Ինֆոգրաֆիկա

Եվրոպայի միասնությունը քայքայվում է

18 / 07 / 2022

2022 թ. փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո Եվրոպայում հասարակական տրամադրություններում տիրող միասնությունն ու վճռականությունը՝ ընդունելու ուկրաինացի փախստականներին, կոշտ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ կիրառելու ՌԴ-ի նկատմամբ, աննախադեպ էին: Սակայն, կարծես թե, այս միասնությունը ու վճռականությունը, քայքայվում է: Այդ մասին են խոսում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրությունները։

Պատերազմը մոտենում է իր հինգերորդ ամսին, և հարց է առաջանում՝ արդյոք եվրոպական միասնականությունը տևական կլինի, թե՞ ԵՄ երկրների միջև և դրանց ներսում ճեղքեր կսկսեն առաջանալ:

Մայիսի կեսերին, երբ ԵՄ քաղաքացիները կարող էին ավելի սառը դատել պատերազմի մասշտաբների մասին՝ շատ ավելի լավ գիտակցելով պատերազմի համաշխարհային տնտեսական և սոցիալական հետևանքները (բարձր գնաճ, էներգետիկ և պարենային ճգնաժամեր), եվրոպական խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկը՝ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը (European Council on Foreign Relations) համաեվրոպական հարցում է անցկացրել տասը երկրներում: Հարցումը, ըստ էության, չափում է եվրոպական հասարակության ճկունությունը և միասնությունը պատերազմի համատեքստում:

Հարցման արդյունքները բացահայտում են եվրոպական մի շարք  կառավարությունների հայտարարած դիրքորոշումների և նրանց երկրներում առկա հասարակական տրամադրությունների միջև աճող տարբերությունը: Այս անջրպետը մեծանում է նրանց միջև, ովքեր ցանկանում են հնարավորինս արագ ավարտել պատերազմը և նրանց միջև, ովքեր ցանկանում են շարունակել կռիվը այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի պարտվել: Այսպիսով, թեև եվրոպացիների մեծ մասը մեղադրում է ՌԴ-ին պատերազմը հրահրելու մեջ (ընդ որում, հարցվածների 15 տոկոսը պատերազմի բռնկման մեջ մեղավոր են համարում Ուկրաինա, ԵՄ կամ ԱՄՆ եռյակին) և հույս ունի, որ Ուկրաինան կհաղթի, կա հակասություն պատերազմի ավարտի սցենարների հարցում:

«Հայկական ալիքի» խմբագրությունը վերոնշյալ հետազոտության հիմնական արդյունքները արտացոլող ինֆոգրաֆիկա է պատրաստել, որը ներկայացված է ստորև։

Հարցումը ներառում է տարբեր բաժիններ, սակայն կարևոր է, որ եվրոպական բոլոր կառավարությունները տեսականորեն համաձայն են, որ ուկրաինացիները պետք է որոշեն՝ երբ դադարեցնել պատերազմը և համաձայնել խաղաղության տարբերակին: Սակայն հստակ տարաձայնություններ են ի հայտ գալիս հետևյալ հարցին պատասխանելիս. «արդյոք Եվրոպան պետք է ձգտի որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը, նույնիսկ եթե դա նշանակում է Ուկրաինան զիջումների գնալ», թե՞ «ամենակարևոր նպատակը Ռուսաստանին պատժելն է ագրեսիայի համար և վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նույնիսկ եթե նման ճանապարհը տանում է ձգձգվող հակամարտության և ավելի շատ մարդկային տառապանքների»: Ըստ տրված պատասխանի՝ եվրոպացիները բաժանվում են երկու հակադիր խմբի՝ պայմանական «Խաղաղության» և «Արդարության» ճամբարների։ Առաջինի կողմնակիցները խաղաղություն են ուզում հիմա՝ նույնիսկ Ռուսաստանին ուկրաինական զիջումների գնով։ Արդարության ճամբարը կարծում է, որ միայն Ռուսաստանի բացահայտ պարտությունը կարող է խաղաղություն բերել։

Նշված 10 երկրներում հարցվածների մեկ երրորդը (35 տոկոս) դիրքավորվում է «Խաղաղության ճամբարում», իսկ մեկ հինգերորդը (22 տոկոս) պատկանում է «Արդարության ճամբարին»: Եվս մեկ հինգերորդը (20 տոկոս) հրաժարվում է ընտրություն կատարել «Խաղաղության» կամ «Արդարության» միջև, բայց դեռևս հիմնականում աջակցում է ԵՄ գործողություններին:  «Տատանվողների» այս խմբի անդամները կիսում են «Արդարության ճամբարի» հակառուսական տրամադրությունները, բայց նաև անհանգստանում են հնարավոր էսկալացիայից՝ ինչպես «Խաղաղության ճամբարի» ներկայացուցիչները: Առաջիկա ամիսներին ճնշումը կմեծանա հենց այս խմբի վրա՝ նրանց այս կամ այն ճամբար ներքաշելու համար: Նրանց տեսակետները և ձայները կարող են վճռորոշ լինել Եվրոպայի հետագա քայլերը որոշելու համար:

Հետաքրքրական է, որ «Խաղաղության» և «Արդարության» ճամբարի անդամները առանձնահատուկ վերաբերմունք ունեն պատերազմի մեղավորների նկատմամբ: Խաղաղության ճամբարում ավելի քիչ են ՌԴ-ին մեղադրողները (64 տոկոս՝ «Արդարության ճամբարի» 86 տոկոսի համեմատ): Եվ երեք խմբերից ամենաշատ պատասխանատվությունը Ռուսաստանին են վերագրում «Տատանվողները» (92 տոկոս): Եվ հենց «Խաղաղության ճամբարն» է, որ Միացյալ Նահանգներին համարում է խաղաղության գլխավոր խոչընդոտ: Թեև ռուսամետ (կամ հակաամերիկյան) որոշ ընտրողներ կարող են լինել Խաղաղության ճամբարի մաս, դա «Խաղաղության ճամբարը» չի դարձնում Ռուսաստանի համար բարեկամական խմբավորում:

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա «Խաղաղության ճամբարը» կարծում է, որ ԵՄ-ն ավելի վատ վիճակում կլինի այս հակամարտության արդյունքում: Եվ սա կարող է լինել պատերազմը անհապաղ դադարեցնելու նրանց ցանկության պատճառը։

Հարցման ցուցանիշները հատկապես զգալի տարաձայնություններ են արձանագրում ռազմական ոլորտում։ Մասնավորապես, «Արդարության ճամբարը» (52-32 տոկոս) և «Տատանվողները» աջակցում են Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարին (49-31 տոկոս), մինչդեռ «Խաղաղության ճամբարը» դեմ է (59-24 տոկոս):

Այսպիսով, ուկրաինական հակամարտությունը վերածվում է երկարատև քայքայիչ պատերազմի և վտանգում է դառնալ եվրոպական հասարակության հիմնական բաժանարար գծերից մեկը: 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *