Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգի՝ Սիրիային սահմանակից Քարքամըշ շրջանի որոշ մզկիթներից հայտարարություն է հնչել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկի մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր․«Քիչ անց թուրքական բանակը PKK (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկչական կառույցի դեմ ռազմական գործողություն է իրականացնելու։ Բոլորին հորդորում ենք չվախենալ և մնալ տներում»։
Եվ՛ Թուրքայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, և՛ Գազիանթեփի նահանգապետ Դավութ Գյուլը հերքել են ռազմական գործողության մեկնարկի մասին լուրերը։ Սոյլուն մասնավորապես նշել է․«Քիչ առաջ խոսեցի նահանգապետի հետ։Փողոց դուրս գալու արգելքի մասին խոսք չկա։ Որքան հասկանում եմ, միայն մի փոքր նախազգուշացում պետք է լիներ, ենթադրում եմ, որ արվել է հայտարարություն, որը գերազանցել է իր նպատակները։ Նման հարցերում այստեղի պետական պաշտոնյաներին զգուշացնում եմ սառնասրտություն դրսևորել»։ Իսկ նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Նշենք, որ նույն օրը՝ օգոստոսի 16-ին, լուրեր էին տարածվել, որ PKK-ն ականանետային հարձակում է իրականացրել Քարքամըշի շրջանի վրա։ Գազիանթեփի նահանգապետ Դավութ Գյուլը իր թվիթերյան էջում գրել էր․«Քարքամըշի շրջանի վրա PYD/YPG ահաբեկչական կառույցի կողմից ականանետային արկ է նետվել։ Զոհ կամ վիրավոր չկա։ Հարձակմանը համարժեք պատասխան է տրվել»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության հերթական նիստի ժամանակ հայտնել էր Սիրիայի հյուսիում թուրքական զինված ուժերի կողմից նոր ռազմական գործողության մեկնարկելու մտադրության մասին. «Մենք պատրաստվում ենք սկսել մեր հարավային սահմանի երկայնքով 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտու ձևավորման ուղղությամբ մեր մտադրության նոր փուլը»։
Թուրքիան հարևան Սիրիայի հյուսիսային շրջաններում այսպես կոչված «անվտանգության գոտի» ձևավորելու մտադրության մասին խոսում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր։ Թեև «պաշտոնական ռազմական գործողությունը» չի մեկնարկել, սակայն Թուրքիան «ահաբեկչության դեմ պայքարի» քողի տակ պարբերաբար և տարբեր ինտենսիվությամբ զինված հարձակումներ է իրականացնում Սիրիայի օկուպացված հյուսիսային շրջաններում՝ էլ ավելի ապակայունացնելով իրավիճակը ։ Ի դեպ, այդ հարձակումները թիրախավորում են ոչ միայն այսպես կոչված «ահաբեկիչներին», այլև խաղաղ քաղաքացիական բնակչությանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Թուրքական ԱԹՍ-ը թիրախավորել էր մեքենա սիրիական Ղամիշլո քաղաքում․ պայթյունի հետևանքով զոհվել էր 4 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Իսկ դրանից ընդամենը օրեր առաջ Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական ուժերը հարձակում էին գործել Սիրիայի Համա նահանգի Սուքայլաբիա քաղաքում` հույն օրթոդոքս Այա Սոֆիա եկեղեցու հարևանությամբ :Նույն մարտավարությունը գործադրվում է նաև Իրաքում, որի սուվերեն տարածք արդեն 5 ամիս է՝ ներխուժել են թուրքական զինված ուժերը։
Չնայած Ռուսաստանը և Իրանը բազմիցս հայտարարել են, որ դեմ են Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը, այնուամենայնիվ Էրդողանը հայտարարում է, որ վճռական է Սիրիայի հյուսիսում «բուֆերային գոտի» ստեղծելու, իրականում՝ իր զավթողական քաղաքականությունը առաջ մղելու հարցում։Արձանագրենք նաև, որ թուրքական ծավալապաշտությունը պաշտոնական խոսույթի մակարդակում իրականացվում է միջազգային իրավունքի հետ համապատասխանության՝ «հակաահաբեկչական պայքարի» քողի ներքո, ինչը հուշում է հետհամաշխարհայինպատերազմյան աշխարհակարգի արագընթաց փլուզման և ուժի գործոնի վերարժևորման մասին։ Նման պայմաններում հատկապես փոքր երկրներն ունեն անվտանգության ապահովման երկու ձև՝ սեփական զինված ուժեր և արդյունավետ դաշնակցային կապեր։
Թուրքիան 2016 թվականից ի վեր Սիրիայում իրականացրել է ռազմական երեք խոշոր գործողություն («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության աղբյուր»), որի արդյունքում թուրքական ԶՈՒ և դրա հետ փոխկապակցված զինված խմբավորումների փաստացի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի ավելի քան 8800 քառակուսի կմ։ Նշված գրավյալ շրջաններում քաղաքացիական և ռազմական իշխանությունն իրականացվում է Թուրքիայի պետական տարբեր գերատեսչությունների կողմից։ Թուրքական օկուպացիայի արդյունքում փոխվել է նվաճված տարածքների ժողովրդագրական պատկերը, որոնց արդյունքում հիմնականում քրդաբնակ շրջանները զրկվել են իրենց բնիկ ժողովրդից։