Նորություններ

Թուրքիան ԱՄՆ-ի անվտանգային կարևոր գործընկերն է. Պետդեպ

20 / 02 / 2023

Փետրվարի 19-ին ԱՄՆ պետդեպարտամենտը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների մասին։

«Թուրքիան և Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և երկարամյա գործընկերներ են։ Մենք ճգնաժամային իրավիճակներում և տարածաշրջանային անվտանգության ու բարգավաճման հարցերում միասին աշխատելու հպարտ պատմություն ունենք:

Թուրքիան ԱՄՆ-ի անվտանգային կարևոր գործընկերն է և 1952 թվականից ի վեր եղել է ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցը: Թուրքիան ծառայում է որպես ՆԱՏՕ-ի կարևոր արևելյան խարիսխը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների վրա, որոնք կապում են Սև ծովը Միջերկրական ծովի հետ: Թուրքիան սահմանակից է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Իրանին, Իրաքին և Սիրիային և հանդիսանում է առանցքային գործընկեր շրջակա տարածաշրջանում: Միացյալ Նահանգները և Թուրքիան սերտորեն համագործակցում են Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը միջազգային իրավունքի համաձայն նվազեցնելու համար, Բալկաններում և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Ժամանակ առ ժամանակ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև մի շարք հարցերի շուրջ հարաբերությունները լարվում են․ ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ը հրաժարվում է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել ու արդիականացնել առկա կործանիչները: Կողմերի միջև մի շարք տարաձայնություններ կան Բալկաններում, Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է իբրև թե ահաբեկչական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու, երկրում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Իսկ ԱՄՆ-ը գոհ չէ ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի իբրև թե չեզոքությունից և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելուց, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Թուրքիայի կոշտ դիրքորոշումից։

Վերջերս Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց, որ Թուրքիայում յուրաքանչյուր ԱՄՆ դեսպան մտածում է, թե ինչպես կարող է վնաս տալ երկրին ու հեղաշրջում կազմակերպել, և ԱՄՆ-ին կոչ արեց «կեղտոտ ձեռքերը քաշել Թուրքիայի վրայից»։

Այսուհանդերձ, անհրաժեշտ է գիտակցել, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ կարևորագույն անվտանգային դաշնակիցը և արևելյան ճակատ՝ Ռուսաստանի դեմ։ Թուրքիան և ԱՄՆ-ը կապված են բազմաթիվ ընդհանուր շահերով, ինչն, ի վերջո, ստիպում է գնալ փոխշահավետ զիջումների։ Ուստի առաջիկայում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ շրջանառվող լուրերը քիչ աղերս ունեն իրականության հետ։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *