Նորություններ

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելը խելամիտ չէ». Հ. Քիսինջեր

03 / 10 / 2022

«Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինան ՆԱՏՕ-ին միացնելու Վաշինգտոնի փորձերը խելամիտ չէին»,- ուրբաթ օրը` սեպտեմբերի 30-ին, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Ելույթ ունենալով ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի հրավերով՝ 99-ամյա դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը փորձել է խորհրդային բլոկի բոլոր նախկին անդամներին անխտիր առնել իր հովանու տակ՝ Բեռլինի պատի փլուզումից հետո, և որ «Եվրոպայի կենտրոնի և Ռուսաստանի սահմանների միջև ընկած ամբողջ տարածաշրջանը բաց էր վերակազմավորման համար»:

«Ռուսական տեսանկյունից, ԱՄՆ-ը այնուհետև փորձեց ինտեգրել այս ողջ տարածաշրջանը, առանց բացառության, Ամերիկայի կողմից առաջնորդվող ռազմավարական համակարգի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս զարգացումը հիմնականում վերացրել է Ռուսաստանի պատմական «անվտանգության գոտին»:

Հ. Քիսինջերն այսպիսով ընդգծել է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու փորձը խելամիտ քաղաքականություն չէր Ամերիկայի կողմից»:

Քիսինջերն ասել է, որ չգիտի՝ արդյոք հնարավոր է հաշտություն կնքել Ռուսաստանի առաջնորդի հետ, բայց ընդգծել է, որ Արևմուտքը «պետք է հնարավորություն փնտրի այնպիսի պայմանավորվածության համար, որը երաշխավորում է Ուկրաինայի ազատությունը» և երկիրը պահում է որպես եվրոպական համակարգի մաս։

Չնայած դրան, նախկին պետքարտուղարն ազդարարել է, որ վաղ թե ուշ Արևմուտքն ու Ռուսաստանը պետք է երկխոսեն։ «Որոշակի երկխոսություն, գուցե ոչ պաշտոնական մակարդակով կամ հետախուզական, շատ կարևոր է», – կրկնել է նա՝ հավելելով, որ «միջուկային միջավայրում» նման արդյունքը գերադասելի է «ռազմադաշտի որոշումից»։

Ինչպես կարելի է հասկանալ, Արևմուտքը ևս բազմաշերտ է, և բազմաշերտ է նաև ամերիկյան գիտական էլիտան: Հ. Քիսինջերը տարիներ շարունակ եղել է ամերիկյան արտաքին քաղաքական գծի գլխավոր մշակողներից և այժմ բավականին հաճախ է բարձրաձայնում այն թեզը, որ ԱՄՆ երբեմնի արտաքին քաղաքականությունն ու այժմյանը բավականին տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, պակասում է ճկունությունը` իր տեղը զիջելով անվերջանալի առճակատումների մղմանը:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *