Նորություններ

Թյուրքական պետությունները խորացնում են համագործակցությունը

03 / 07 / 2022

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը Անկարայում կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ազգային անվտանգության խորհուրդների գլխավոր քարտուղարների նիստ։ Հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ ռազմական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, պարենային, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային կազմակերպված հանցավորության հարցերի շուրջ։

Սա այս կարճ ժամանակահատվածում թյուրքական պետությունների միջև կայացած բարձր մակարդակի համագործակցության միակ օրինակը չէ։ «Հայկական ալիք»-ում մենք պարբերաբար անդրադարձել ենք այդօրինակ համագործակցության տարբեր դրսևորումներին, որոնցից մեկը թյուրքական պետությունների ընդհանուր դասագրքերի թեման էր։

Ինչպես տեսնում ենք, թյուրքական պետությունների միջև կապը գնալով ավելի է սերտանում և ձեռք է բերում ինստիտուցիոնալ բնույթ։ Սա, ինչպես և նախկինում էինք նշել, առաջին հերթին ահազանգում է այն մասին, որ աստիճանաբար աճում է Թուրքիայի հեղինակությունը՝ որպես իսլամադավան, մասնավորպաես` թյուրքական երկրներին իր շուրջ միավորող առանցքային երկրի։ Սա իր հերթին հանգեցնում է Կենտրոնական Ասիայում թուրքական ազդեցության աճին, ինչը լի է սպառնալիքներով առաջին հերթին երկու գերտերությունների` Ռուսաստանի և Չինաստանի համար։

Մեկ այլ կարևոր երևույթ է այն, որ բոլորը ձգտում են ձևավորել ամուր դաշնակցային կապեր և ծառայեցնել դրանք իրենց ազգային և պետական շահերին։ Այս առումով դաշինքների կարևորության մասին են խոսում ոչ միայն թյուրքական պետությունները, այլև հավաքական Եվրոպան` ի դեմս ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցիչ (ԱԳ նախարար) Ժոզեֆ Բորելի։ Ընդ որում՝ խոսելով կոալիցիաներ կառուցելու մասին՝ վերջինս ասում է, որ պարտադիր չէ, որ դրանք լինեն համախոհ երկրների հետ։ Սա հատկանշական է այնքանով, որ եթե դիտարկենք Հայաստանի օրինակը, կարող ենք հասկանալ, թե ինչպիսի անթույլատրելի ձախողումներ են ունեցել ՀՀ դե-ֆակտո իշխանությունները դաշնակցային հարաբերությունների կառուցման հարցում` սկսած 2018 թ.-ից, ընդ որում` այն դաշնակիցների, ում հետ ընդհանուր շատ շահեր ունի։ Այսպես՝ հետևողականորեն փչացնելով հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ, անուշադրության մատնելով Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մեզ համար կարևոր կապերը, մերժելով պատերազմի ժամանակ հակաթուրքական կոալիցիային միանալու առաջարկները՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները երկիրը հասցրին մի կետի, երբ այսօր իրենց հայտնի «դու մենակ չես» կարգախոսը սահուն կերպով փոխարինվեց «մենք մենակ ենք ամբողջ աշխարհի դեմ»-ով։ Ընդ որում՝ այդքան բաղձալի կապերն Արևմուտքի հետ, հանուն որոնց դե-ֆակտո իշխանությունները ոտնատակ էին տալիս արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերություններն այլ երկրների հետ, ևս տեսանելի ու շոշափելի չեն այսօր։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.