Նորություններ

Կենտրոնական Ասիայի դարպասները բացվում են պանթուրանիզմի առջև

12 / 08 / 2022

Ղազախստանի կառավարությունը 2022 թ․-ի օգոստոսի 5-ի որոշումով հաստատել է մայիսի 10-ին Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունը ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համագործակցությունը իրականացվելու է հետևյալ ոլորտնեերում․

  • Ռազմական հետախուզական ինֆորմացիայի և արդիական թեմաներով մասնագիտական գնահատականների փոխանակում
  • Կողմ հանդիսացող երկրների անվտանգությանը սպառնացող տարածաշրջանային ռազմական և քաղաքական իրավիճակի հետ կապված զարգացումների մշտադիտարկում
  • Միջազգային ահաբեկչական և կողմերի անվտանգությանը սպառնացող այլ կառույցների վերաբերյալ ինֆորմացիայի փոխանակում

Իսկ օգոստոսի 11-ին Reuters-ը, հղում տալով «թեմային ծանոթ երեք աղբյուրների», հայտնել է, որ սեպտեմբերից Ղազախստանը պատրաստվում է իր հում նավթի մի մասը մատակարարել Ադրբեջանի խոշորագույն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Շուրջ 20 տարի ղազախական նավթը  «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի» խողովակաշարի միջոցով տեղափոխվել է Նովոռոսիյսկի սևծովյան նավահանգիստ, որն էլ ապահովել է ելքը դեպի համաշխարհային շուկա:

Հուլիսին ռուսական դատարանը սպառնացել է փակել «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը» էկոլոգիական խախտումների պատճառով, ինչը ստիպել է ղազախական կառավարությանը և նավթ արտադրող կազմակերպություններին պայմանագրեր կնքել այլ ընկերությունների հետ։

Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ ղազախական  պետական «ԿազՄունայԳազ» նավթային ընկերությունը նախնական բանակցություններ է վարում ադրբեջանական պետական SOCAR ընկերության հետ՝ ստանալու թույլտվություն տարեկան շուրջ 1.5 մլն տոննա նավթը ադրբեջանական խողովակաշարի միջոցով վաճառելու համար, որով այն մատակարարվում է թուրքական Ջեյհան նավահանգիստ։

Լրատվականի զրուցակիցը հաղորդել է, որ վերջնական պայմանագիրը պետք է ստորագրվի օգոստոսի վերջին։ Բաթու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղով հոսքերը կմեկնարկեն մեկ ամիս անց։

Թուրքիան, օգտվելով հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից Կենտրոնական Ասիայի «մեկուսացումից», ակտիվորեն համագործակցում է կենտրոնասիական թյուրքալեզու պետությունների, հատկապես՝ Ուզբեկստանի և Ղազախստանի հետ՝ փորձելով կյանքի կոչել իր վաղեմի պանթուրանական կամ պանթյուրքական նկրտումները։  Ընդ որում` Թուրքիայի ներկայությունն այս տարածաշրջանում դրսևորվում է թե՛ կոշտ, թե՛ փափուկ ուժի միջոցով: ՀԱՊԿ անդամ Ղազախստանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջև ռազմական հետախուզական ինֆորմացիայով փոխանակման ոլորտում համագործակցությունը աննախադեպ երևույթ է։ Կենտրոնական Ասիայում իր դիրքերը ամրապնդելու համար, գոյություն ունեցող մարտահրավերները վերլուծելու համար Թուրքիային անհրաժեշտ է տեղյակ լինել տարածաշրջանային բոլոր տեղաշարժերից։ Իսկ Ղազախստանը ՀԱՊԿ-ի թուլացման պայմաններում փորձում է գտնել իր անվտանգության ապահովման նոր երաշխիքներ, ինչի մասին է վկայում նաև մայիսին Ղազախստանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը թուրքական ANKA ԱԹՍ-ները Ղազախստանում արտադրելու վերաբերյալ, ինչով երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը լրիվ այլ մակարդակ է դուրս բերվում։

Անհրաժեշտ է հիշել, որ Կենտրոնական Ասիայում թուրքական սողացող ծավալապաշտության ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը Հայաստանն է։ Պատահական չէ, որ այս գործընթացներին զուգահեռ ընթանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այսպիսով դուրս է մղվում այս տարածաշրջանում պանթյուրքիզմի վերջին խոչընդոտը՝ ի դեմս հայկական գործոնի։ Բացի այդ պաշտոնական Անկարան աջակցում է հայ-ադրբեջանական կագավորմանը և հանդես գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին ելույթներով, քանի որ հենց վերջինս է դառնալու դեպի թյուրքական աշխարհ տանող դարպասի բանալին։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Օգոստոսի 13-ին Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը մամուլի ասուլիսի ընթացքում  հերքել է Ադրբեջանի տարածքով նավթի փոխադրման մասին լուրերը։ Նա նշել է, որ ներկայումս գլխավոր խնդիրը «Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի» միջոցով մատարակարման ծավալները պահպանելն է։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *