Թուրք-հունական ավանդաբար լարված հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ սրվել են։ Հունաստանի հասցեին Թուրքիան հնչեցնում է անհիմն մեղադրանքներ և բացահայտ սպառնալիքներ՝ օգտվելով միջազգային խառնաշփոթից և փորձելով Հունաստանի դեմ «կանխարգելիչ» ռազմական գործողությունների լեգիտիմության հիմք ստեղծել։ Թուրքիան փորձում է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր ագրեսիա կմեկնաբանվի որպես ինքնապաշտպանություն։ Սա նույն մարտավարությունն է, որը թուրք-ադրբեջանական տանդեմը կիրառում է նաև Հայաստանի և Արցախի դեմ՝ ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն տարածելով Հայաստանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ։ Հատկանշական է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, ինչը ցույց է տալիս, որ դաշինքի նույնիսկ ներքին զսպման մեխանիզմները բավականաչափ արդյունավետ չեն։
Թուրք-հունական հարաբերություններում վերջին սրումը կապված է Թուրքիայի տարածած տեղեկությունների հետ, թե սեպտեմբերի 18-ին և 21-ին Էգեյան ծովում հետախուզություն իրականացնող թուրքական ԱԹՍ-ները արձանագրել են երկու հունական տրանսպորտային նավերի, որոնք ուղևորվել են դեպի միջազգային պայմանագրերով ապառազմականացված կարգավիճակ ունեցող Լեսբոս և Սամոս կղզիներ։ Հունաստանը Լեսբոս կղզի է փոխադրել 23, իսկ Սամոս կղզի՝ 18 միավոր զրահատեխնիկա։
Սեպտեմբերի 28-ին Հունաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է․«Թուրքիան իրավունք չունի կոպտորեն խախտելու միջազգային իրավունքը և սպառնալու Հունաստանին պատերազմով։ Հունաստանը Թուրքիային որևէ հավակնություն չի ներկայացնում: Հունաստանը հանդես է գալիս միջազգային իրավունքի հիման վրա երկխոսության օգտին։ Սակայն անհրաժեշտության դեպքում Հունաստանը կպաշտպանի իր օրինական շահերն ու իրավունքները»։
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի ընթացքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն զգուշացրել է Թուրքիային հունական կղզիների ինքնիշխանությունը հարցականի տակ դնելու անթույլատրելիության մասին։ Նա հայտարարել է, որ նման մտադրությունները «կարմիր գիծ են» Հունաստանի համար և իր ելույթում նշել է․ «Թուրքիան տարօրինակ սևեռվածություն ունի մեր երկրի նկատմամբ։ Լեզուն, որով Թուրքիան խոսում է, գնալով ավելի է հակվում պատերազմին։ Նրանք սպառնում են, որ Թուրքիան մի օր գիշերով կգա իմ երկիր։ Դա ագրեսորի, այլ ոչ թե խաղաղարարի լեզու է։ Ցավոք, դա նոր բան չէ։ Թուրքիան մշտապես սպառնում է Հունաստանին casus belli-ով, եթե մենք փորձենք օգտագործել մեր տարածքային ջրերի նկատմամբ մեր ինքնիշխան իրավունքը (ծովային տարածքի ընդարձակումը 6 մղոնից 12 մղոնի – խմբ․)։ ․․․ Որպես Հունաստանի վարչապետ՝ ես երբեք չեմ գնա ազգային ինքնիշխանության ու կայունության դեմ գործարքի»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ելույթ ունենալով Սամսուն քաղաքում կազմակերպված «Տեխնոֆեստ 2022» փառատոնի ընթացքում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ սպառնալիք է ուղղել Հունաստանին․«Է՛յ, Հունաստան, վերհիշի՛ր պատմությունը, եթե ավելի հեռուն գնաս, թանկ կվճարես։ Հունաստանին մենք մեկ ասելիք ունենք՝ մի՛ մոռացիր Իզմիրը։ Ձեր՝ կղզիները օկուպացնելը մեզ չի կաշկանդի․ երբ ժամանակը գա, մենք կանենք, ինչ որ պետք է։ Այսինքն՝ ասում ենք, որ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» ։ «Bir gece ansızın gelebiliriz» («Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ») արտահայտությունը սպառնալիք է, որը թուրք ազգայնականների կողմից կիրառվել է Կիպրոսի օկուպացիայի, ապա բուն Թուրքիայի տարածքում տարբեր փոքրամասնություններին թիրախավորելու համաշարում։
Անդրադառնալով այդ սպառնալիքներին՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը հայտարարել է․«Հայտարարությունները, որոնք կարող են սրել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հատկապես ապակառուցողական են։ Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն։ Այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության հետագա սրմանը»։
Թուրք-հունական լարվածությանը նպաստել է նաև ԱՄՆ կողմից 2023 թ․ ֆինանսական տարվա համար Կիպրոսի Հանրապետության նկատմամբ զենքի վաճառքի էմբարգոյի վերացման որոշումը։ Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է այս որոշումը՝ հայտարարելով, որ այն «հակասում է կղզու երկու հատվածների հավասարության սկզբունքին և բացասաբար կազդի կիպրոսյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերին»։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ի պատասխան ԱՄՆ այս քայլին, Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն է տեղափոխել հեռահար հրետանային ինքնագնաց կայանքներ։
Նշենք, որ թուրք-հունական հարաբերություններն ավանդաբար լարված են մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ Էգեյան ծովի կղզիների կարգավիճակը, Կիպրոսի հիմնախնդիրը, Թուրքիայի կողմից Էգեյանի ջրերում իրականացվող նավթագազային հետախուզությունը, ջրային և վերջրյա տարածքի սահմանազատումը, փախստականների հարցը և այլն։ Թուրքական իշխանությունները մեղադրում են Հունաստանին Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու մեջ, ինչը խախտում է գոյություն ունեցող միջազգային պայմանագրերը: Իր հերթին Հունաստանը մեղադրում է Թուրքիային իր օդային տարածքը խախտելու մեջ։