Նորություններ

Օգնության նոր խմբաքանակ թշնամուն

15 / 02 / 2023

ՀՀ ԱԳՆ դե-ֆակտո մամուլի քարտուղար Վահան Հունանյանը իր թվիթերյան էջում հայտնում է․

«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։

Գիշերը հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը Մարգարայի կամրջով»։

Երեկ նաև հայտնի դարձավ, որ ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր այցելելու է Թուրքիա՝ իր կարեկցությունը հայտնելու և հանդիպելու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Եվ կրկին երեկ հայտնի դարձավ, որ թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել։

Հիշեցնենք, որ արդեն 2 ամսից ավել է՝ Արցախը շրջափակված է թշնամու կողմից, փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանը հումանիտար տեռորի է ենթարկում 120.000 արցախահայությանը՝ ձմռան պայմաններում պարբերաբար դադարեցնելով գազամատակարարումը։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ գործուն քայլ չեն իրականացնում արցախահայության ցեղասպանությունը կանխելու համար՝ բացի ապավինելուց միջազգային հանրության անատամ կոչերին ու դատապարտումներին։

Փոխարենը դե-ֆակտո վարչակազմը շտապեց օգնության Թուրքիային, որի՝ Հայաստանի հանդեպ վերաբերմունքի «միանշանակ թշնամական» լինելու հանգամանքը մի քանի օր առաջ հրապարակայնորեն ընդունեց ՀՀ ԱԺ դե-ֆակտո նախագահը։ Թե՛ ռազմական, թե՛ գաղափարական առումով Թուրքիան սատարում է Ադրբեջանի բոլոր հանցագործություններին, բազմիցս հայտնել է իր համերաշխությունը իբրև թե «բնապահպանական» պատճառներով Բերձորի միջանցքի փակմանը։ Ուստի, այսօր սեղմել թշնամու ձեռքը նշանակում է աջակցել արցախահայության ցեղասպանությանը։

Չմոռանանք նշել նաև, որ այս ընթացքում դե-ֆակտո իշխանությունների կողմից չի ձեռնարկվել նաև գործուն քայլ արցախահայությանը գոնե հումանիտար օգնություն հասցնելու, մինչդեռ հայ-թուրքական փակ սահմանով բեռնատարներ ուղարկելու հնարը և քաղաքական կամքը հեշտությամբ գտնվեց:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *