Մադրիդում կայացած ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավանդական ձևաչափով ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ստորագրված եռակողմ հուշագրին՝ Էրդողանը նշել է. «Իհարկե, խոստումները կարևոր են, բայց մեզ համար գլխավորը դրանց իրագործումն է։ Որպես ահաբեկչության դեմ պայքարում բազմիցս թիկունքից հարված ստացած երկիր՝ մենք զգուշավորություն ենք ցուցաբերում։ Սրանից հետո մոտիկից հետևելու ենք՝ արդյոք մեր երկրին տրված խոստումները կատարվում են, թե՝ ոչ»։ Այնուհետև շարունակել է․«Պետք է իմանանք, որ ստորագրությունները չեն նշանակում, որ այս գործը ավարտվել է։ Սա դեռ ընդամենը հրավեր է։ Այս հրավերով գործընթաց է սկսվում։ Հայտնի չէ, թե այն որքան կտևի»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ այդ երկրներից երաշխիքներ ստանալով «ահաբեկիչներին» չաջակցելու և արտահանձնելու վերաբերյալ։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է քրդական ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներին (քաղաքական, ռազմական, հասարակական և մշակութային գործիչներ), ինչպես նաև Էրդողանի վարչակարգի ընդդիմախոսներին, որոնք քաղաքական ապաստան են գտել սկանդինավյան երկրներում։
Հարցին, թե արդյոք այդ երկու երկրների հետքայլ անելու դեպքում հնարավոր է նրանց անդամակցության արգելափակումը, առկախումը, անդամակցության գործընթացի սառեցումը, Էրդողանը նշեց․ «Ամեն դեպքում այստեղ [ՆԱՏՕ- խմբ․] մուտքը, հրավերը կամ ընդունումը մեկ րոպեի գործ չէ։ Առանց մեր խորհրդարանի հավանության այս գործը ուժի մեջ չի մտնում։ Այդ պատճառով այս հարցում շտապելու կարիք չկա։ Գնդակը նրանց դաշտում է։ Եթե որևէ սխալ գործեն, Թուրքիայի ձեռքում փաստաթղթեր կան, մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»։
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է մոտ ժամանակներում Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից որոշ «ահաբեկիչների» հանձնումը, Էրդողանը պատասխանել է․«Հիմա այդ ուղղությամբ խոստումներ կան։ Օրինակ՝ Շվեդիան մեզ է ուղարկելու 73 ահաբեկչի։ Այս պահին ուղարկել են 3-4 հոգու, սակայն դա մեզ համար բավական չէ»։
Թուրքիայի կողմից Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը խոչընդոտելը նաև որոշակի ճնշման լծակ էր ԱՄՆ-ի վրա թուրքական ռազմական արդյունաբերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների դեմ։ Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է աջակցել Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման ու արդիականացման հարցում։ Սակայն ակնհայտ է, որ Էրդողանը մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջել։ Էրդողանի խոսքերից հասկանալի է, որ թուրքական դիվանագիտական շանտաժը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև գործնականում իրականացված չլինեն բոլոր պահանջները։ Ավելին՝ բացառված չէ, որ այս գործընթացում պաշտոնական Անկարան կներկայացնի նոր նախապայմաններ։ Հակառակ դեպքում՝ հավանական է, որ թուրքական խորհրդարանը ուղղակի չի վավերացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։