Նորություններ

Թշնամին հպարտանում է իր արյունոտ անցյալով

05 / 09 / 2022

Սեպտեմբերի 3-ին Սամսուն քաղաքում կազմակերպված «Տեխնոֆեստ 2022» փառատոնի ընթացքում ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ սպառնալիք է ուղղել Հունաստանին։ Էրդողանը, մասնավորապես, ասել է«Է՛յ, Հունաստան, վերհիշի՛ր պատմությունը, եթե ավելի հեռուն գնաս, թանկ կվճարես։ Հունաստանին մենք մեկ ասելիք ունենք՝ մի՛ մոռացիր Իզմիրը։ Ձեր՝ կղզիները օկուպացնելը մեզ չի կաշկանդի երբ ժամանակը գա, մենք կանենք, ինչ-որ պետք է։ Այսինքն, ասում ենք, որ մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։

«Bir gece ansızın gelebiliriz» («Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ») արտահայտությունը՝ որպես սպառնալիք, սկսել է կիրառվել 1974թ․ Թուրքիայի՝ Կիպրոս ներխուժման ենթատեքստում։ Հետագայում այն թուրք ազգայնականների համար դարձավ կարգախոս՝ արդեն մայրցամաքային Թուրքիայի տարածքում տարբեր փոքրամասնություններին թիրախավորելու կոնտեքստում։

1974 թ․-ին՝ Կիպրոսում հույն-թուրքական բախումների ժամանակ, մայրցամքային Թուրքիայից օգնության սպասող կիպրացի թուրք մարտիկներին բարոյալքելու համար հունական ռադիոսարքերից պարբերաբար հեռարձակում էին «Bekledim de gelmedin» («Սպասեցի, չեկար ու չեկար») թյուրքալեզու երգը՝ ակնարկելով, որ Թուրքիան օգնության չի գալու Կիպրոսի թուրքերին։ Ի պատասխան սրա՝ թյուրքական «Բայրաք» ռադիոկայանը դեպի Կիպրոս թուրքական ներխուժման գիշերը հեռարձակում է «Bu kadar yürekten çağırma beni/Bir gece ansızın gelebilirim» («Այդքան սրտանց մի՛ կանչիր ինձ/Մի գիշեր հանկարծակի կարող եմ գալ») երգը։ «Աթիլլա» ռազմագործողության շրջանակներում 1974 թ․ հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս՝ իրականացնելով էթնիկ զտումներ և կղզին փաստացի բաժանելով թյուրքական և հունական մասերի։ Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիան շարունակվում է առ այսօր։

Ինչ վերաբերում է «Իզմիրը չմոռանալու» կոչին, ապա Էրդողանի «հիշեցումը» վերաբերում է 1919-22 թթ․ թուրք-հունական պատերազմի վերջին ողբերգական արարը դարձած հունական Իզմիր քաղաքի գրավմանը, հրկիզմանը և բնակչության անխնա կոտորածին ու ողջակիզմանը։ Իզմիրի կոտորածին հույներից բացի զոհ են գնացել նաև բազմաթիվ հայեր, ընդհանուր առմամբ՝ 100 հազ․ մարդ։ Հարևան պետության ղեկավարը, որի հետ Հայաստանը պատրաստվում է մերձենալ «առանց նախապայմանների»՝ անսալով թշնամու կեղծ խաղաղասիրական կոչերին, ակնհայտորեն սպառնում է Հունաստանին նոր ցեղասպանությամբ։

Թուրք-հունական հարաբերությունները ավանդաբար լարված են մի շարք պատճառներով, որոնցից են Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան Թուրքիայի կողմից, Էգեյան ծովի ջրային և օդային տարածքի սահմանազատման խնդիրը և այլն։ Մասնավորապես, թուրքական իշխանությունները մեղադրում են Հունաստանին Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու մեջ, ինչը խախտում է գոյություն ունեցող միջազգային պայմանագրերը: Իր հերթին Հունաստանը մեղադրում է Թուրքիային իր օդային տարածքը խախտելու մեջ։

Թուրք-հունական հարաբերություններում վերջին լարվածությանը կապված էր Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության հետ, համաձայն որի` օգոստոսի 23-ին Կրետե կղզում հունական S-300 (C-300) հրթիռային համակարգը, իբրև թե, հետևել է Հռոդոսի մերձակայքում մոտ 3 կմ բարձրության վրա թռչող թուրքական F-16 ինքնաթիռներին: Թուրք պաշտոնյաները նշել են, որ սա ՆԱՏՕ-ի կանոններով համարվում է թշնամական գործողություն:

Նշենք, որ Հունաստանը  հերքել է հայտարարության իսկությունը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *