Թուրք-հունական կոնֆլիկտը շարունակում է հետևողականորեն զարգանալ, երկու կողմերից ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ են հնչում։
Հունիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը այցելել էր Իզմիր՝ EFES-2022 զորավարժություններին հետևելու։ Իր ելույթում Էրդողանը, անդրադառնալով Հունաստանի կողմից Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու խնդրին, նշել է․ «Կոչ ենք անում Հունաստանին հրաժարվել ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիները ռազմականացնելուց և գործել միջազգային պայմանագրերի համաձայն։ Կատակ չեմ անում, լուրջ եմ խոսում»։
Նշելով, որ իրենք սառնասրտությամբ են ընդունում Հունաստանի «սադրանքները», որը վերջին երկու տարիների ընթացքում զինվորական պատվիրակությունների հավաքների հրավերներին անգամ պատասխան չի տվել, Էրդողանը ասել է․«Սակայն մենք տեսնում ենք, որ մեր համբերությունը և սառնասրտությունը մեր զրուցակցի կողմից սխալ է հասկացվում։ Թուրքիան ոչ ոքի իրավունքը, օրենքը չի ոտնահարի, սակայն Թուրքիայի իրավունքն ու օրենքն էլ ոչ ոքի թույլ չի տա ոտնահարել»։
Իր խոսքն Էրդողանը ամփոփել է՝ ասելով․«Հունաստանին զգուշացնում ենք հեռու մնալ պատրանքներից, խոսքերից ու գործողություններից, որոնք կարող են ավարտվել ափսոսանքով, ճիշտ ինչպես մեկ դար առաջ, և խելքը գլուխը հավաքել։ Ուշքի՛ արի։ Թուրքիան, ինչպես որ չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից, այնպես էլ անհրաժեշտության դեպքում հետ չի կանգնի կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերի իրեն տված իրավասությունները օգտագործելուց»։
Հունիսի 10-ի իր ելույթում, խոսելով EFES-2022 զորավարժությունների մասին, Էրդողանը նշել է․«Մեր զորավարժություններին 37 երկիր է մասնակցել, և այդ երկրների կեսից ավելիին Հունաստանը «Մի՛ մասնակցեք» հաղորդագրություն է ուղարկել։Իհարկե, գրեթե բոլորը չեն լսել՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»։
Կարդացե՛ք նաև. «Զգուշացնում ենք խելքը գլուխը հավաքել»
Նշենք, որ հույն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արձագանքել են Էրդողանի այս կոշտ հայտարարություներին։ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական էջում հրապարակել է «Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը 1973-2022թթ թուրքական ռևիզիոնիզմի վերաբերյալ․ պատկերում 16 քարտեզներում»[1] ։ Հունաստանի ԱԳՆ-ն մասնավորապես նշում է․ «Թուրքական ռևիզիոնիզմի մասին լայն հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով կից քարտեզները վառ և անհերքելի կերպով ներկայացնում են Թուրքիայի անօրինական միակողմանի գործողություններն ու պահանջները։ Քարտեզները ժամանակագրական հերթականությամբ սկսվում են Լոզանի (1923) և Փարիզի (1947 թ.) պայմանագրերով ամրագրված ստատուս քվոյից։ Վերոնշյալ քարտեզները փաստաթղթերով ապացուցում են թուրքական ռևիզիոնիզմի մասշտաբները, որն ուղղված է ստատուս քվոն փոխելուն՝ խախտելով Միջազգային իրավունքը և Միջազգային ծովային իրավունքը և սպառնալով մեր տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»։
Թուրքիայի հավակնությունների ընդհանուր պատկերն այսօր (2022)
Հունիսի 10-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ելույթ ունենալով Աթենքի Առևտրի ու արդյունաբերության պալատի պարգևատրման արարողությանը, նշել է. «Մենք ունենք հարևան, որը որքան մեկուսացած, այնքան էլ զայրացած է»[2]։
Էրդողանի՝ Հունաստանի վերաբերյալ հայտարարություններից հետո Հունաստանի ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը իր թվիթերյան էջում թուրքերեն գրառում է կատարել․«Հունաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը բոլոր տեսակի սպառնալիքներից։ Այսպիսով, եկեք վերջ տանք սադրանքներին և վերադառնանք երկխոսությանը միջազգային իրավունքի հիման վրա։ Մեր բոլորի առջև ծառացած տնտեսական ճգնաժամի պատասխանը ծայրահեղ ազգայնականությունը չէ»[3]։
Իսկ կառավարության խոսնակ Յանիս Էկոնոմուն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Էրդողանի հունարեն գրառումներին, գրել է․«Հատկանշական է, որ նախագահ Էրդողանը նախընտրել է խոսել հունարենով։ Հայտնի է, որ հունարենը տրամաբանության, ազատության և իրավունքի լեզուն է։ Դա շատ լավ գիտեն դրա բնիկ օգտատերերը և արևմտյան աշխարհը: Թուրքիայի ընտրած մարտավարությունը այս տարբերակներից ոչ մեկի մեջ չի մտնում»[4]։
Իր մեկ այլ գրառման մեջ Էկոնոմուն նշել է․ «Հակապատմական պնդումներն ու սին առասպելները չեն կարող ոչ վիճարկել, ոչ էլ, առավել ևս, փոխարինել միջազգային իրավունքին և միջազգային պայմանագրերին: Ընդհանրապես, բացարձակապես ոչինչ չի կարող որևէ կերպ վնասել մեր ինքնիշխան իրավունքներին և մեր ազգային ինքնիշխանությանը։ Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել սադրանքի մարտավարությունը և գիտակցել, որ միակ ճանապարհը խաղաղ և ազնիվ հաղորդակցությունն է միջազգային իրավունքի և ինքնիշխանության բացարձակ հարգանքի համատեքստում»[5]։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը «TA NEA» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջերս Հունաստանի ինքնիշխանության դեմ Թուրքիայի բացահայտ սպառնալիքներին, ասել է․«Թերևս Թուրքիայի ղեկավարությանը անհանգստացնում է այն փաստը, որ Հունաստանը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բարձրացնում է իր աշխարհաքաղաքական կշիռը՝ համակարգված կերպով ռազմավարական դաշինքներ կառուցելով ուժեղ միջազգային խաղացողների հետ և միևնույն ժամանակ հետևողականորեն ավելացնելով Զինված ուժերի ընդհանուր զսպող ուժը:
Էսկալացիան կարող է մասամբ պայմանավորված լինել նախընտրական մարտավարությամբ՝ ներքին լսարանը համախմբելու այն առաջնորդի շուրջ, որը բախվում է լուրջ ներքին խնդիրների՝ հատկապես տնտեսական դաշտում։ Ամեն դեպքում, կառավարությունն ու վարչապետը շահագրգռված են ամուր պատ կառուցելու հարցում՝ կանգնեցնելու թուրքական ռևիզիոնիզմը, որպեսզի եռանդուն կերպով պաշտպանենք մեր ինքնիշխան իրավունքները։ Սա այն է, ինչին մենք ի սկզբանե ձգտել ենք, սա այն է, ինչ անում ենք»[6]։
Ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր՝ ականատես ենք Թուրքիայի ռազմական ակտիվության կտրուկ աճին, ընդ որում՝ տարբեր ուղղություններով։ Նախ Թուրքիայի թիրախը դարձավ Իրաքը, որի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարելով՝ ապրիլի 18-ին Թուրքիան սկսեց այդ երկիր ռազմական ներխուժումը՝ «տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու» պատրվակով։ Այժմ փորձ է արվում նույն սցենարը գործադրելու նաև Սիրիայում։
Մերձավորարևելյան ճակատին զուգահեռ ականատես ենք երկրորդ ճակատի բացման սպառնալիքներին։ Թուրք-հունական լարվածությունը գնալով սրվում է, երկու կողմերի պաշտոնական հռետորաբանության մեջ նկատվում են անթաքույց ռազմական սպառնալիքներ։ Ակնհայտ է, որ Անկարան նպատակ է հետապնդում մաքսիմալ օգուտ քաղելու ստեղծված միջազգային դրությունից՝ իր դիրքերը միջազգային հարթակում ամրապնդելու և Հունաստանի աշխարհաքաղաքական կշիռը նվազեցնելու նպատակով, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում են Էգեյան հիմնահարցը, Կիպրոսի հիմնախնդիրը և այլն։
Արփի Մադոյան, թուրքագետ
[1] https://www.mfa.gr/en/current-affairs/statements-speeches/statement-by-the-ministry-of-foreign-affairs-regarding-turkish-revisionism-in-the-period-1973-2022-depiction-in-16-maps.html
[2] https://primeminister.gr/2022/06/10/29515
[3] https://twitter.com/atsipras/status/1535000798106640392
[4]https://www.facebook.com/100057939134698/posts/pfbid0wXFQaSmibWYiTh8zYAcwEquDCXYLj2mrxBLdg6uzUvbA7e8RTWbubRMwLTrzayvDl/
[5]https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid033WKPfJRKXLAvWGR5qwb9aHbFnXQmcajTBCFnnhsoFXxUfJFFcMZbhbC7KCRoyRYhl&id=100057939134698
[6] https://www.mod.mil.gr/synenteyxi-yetha-nikolaoy-panagiotopoyloy-stin-efimerida-ta-nea-2/