Հունիսի 29-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։ Թուրքական «Habertürk» և «NTV» լրատվականները, հղում կատարելով Սպիտակ Տանը և երկկողմ հանդիպմանը «մոտ գտնված թուրքական աղբյուրներին», հայտնում են, որ հանդիպման ընթացքում Բայդենը էրդողանին F-16 կործանիչների վաճառքի հարցում դրական ազդակ է ուղարկել։
Էրդողանը հանդիպման ընթացքում խոսել է Թուրքիայի` F-16 կործանիչների արդիականացման և նոր ռազմական ինքնաթիռների պահանջի մասին։ Ինչպես հայտնում են թուրքական աղբյուրները, Բայդենը բառացի նշել է, որ «Վաշինգտոնում վայրէջք կատարելուն պես կաշխատեմ F-16-երի հարցը լուծելու համար և ջանքեր կգործադրեմ, որպեսզի այն ընդունվի Կոնգրեսի կողմից»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հունաստանում ռազմական կուտակումները և Սիրիայի հյուսիսում քրդական Ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG) գործողությունները։ Հանդիպման սկզբում իր ելույթում Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը կարգավորելու և Ուկրաինական նավահանգիստներում մնացած հացահատիկի դուրսբերման հարցում «հիանալի աշխատանք կատարելու» համար[1]։ Ասուլիսի ընթացքում Բայդենը հաստատել է այս լուրերը՝ նշելով․ «Ինչպես ես ասել էի դեկտեմբերին, մենք պետք է վաճառենք F-16 ինքնաթիռները և արդիականացնենք դրանք։ Մեր շահերից չի բխում դա չանելը։ Ես դեկտեմբերից ի վեր իմ դիրքորոշումը ընդհանրապես չեմ փոխել։ Ինձ պետք է Կոնգրեսի հավանությունը դա անելու համար և ես կարծում եմ՝ մենք կստանանք այն»։
Հիշեցնենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածության պատճառներից մեկը Թուրքիայի ԶՈՒ համար ամերիկյան կործանիչների վաճառքի և արդիականացման արգելքն էր։ Դեռ 2021թ․-ի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչներ գնելու և Անկարայի ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչների մոդեռնիզացման խնդրանքով[2]։ Սակայն կործանիչների մատակարարման գործընթացը դանդաղ էր ընթանում՝ կապված Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ։ Մասնավորապես հավանական է, որ Կոնգրեսը կարգելափակի գործարքը։ Նույն պատճառով 2019թ․ ԱՄՆ-ն Թուրքիային հանել էր հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից և ամեն կերպ ճնշում էր գործադրում Անկարայի վրա՝ ռուսական S-400 –ներից հրաժարվելու համար։
Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան մոտ 2 ամիս շարունակվող դիվանագիտական «քաշքշուկից» հետո ի վերջո համաձայնել է Ֆինլադիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ ստանալով համապատասխան երաշխիքներ այդ երկրների կողմից «ահաբեկիչներին արտահանձնելու, նրանց չաջակցելու և չֆինանսավորելու» հարցում։ Սա Թուրքիայում ընկալվեց որպես դիվանագիտական հաղթանակ։ Դատելով առկա արտահոսքերից և թուրք քաղաքական գործիչների կողմից կիրառվող հռետորաբանությունից՝ կարելի է ասել, որ Թուրքիային հաջողվել է «մեկ գնդակով երկու նապաստակ խփել»՝ միաժամանակ խոստումներ ստանալով ԱՄՆ նախագահ Բայդենից F-16 կործանիչների ձեռքբերման հարցում աջակցության վերաբերյալ:
Հավելենք նաև, որ առկա են փաստեր Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների օգտագործման մասին։ Մասնավորապես 2020թ․ հուլիսին համատեղ զորավարժությունների անցկացման նպատակով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների խումբ, որը տեղակայվել էր Գանձակի (Գյանջա) միջազգային օդանավակայանում, որոնք վարժանքների ավարտի հայտարարված օրից հետո Ադրբեջանից չեն հեռացել և շարունակել են մնալ Գանձակի օդանավակայանում և թռիչքներ անել, սեպտեմբերի 15-ին նաև ցուցադրական թռիչք են կատարել Գանձակի երկնքում: Սեպտեմբերի 27-ին՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից հետո էլ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները շարունակում են տեղակայված մնալ Գանձակի օդանավակայանում առնվազն մինչև հոկտեմբերի 4-ը, երբ հայկական կողմը հրթիռային հարվածներ հասցրեց Գանձակի ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ Ադրբեջանում թուրքական F-16-երի խնդիրներից էր նաև ՀՀ ԶՈւ ՍՈւ-30ՍՄ կործանիչների հնարավոր միջամտությունից Ադրբեջանին ապահովագրելը։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր՝ ականատես ենք, թե ինչպես է Թուրքիային հաջողվում հմտորեն մանևրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ բարձրացնելով իր աշխարհաքաղաքական կշիռը։ Չնայած նրան, որ Թուրքիան պատերազմի ընթացքում առաջնային պլան է մղել իր շահերը և ոչ դաշնակցային պարտավորությունները, և մի շարք քայլեր առաջ են բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ անդամ մյուս դաշնակիցների դժգոհությունը (մասնավորապես՝ հակառուսական պատժամիջոցներին չմիանալը, ռուսական S-400–ներից չհրաժարվելը, ակտիվ շփումները Ռուսաստանի հետ, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում կոշտ դիրքորոշումը), այնուամենայնիվ Արևմուտքն ու ԱՄՆ բավական զգուշավոր են Թուրքիայի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով Թուրքիայի կարևոր նշանակությունը Արևմուտքի համար տարածաշրջանում ռուսական ազդեցությանը հակակշռելու հարցում։ Եվ թեկուզ ժամանակ առ ժամանակ երկու երկրների հարաբերությունները լարվում են, այնուամենայնիվ Թուրքիան և ԱՄՆ-ն կապված են բազմաթիվ ընդհանուր շահերով, ինչն ի վերջո ստիպում է գնալ փոխշահավետ զիջումների ոչ առանցքային հարցերում, օրինակ՝ Թուրքիայի համաձայնությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում, և դրա դիմաց՝ Բայդենի կողմից «կանաչ լույսը» F-16-ների վաճառքի հարցում։
[1] https://www.whitehouse.gov/briefing-room/speeches-remarks/2022/06/29/remarks-by-president-biden-and-president-recep-tayyip-erdogan-of-the-republic-of-turkey-before-bilateral-meeting/
[2] https://www.reuters.com/world/middle-east/turkey-seeks-40-f-16-jets-upgrade-air-force-sources-2021-10-07/