Արցախ

Թշնամու կողմից ավերված 5 եկեղեցիներ Արցախի օկուպացված տարածքներում

18 / 04 / 2023

Ապրիլի 18-ին միջազգայնորեն նշվում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, որի մասին որոշումը ընդունվել է 1983թ․-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։

Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել, որ 2020թ․-ի նոյեմբերի կապիտուլյացիոն պայմանագրով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են գտնվում հայկական հազարավոր պատմամշակութային հուշարձաններ ու մի քանի հարյուրամյա եկեղեցիներ՝ մոռացության ու անուշադրության մատնված «քաղաքակիրթ» միզազգային հանրության ու կազմակերպությունների կողմից։ Թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մի քանի անգամ կոչեր են հնչել Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը վերջ դնելու համար և խոստումներ են եղել առաքելություն ուղարկելու, սակայն որևէ առաքելություն այդպես էլ չի ժամանել՝ ազատություն տալով ագրեսորի վանդալիստական գործողություններին։ «Հայկական ալիքը» ձեր ուշադրությանն է ներկայացնում Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնող 5 եկեղեցիներ, որոնք լիովին կամ մասամբ ավերվել են թնամու կողմից։

Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցի

2020թ․-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերին, թշնամին ավերել էր եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։ 2022թ․-ի հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ահազանգեց, որ թշնամին լիովին ավերել է Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին և այն վերանորոգման անվան տակ վերածում է ուղղափառ եկեղեցու։

Շուշիի պատմական Վերին կամ Նոր թաղում գտնվող սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին սկզբնապես կառուցվել է Ներքին Թաղից Շուշի տեղափոխված համայնականների կողմից (1818թ․), իսկ նախքան թշնամու կողմից ավերումը գոյություն ունեցած եկեղեցին և զանգակատունը կառուցվել են 1847 թ․-ին՝ որպես մի ամբողջական համալիր։ Եկեղեցին Կանաչ ժամ անունն ստացել է այն պատճառով, որ ժամանակին կառույցի գմբեթը եղել է կանաչ գույնի։ Խորհրդային շրջանում Կանաչ ժամը ադրբեջանցիները օգտագործում էին որպես հանքային ջրերի ըմպելասրահ։ Շուշիի ազատագրումից հետո՝ 1995 թ․-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նորոգման աշխատանքների ժամանակ վերականգնվել են եկեղեցու գմբեթները, շքամուտքը, ամբողջացվել է ներքնատեսքը:

Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

2020 թվականի պատերազմի հետևանքով Մեծ Թաղեր գյուղը, ինչպես և ամբողջ Հադրութի շրջանը օկուպացված են Ադրբեջանի կողմից: 2021 թվականին ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում հայտնված տեսանյութից երևում է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մուտքի դռները ջարդված են, եկեղեցու ներսը՝ աղտոտված, փորձել են քերել, վնասել մուտքի բարավորի արձանագրությունը: Վնասված են հյուսիսային պատին կից գտնվող տապանաքարերը։ Թշնամին հողին է հավասարեցրել նաև Մեծ Թաղեր գյուղի 19-րդ դարի գերեզմանատունը։

Մեծ Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1846 թվականին։

Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

2021 թ․-ի մարտի 25-ին BBC World News լրատվամիջոցի հրապարակումով տարածվեց տեղեկատվություն, որ  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում էր Մեխակավան (Ջրական) բնակավայրում և Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտնվել ադրբեջանական օկուպացիայի տակ, անհետացել՝ հիմնատակ ավերվել է թշնամու կողմից։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2013 թվականին, ավարտվել և օծվել է 2017 թվականին։ Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորել էր բարերար Գրիգոր Մովսիսյանը, եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարել էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Եկեղեցու կառուցման հիմնական նպատակն է եղել ստեղծել հոգևոր կառույց, որը կծառայեր զինվորներին, սպաներին և նրանց ընտանիքներին։

Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի

2022 թվականի հոկտեմբերի 11-ի ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվեց, որ Ադրբեջանը հավանաբար 2022թ․-ի մարտից հուլիսն ընկած ժամանակահատվածում հիմնահատակ ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։

Եկեղեցու կառուցման հավանական ժամանակը՝ 18-19-րդ դարեր։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

2020 թվականի պատերազմի ընթացքում՝  հոկտեմբերի 8-ին, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծվել էր թշնամու կողմից, վնասվել էին եկեղեցու գմբեթը, խաչաթևերի տանիքները։ 2021թ․-ի մայիսի 4-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգեց, որ այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Համացանցում տարածվեցին եկեղեցու նկարները՝ ապամոնտաժված սրածայր գմբեթով, որի փոխարեն կլոր կառույց էր տեղադրվել։ Եկեղեցին հռչակելով ալբանական՝ թշնամին այն «վերանորոգելու և օրինական տերերին փոխանցելու» քողի տակ՝ խեղում է տաճարի ճարտարապետական կերպարը։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները եկեղեցին վերածել էին ռազմապահեստի: Շուշիի ազատագրումից հետո ավերված գմբեթի և ողջ համալիրի վերականգնումն ավարտվել էր 1998 թվականին։

Հեղ.` Արփի Մադոյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *