Թուրքիան չի կարծում, որ Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայի հյուսիսում պլանավորվող գործողությունը։ Այս մասին թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ մի շարք ոլորտներում Թուրքիան և Ռուսաստանը համագործակցում են, սակայն մի շարք հարցերում կան տարաձայնություններ, օրինակ՝ կապված Սիրիայի, Ղրիմի, Ուկրաինայի հետ։ Այսինքն, Ռուսաստանը գոհ չէ Թուրքիայի բոլոր քայլերից, իսկ Թուրքիան՝ Ռուսաստանի։ Թուրքիան ավելի շատ կենտրոնանում է իր անհանգստությունները վերացնելու վրա։ Անդրադառնալով պլանավորվող գործողությանը՝ նա նշել է․ «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր հիասթափությունը՝ կապված ԱՄՆ-ի կողմից Ժողովրդական պաշտպանության ջոկատներին (YPG) աջակցելու հետ։ Երբ խոսքն ազգային անվտանգության մասին է, կարևոր չէ, թե ով ինչ է ասում։ Թուրքիան անում է անհրաժեշտ քայլեր միջազգային իրավունքի շրջանակներում։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Թուրքիային որևէ բան ասելու իրավունք չունեն։ Այնպես չէ, որ մենք Ռուսաստանի բոլոր քայլերից գոհ ենք։ Այս հարցում մենք բավականին թափանցիկ ենք գործում»։
Իր ելույթում Չավուշօղլուն շեշտել է․ «Մենք ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարություն ունենք։ Փենսը և Պոմպեոն Թուրքիա էին եկել։ Նրանց հետ միասին նստել, քննարկել ենք։ Այս շրջանները մաքրելու էին ահաբեկչությունից։ Ռուսաստանի հետ էլ նման պայմանավորվածություն ունենք։ Երկու երկրներն էլ իրենց խոստումը չպահեցին։ Եթե երկու երկրներն էլ իրենց պարտավորությունները չեն իրականացնում, մենք կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության հերթական նիստի ժամանակ վերահաստատել էր Սիրիայի հյուսիում թուրքական զինված ուժերի կողմից նոր ռազմական գործողություն մեկնարկելու մտադրությունը։ Ռուսական կողմը տարբեր մակարդակներում անդրադարձել է այս հայտարարությանը։ Հունիսի 2-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ ՌԴ-ն «տագնապով» է ընդունել գործողության մասին հաղորդագրությունը , և որ «նման քայլը կնշանակի Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ուղղակի խախտում», և հույս հայտնել, որ Անկարան կխուսափի գործողություններից, որոնք կհանգեցնենք Սիրիայում իրավիճակի վատթարացմանը։ Իսկ հունիսի 15-ին ՌԴ նախագահի՝ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը նշել էր, որ գործողության իրականացումը կլիներ «ոչ խելամիտ քայլ, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը, լարվածության աճին և այդ երկրում զինված դիմակայության նոր փուլի»։
Արձանագրենք նաև, որ թուրքական ծավալապաշտությունը պաշտոնական խոսույթի մակարդակում իրականացվում է միջազգային իրավունքի հետ համապատասխանության քողի ներքո, ինչը հուշում է հետհամաշխարհայինպատերազմյան աշխարհակարգի արագընթաց փլուզման և ուժի գործոնի վերարժևորման մասին։ Նման պայմաններում հատկապես փոքր երկրներն ունեն անվտանգության ապահովման երկու ձև՝ սեփական զինված ուժեր և արդյունավետ դաշնակցային կապեր։