Հուլիսի 18-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը ապակայունացնում է դրությունը Սիրիայի հյուսիսում՝ անջատողականությունը խրախուսելով և զենք մատակարարելով։ Ըստ Ուշակովի՝ «բոլորին հայտնի է, որ Անդրեփրատյան գոտում դրությունը ապակայունացնող գործոնը շարունակում է մնալ ԱՄՆ գործունեությունը, որը շարունակում է ակտիվորեն խրախուսել անջատողականությունը՝ բազմակողմանի օգնություն տրամադրելով քրդական քվազիպետական կառույցներին՝ ներառյալ զենքի մատակարարումը»։ Ուշակովը հիշեցրել է․«Համաձայն 2019 թ․-ի հուշագրի՝ Ռուսաստանը և Թուրքիան հանդիսանում են Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավորները»։
Հուլիսի 19-ին Թեհրանում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ սիրիական հակամարտության կարգավորման հարցով «Աստանայի ձևաչափով» գագաթնաժողովը։ Ըստ Ուշակովի՝ կողմերը քննարկելու են Սիրիայում վերջնական և երկարատև կարգավորման հասնելու նպատակով համատեղ միջոցառումների համալիրը։ Նա նշել է, որ «հատուկ ուշադրություն է դարձվելու դրության կայունացմանը սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում Իդլիբի և Անդրեփրատյան շրջաններում»։
Ուշակովը հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև Սիրիայի հյուսիսում քրդական միավորումների դեմ Թուրքիայի կողմից պլանավորվող գործողությունը։ Նա շեշտել է․«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք դեմ ենք ցանկացած գործողությունների, որոնք խախտում են սիրիական կարգավորման՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Աստանայի ձևաչափի որոշումներում ամրագրված հիմնարար սկզբունքները՝ Սիրիայի ինքնիշխանության, միության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը»։
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է Սիրիային հումանիտար օգնության տրամադրման հարցը։ Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակում են քաղաքականացնել հումանիտար օգնության հարցը՝ չկատարելով իրենց ստանձնած պարտավորությունները։ Ըստ նրա՝ ռուսական կողմը զիջման է գնացել և հուլիսի 12-ին աջակցել է Իդլիբին օգնություն հասցնելու անդրսահմանային մեխանիզմի պահպանման վերաբերյալ ՄԱԿ-ի 2642 բանաձևին, սակայն առաջարկվող 1 տարվա փոխարեն համաձայնել է միայն 6 ամսով երկարաձգմանը։ Հաջորդ անգամ, ըստ Ուշակովի, ռուսական դիրքորոշումը կարտահայտվի ավելի կատեգորիկ։
Չնայած Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ Թուրքիան չի կարծում, թե Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայի հյուսիսւոմ պլանավորվող գործողությանը, ռուսական կողմը բազմիցս իր բացասական վերաբերմունքն է դրսևորել այդ հարցում։ Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահի` Սիրիայի հյուսիսում պլանավորվող նոր գործողության մասին համապատասխան հայտարարությունից հետո ռուսական կողմը տարբեր մակարդակներում անդրադարձել է այդ հատարարությանը։ Հունիսի 2-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ ՌԴ-ն «տագնապով» է ընդունել գործողության մասին հաղորդագրությունը , և որ «նման քայլը կնշանակի Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ուղղակի խախտում», և հույս հայտնել, որ Անկարան կխուսափի գործողություններից, որոնք կհանգեցնեն Սիրիայում իրավիճակի վատթարացմանը։ Իսկ հունիսի 15-ին ՌԴ նախագահի՝ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը նշել էր, որ գործողության իրականացումը կլիներ «ոչ խելամիտ քայլ, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը, լարվածության աճին և այդ երկրում զինված դիմակայության նոր փուլի»։