրել էր նիստ գումարել, Ադրբեջանը, քանի որ քննարկվում է «նրա տարածքում» տիրող իրավիճակը, Եվրամիությունը, որը բանակցությունների հիմնական միջնորդն է և դիտորդական առաքելություն է տեղակայել Հայաստանի և Արցախի սահմանին, ինչպես նաև Թուրքիան, որը, չունենալով ծանրակշիռ պատճառներ, ինչպես մյուս արտաքին կողմերը, նույնպես ներկա էր և ելույթ ունեցավ նիստին։

Միջանցքի արգելափակման հաստատում և այն ապաշրջափակելու կոչեր Ադրբեջանին․ նման ձևակերպումներով են հանդես եկել հետևյալ երկրները՝ Ֆրանսիան, Մալթան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և Մոզամբիկը: Այս, ինչպես նաև մի շարք այլ երկրներ պնդել են միջազգային դատարանի որոշման կատարման անհրաժեշտությունը և կոչ են արել կողմերին աջակցել ԿԽՄԿ գործունեությանը։ Հատկանշական է, որ այս  համատեքստում կոչեր են հնչել նաև Հայաստանին, այլ ոչ միայն Ադրբեջանին, որը սաբոտաժի է ենթարկում կազմակերպության գործունեությունը:

Առանց հասցեական նշման միջանցքի փակման հարցում իրենց մտահոգությունն են հայտնել Ճապոնիան, Ռուսաստանը։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով ոչ մի կոչ չի հնչել Թուրքիայից և Ալբանիայից։ Հիշեցնեմ, որ վերջին երկիրը Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ պետությունների հետ միասին սաբոտաժ էր արել մի քանի տարի առաջ Արցախի հարցով նմանատիպ նիստի անցկացումը։

Խաղաղության և բանակցությունների սովորական կոչեր են հնչել ԱՄԷ-ից և պետությունների մեծ մասի կողմից։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել հետագա կարգավորման հարցում. հիմք պետք է ծառայեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունները:

Հատկանշական է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները համընկել են մեկ կետի շուրջ․ մասնավորապես՝ Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ լրացուցիչ երթուղու օգտագործման հարցի քննարկում։ Նրանց միացել են Բրազիլիան, Թուրքիան և Ալբանիան։ Ընդ որում, ոչ ոք չի ընդգծել, որ այդ ճանապարհը պետք է այլընտրանքային լինի Լաչինի միջանցքի համար։ «Այլընտրանքային» տրամաբանությանը դեմ է հանդես եկել ԵՄ ներկայացուցիչը՝ հստակ նշելով, որ նման տրամաբանության մեջ չի կարելի դիտարկել տվյալ հաղորդակցությունները։

Հետաքրքիր է նաև, որ չնայած աշխարհում բևեռացմանը, Արևմուտքի ներկայացուցիչներից չի հնչել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության դատապարտություն՝ կատարվածի պատասխանատվությունը բարդելու նպատակով։ Ռուսական կողմից էլ ոչ մի դատապարտություն չի հնչել ԵՄ առաքելության հասցեին։

Դարձա՞ն արդյոք նիստի արդյունքները հաջողություն հայկական դիվանագիտության համար 

Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչ խնդիրներ է դրել իր առջև։ Նախ՝ սովի օգտագործումը որպես քաղաքացիական բնակչության դեմ պատերազմի մեթոդ դատապարտելը։ Երկրորդ ՝ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարման պահանջը։ Երրորդ ՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության և անվտանգության ապահովումը։ Չորրորդ՝ ԿԽՄԿ-ի հետ լիարժեք համագործակցության պահանջն ու մարդասիրական օգնության տրամադրումը։ Եվ հինգերորդ՝ կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Առաջին չորս հարցերի վերաբերյալ մասամբ հայտարարություններ հնչեցին։ Վերջինի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Ավելին, այն, որ չի ընդունվել  այդ հարցերի վերաբերյալ  ամփոփիչ հայտարարություն, առավել ևս՝ բանաձև, ցուցիչ է այն բանի, որ հայկական կողմը չի հասել դրված նպատակներին։

Ավելին, Հայաստանն ինքը չի պահանջել որևէ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս իմաստով այլ երկրներից նման բան ակնկալել առավել ևս չարժե։ Այդ պատճառով Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց և որևէ պահանջ կատարելու պարտադրանք ևս չի կիրառվել։ Ուստի հայկական դիվանագիտության հաջողությունը նույնպես հնարավոր չէ արձանագրել։

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող,

պ․գ․թ, արևելագետ Սերգեյ Մելքոնյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *