Արտասահմանյան մի շարք պարբերականներ, անդրադառնալով Թուրքիայի համաձայնությանը Շվեդիան ՆԱՏՕ կազմում ընդունելու վերաբերյալ, նշում են երկուսը հիմնական պատճառներից, որոնք խթան են հանդիսացել այս որոշման համար:
Մասնավորապես «Middle East Eye» պարբերականը, հղում կատարելով պաշտոնական խողովակների, նշում է, որ շարժառիթներից մեկը Կանադայի կողմից զենքի մատակարարման արգելքի վերացումն է:
Պաշտոնապես կանադական կողմը հերքել է այդ նորությունը, սակայն չի բացառվում, որ ամիսներ անց տեսնենք հակառակ պատկերը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ Կանադան դադարեցրել էր ռազմական արտահանումը այն բանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերին հայտնվեցին կադրեր Արցախում թուրքական անօդաչուների կիրառման: Իսկ ավելի կոնկրետ, արգելվել էր «Wescam» օպտիկական սարքերի արտահանումը, որոնք օգտագործվում են անօդաչուների արտադրության գործընթացում:
Դե իսկ երկրորդ հիմնական պատճառը ԱՄՆ-ի կողմից «F-16» կործանիչների մատակարարման գործարքն է Թուրքիայի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը` նշելով, որ գործարքը կշարունակվի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի միջև խորհրդակցությունից հետո: