Անջատողական Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը Հյուսիսային Կիպրոսում իր խաղաղապահ ուժերի հետագա գործունեությունը շարունակելու համար պետք է ստանա իրենց համաձայնությունը։ Այս մասին «BRT1» ալիքին տված hարցազրույցում հայտարարել է այդ «հանրապետության» արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն։ Վերջինս հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ին դիմում է ներկայացվել Հյուսիսային Կիպրոսում խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված համաձայնագիր կնքելու վերաբերյալ։
Ըստ Թ․ Էրթուղրուլօղլուի՝ իրենք հայտնել են ՄԱԿ-ին, որ խաղաղապահ ուժերը չեն կարող գործել Հյուսիսային Կիպրոսի տարածքում հունական կողմի համաձայնությամբ, և որ միակ մարմինը, որ իրավասու է այդ թույլտվությունը տալ, իրենք են։ Ըստ Թ․ Էրթուղրուօղլուի՝ իրենք մեկ ամսվա ընթացքում պատասխանի են սպասելու ՄԱԿ-ից համաձայնագրի հարցում։
«Եթե պատասխանը բացասական լինի, մենք հետ չենք կանգնելու որոշումներից, որոնց ընդունումն անհրաժեշտ է»,-հայտարարել է Թ․ Էրթուղրուլօղլուն։ Նշելով, որ ինքնիշխան հավասարության, հավասար միջազգային կարգավիճակի և պաշտոնապես ճանաչման քաղաքականության հարցում այլևս առաջվա պես գոյություն չունեն «ՄԱԿ-ին որպես հյուր հետևելու ճոխությունները», անջատողական հանրապետության արտգործնախարարը հայտարարել է․ «Մենք պահանջում ենք ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերից հարգանք ցուցաբերել մեր կարգավիճակի նկատմամբ և այդ հարգանքին համապատասխան մեզ հետ համաձայնագիր ստորագրել։ 1974 թ․-ից վեր՝ այստեղ ենք ապրում թուրք զինվորների ապահոված երաշխիքների շնորհիվ։ Եկեք չչափազանցեցնենք ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի դերը՝ «եթե նրանք գնան, կորած ենք» ասելով։ Եթե գնում են, թող գնան»։
Անհրաժեշտ է նշել, որ այս համարձակության և չճանաչված հանրապետությունում տիրող ոգևորության պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում, որում նա պահանջեց վերջ տալ «կիպրոսցի թուրքերի հանդեպ անարդարությանը» և կոչ արեց «շուտափույթ ճանաչելու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։ Անդրադառնալով նաև Ռ․ Թ․ Էրդողանի այս հայտարարությանը՝ Թ․ Էրթուղրուլօղլուն այդ օրն անվանել է «պատմական օր», որը կիպրոսցի թուրքերի համար տոնի համահավասար իրադարձություն է, քանի որ նրա խոսքերով՝ մինչ այդ Հյուսիսային Կիպրոսը միջազգային հարթակներում ճանաչման հարցը չի բարձրաձայնել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի բնակչության դեմ Ադրբեջանի վերջին լայնածավալ պատերազմից հետո ակտիվորեն սկսեց քննարկվել հայ-ադրբեջանական սահմանին ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը՝ առանց հստակեցնելու, թե որը պետք է լինի այս խաղաղապահների գործառույթն Ադրբեջանի հերթական պատերազմական հարձակման և ՀՀ ինքնիշխան տարածքից նոր տարածքներ զավթելու դեպքում։ Եվ կա՞ արդյոք երաշխիք, որ Ադրբեջանը չի պահանջի իր հետ համաձայնեցնել խաղաղապահների տեղակայումը սահմանին, իսկ այնուհետև առհասարակ գրավված տարածքները հայտարարելով սեփական տարածք՝ չի պահանջի խաղաղապահների դուրսբերում, ինչպես դա տեսնում ենք Հյուսիսային Կիպրոսի օրինակով։