Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության հերթական նիստի ժամանակ վերահաստատել է Սիրիայի հյուսիում թուրքական զինված ուժերի կողմից նոր ռազմական գործողության մեկնարկելու մտադրությունը. «Մենք պատրաստվում ենք սկսել մեր հարավային սահմանի երկայնքով 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտու ձևավորման ուղղությամբ մեր մտադրության նոր փուլը»։
Նախագահ Թայիփ Էրդողանը հրապարակել է նաև նոր ռազմագործողության առաջին փուլի հիմնական թիրախները։ Առաջին հերթին նվաճվելու են սիրիական Թել Ռըֆաթի և Մանբիչի շրջանները, որից հետո, ըստ Թայիփ Էրդողանի խոսքերի, «քայլ առ քայլ նույնն անելու են այլ շրջաններում»։ Ըստ թուրքական պաշտոնական կողմի մեկնաբանության՝ ռազմագործողության նպատակը Թուրքիային սպառնացող ահաբեկչական վտանգներին դիմակայելն է։ Թեև հայտնի չեն ռազմական գործողության հստակ ժամկետները, սակայն դատելով թուրքական և քրդական զլմ-ներում արված հրապարակումներից, թուրքական ԶՈՒ-ն ավարտին է հասցրել նախապատրաստական աշխատանքը։ Այս մասին է վկայում նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունն առ այն, որ «Թուրքիայի ԶՈՒ-ն վճռական է իրականացնել» անհրաժեշտ գործողությունները։
Ըստ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության, ռազմագործողությունն ուղղված չէ հարևան երկրների տարածքային ամբողջականությանը, այլ ընդհակառակը, «լուրջ նպաստ է բերելու հարևանների հանգստությանն ու անվտանգությանը»։
Թուրքիայի նոր ռազմագործողությանը դեմ են արտահայտվել ՌԴ-ն և ԱՄՆ-ը: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մ. Զախարովան հունիսի 2-ին արված հայտարարության մեջ հայտնում է, որ ՌԴ-ն «տագնապով է ընդունել» օպերացիայի մասին հայտարարությունը, հույս հայտնելով, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք ուղղակիորեն կխախտեն Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը և կհանգեցնեն լրացուցիչ սրման: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը «զգուշացնում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային» չսկսել Սիրիայում ռազմական հարձակում՝ ասելով, որ դա վտանգի տակ կդնի տարածաշրջանը, և ԱՄՆ-ը կընդդիմանա ցանկացած քայլի, որը կարող է վտանգի տակ է դնել իր ջանքերը՝ իսլամիստների դեմ պայքարում: Չնայած տարածված մտայնությանը, թե ԱՄՆ-ը կամ ՌԴ-ն կարող են միանշանակ զսպել Թուրքիայի ծավալապաշտական գործողությունները, վերջինս ակտիվորեն պատրաստվում է ռազմական գործողություններին:
Թուրքիան հարևան Սիրիայի հյուսիսային շրջաններում այսպես կոչված «անվտանգության գոտի» ձևավորելու մտադրության մասին խոսում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր, իսկ այդ ուղղությամբ ռազմական գործողությունները իրականացրել է տարբեր ինտենսիվությամբ և պարբերությամբ։
Թուրքիան 2016 թվականից ի վեր Սիրիայում իրականացրել է ռազմական երեք խոշոր գործողություն («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության աղբյուր»), որի արդյունքում թուրքական ԶՈՒ և դրա հետ փոխկապակցված զինված խմբավորումների փաստացի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի ավելի քան 8800 քառակուսի կմ։ Նշված գրավյալ շրջաններում քաղաքացիական և ռազմական իշխանությունն իրականացվում է Թուրքիայի պետական տարբեր գերատեսչությունների կողմից։ Թուրքական օկուպացիայի արդյունքում փոխվել է նվաճված տարածքների ժողովրդագրական պատկերը, որոնց արդյունքում հիմնականում քրդաբնակ շրջանները զրկվել են իրենց բնիկ ժողովրդից։