Հարցազրույց

Ի՞նչ սպասել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի լսումներից

03 / 02 / 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-ից 31-ը կայացած Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի լսումների վերաբերյալ ակնկալիքների, իրավական լծակների մասին ընթերցե՛ք «Հայկական ալիք»-ի նոր հարցազրույցում` իրավապաշտպան Անի Աղագյուլյանի հետ:

Լսումների ժամանակ ադրբեջանական կողմն առաջ էր քաշում թեզ, ըստ որի՝ հայկական կողմն ականներ է տեղադրել Արցախի բռնազավթված քաղաքացիական տարածքներում՝ ընդ որում հայկական արտադրության, որոնք իբրև թե տեղափոխվել են Լաչինի տարածքով: Սրանով փորձ է արվում արդարացնել միջանցքի փակումը՝ չնայած որ միջանցքի փակման թեմային չեն անդրադարձել: Ի վերջո ո՞րն է Ադրբեջանի նպատակը:  

Սկսենք նրանից, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատարանն է, որը վարում է միջպետական գործեր։                                      

Հունվարի 30-ին և 31-ին Արդարադատության դատարանը լսում էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու մասին պահանջները։ Դա մի ընթացակարգ է, որով դատարանը կարող է պահանջել պատասխանող կոմից՝ զերծ մնալ որոշ գործողություններից կամ ձեռնարկել որոշակի քայլեր, որպեսզի դադարեցվեն խախտումները։ Հայաստանի ու Ադրբեջանի միջանկյալ միջոցների մասին դիմումները ներկայացված էին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։

Ադրբեջանն առաջին հերթին, ինչպես միշտ, առաջ էր տանում իր մշտական փաստը՝ իբրև Արցախն ու 2020 թվականին Արցախի օկուպացված տարածքներն Ադրբեջանին են պատկանում՝ ըստ միջազգային իրավունքի։ Նպատակը նույնն է, ինչպես միշտ է եղել՝ առաջ տանել իրենց թեզն առ այն, որ իբրև Ադրբեջանն ու ադրբեջանցիները զոհ են, իսկ Հայաստանը՝ ագրեսոր։ Այս թեզն առաջ է տարվում ավելի քան երեսուն տարի։ Սակայն ոչ մի անգամ Ադրբեջանը Հայաստանի կոմից չի ստացել արժանի պատասխան, մինչև Հայաստանը 2020թ-ից սկսած չդիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոցներ։ Դժվար է կոտրել երեսուն տարի առաջ տարվող փաստն առ այն, որ իբր Հայաստանը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և համոզել միջազգային հանրությանը, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ներկայիս դրության մեջ ավելի կարևոր է։

Դիմելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ Ադրբեջանն ակնկալում է ստեղծել նախադեպ և դրանով իրավական դաշտում ամրացնել իր թեզը։ Չափազանց կարևոր է Ադրբեջանին տալ արժանի պատասխան, որպեսզի Արցախի անկախության հարցը, Ադրբեջանում արմենոֆոբիայի տարածման հարցը և նաև շարունակվող ցեղասպանության հարցը չփակվեն միջազգային կառույցներում։

Որքանո՞վ են արդյունավետ հայկական կողմի՝ դատարանում ցուցաբերած դիրքորոշումը, փաստարկները: 

Չեմ սիրում գնահատել կողմերի ներկայացման արդյունավետությունը, քանի որ երբեմն դատարանների որոշումները բերում են անակնկալների։ Սակայն լսելով երկու կողմերի փաստարկները՝ կարող եմ ասել, որ Հայաստանն Արդարադատության դատարանում ջախջախել է Ադրբեջանի փաստարկները հատ առ հատ։

Էլ ի՞նչ կարող է անել հայկական կողմը որևէ արդյունքի հասնելու համար: 

Կախված է նրանից, թե որ հարցում ենք մենք ուզում հասնել արդյունքի։ Բացի Մարդու իրավունքների միջազգային տարբեր կառույցներից (օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների տարբեր կոմիտեներ), կան նաև, այսպես կոչված, քաղաքական մեխանիզմներ՝ օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը կարող է ընդունել արձանագրություններ՝ Ադրբեջանի դեմ։ Բացի այդ, կա նաև միջազգային քրեական իրավունքը՝ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանը, միջտարածքային քրեական իրավասությունը (extraterritorial criminal jurisdiction)։ Սակայն պետք է նշել, որ միջազգային իրավական մեխանիզմներից օգտվելուց բացի, անհրաժեշտ է, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը լինի նույն գծի վրա։ Հիմա ամենակորևոր աշխատանքը տանում է Եղիշե Կիրակոսյանի թիմը։ Մի քանի շաբաթ առաջ նա ՄԱԿ-ի Արդարադատության դատարան է ներկայացրել Ադրբեջանի դեմ վերջնական գանգատը։ Սա արդեն միջանկյալ միջոցներ կիրառելու մասին գանգատ չէ, այլ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի ամբողջական գործ, որը լսելուց հետո դատարանը կայացնելու է որոշում՝ ստեղծելով Ադրբեջանի նկատմամբ համապատասխան պարտականություններ։

-Ի՞նչ հետևանքներ կունենան այս գործընթացները Հայաստանի և Ադրբեջանի համար: 

Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է  պարտավորեցնել Հայաստանին՝ դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ ԼՂ «ականները տեղափոխելու համար»։ Եթե դատարանը բավարարի այս պահանջները, Հայաստանը կկրի պատասխանատվություն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, ինչպես նաև Արցախի մնացյալ տարածքներում տեղադրված ականների համար։ Բացի այդ, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կճանաչի, որ Հայաստանը պատասխանատու է Արցախի տարածքում Արցախի կողմից Ադրբեջանի կամ ադրբեջանցիների նկատմամբ միջազգային և մարդասիրական իրավունքի խախտումների համար։ Բացի այդ, Ադրբեջանը կստանա ազատություն և կհսկի Լաչինի միջանցքն ընդմիշտ, ինչը, կարծում եմ՝ շատ վտանգավոր հետևանքներ կառաջացնի Արցախի համար։ Հաշվի առնելով դատարանում Հայաստանի ներկայացուցիչների ելույթը՝ հույս ունեմ, որ դատարանը կմերժի Ադրբեջանի պահանջն ամբողջությամբ։                                                                                       

Հայաստանն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել ենթադրյալ «բողոքի ակցիայի» կազմակերպումն ու աջակցությունը և անխափան ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: Կարծում եմ՝ այստեղ բացատրությունն ավելորդ է։ Հայաստանի պահանջը շատ հստակ է և պարզ՝ Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը։

Ի՞նչ լծակներ ունի դատարանը՝ Ադրբեջանին ստիպելու բացել միջանցքը, եթե այդպիսիք կան:

Դատարանը չունի ուղիղ լծակներ՝ վճիռների կատարումն ապահովելու համար։ Դատարանի որոշումներն ունենում են ավելի շատ քաղաքական հետևանքներ, պետություններն ու միջազգային կազմակերպությունները կարող են կիրառել, օրինակ, սանկցիաներ՝ դատարանի որոշումը չկատարելու, և, որպես հետևանք, միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար։ ՄԱԿ-ի ԳԱ-ն կարող է ընդունել արձանագրություն՝ պահանջելով ամբողջությամբ կատարել դատարանի որոշումները։ Ամեն դեպքում պետությունները մինչ օրս կատարում էին դատարանի որոշումները։ Սակայն պետք է նշել, որ մոտ մեկ տարի առաջ, երբ դատարանը լսում էր Ուկրաինայի միջանկյալ միջոցների մասին դիմումն ընդդեմ Ռուսաստանի, Ռուսաստանը նիստին չի ներկայացել։ Մինչ օրս նաև չի կատարել դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցները։ Նաև ցանկանում եմ նշել, որ դատարանի որոշումը եղել է քննադատության առարկա։ Դատարանի որոշումներն ունեն նաև իրավական հետևանքներ․ միջազգային իրավունքի մակարդակում ամրագրվում է այս կամ այն պետության հանդեպ պարտականությունները, մարդու իրավունքների խախտման փաստը և այլն։

Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Եթե ՄԱԿ-ի Արդարատության դատարանը միջոցներ չձեռնարկիհայկական կողմի հաջորդ քայլը ո՞րն է լինելու, որովհետև ակտիվ շրջանառվում է այն թեզը, որ հենց այդ ատյանը վերջին հույսն է:  

Չեմ կարծում, որ մեր դիմումը կմերժվի դատարանի կողմից։ Իսկ եթե մերժվի, դա դեռ չինշանակում, որ դատարանի դռները փակ կլինեն մեզ համար։ Կարծում եմ՝ այս հարցին ավելի լավ կպատասխաներ պարոն Կիրակոսյանը։                                                                                              

Բացի այդ, կա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ում որոշ քաղաքական մարմիններ։ Սակայն այդ մարմինների կողմից գործողություններ ակնկալելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիվանագիտական և իրավական լծակներ օգտագործի։ Ցավոք, ՄԱԿ-իԱնվտանգության խորհրդում մենք ունեցել ենք երկու հնարավորություն՝ բարձրաձայնելու Լաչինի շրջափակման հարցը, և չենք գործադրել բավարար ջանքեր՝ լուրջ որոշումներ կայացնելու համար։ Բացի այդ, կան նաև տարածաշրջանային միջազգային կառույցներ, որտեղ առաջին հայացքից ավելի շատ աշխատանք է կատարվել։ Չնայած կարծում եմ՝ այստեղ ավելի շատ պետք է շնորհակալ լինել հայկական Սփյուռքին։

Արդյոք քաղաքակիրթ աշխարհը կկարողանա՞ քայլեր ձեռնարկել թուրք-ադրբեջանական էթնիկ զտման և խտրական քաղաքականության դեմ, քանի որ ԵՄ-ն էլ հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ հիմա պատժամիջոցներ չեն կիրառելու: Մի՞թե իրավական գործիքակազմը կարող է արդյունավետ լինել այս պարագայում:

ԵՄ-ի հայտարարության մասին չեմ լսել, եթե այն նոր է։ Վերջերս ԵՄ-ը հակառակն է ասել և ընդունել է արձանագրություն Ադրբեջանի դեմ։ Բացի այդ, եթե ԵՄ-ն ունի տնտեսական կախվածություն Ադրբեջանից, ապա ՄԱԿ-ը և նրա կառույցները՝ ոչ։ Ես գտնում եմ, որ անկախ ԵՄ-ի դիրքորոշումից՝ մենք պետք է հնարավորինս օգտվենք միջազգային իրավունքով մեզ տրված մեխանիզմներից։ Ի վերջո նրանք արձանագրում են փաստեր և դրանով գրում պատմություն։ Պետք չէ, որ որևէ միջազգային կառույց ունենա միայն «ադրբեջանական հետքեր»։ Վաղ թե ուշ Արցախի հարցը պետք է լուծվի, և այդ փաստաթղթերը մեզ կօգնեն այն լուծել ի շահ մեզ։                                                                                                                      Վերջապես, նշեմ կրկին, որ եթե մենք ուզում ենք միջազգային իրավունքը գործի, և մեր միջազգային իրավունքի մասնագետների աշխատանքն արդյունավետ լինի, պետությունը պետք է դիվանագիտական և այլ լծակներով առաջ տանի Հայաստանի օգտին ընդունված փաստաթղթերը։

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *