Հունիսի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Թյուրքական միջազգային ակադեմիայի 5-րդ նիստը: Վերջինիս արդյունքում ընդունվել է որոշում համատեղ դասագրքերի ստեղծման վերաբերյալ: Մասնավորապես` խոսքը «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրքական գրականություն» և «Թյուրքական աշխարհի աշխարհագրություն» դասագրքերի մասին է։
Նիստին մասնակցել են Թյուրքական կազմակերպության գլխավոր քարտուղարը, Միջազգային թյուրքական կազմակերպության տնօրենը, կրթության նախարարներ և դիվանագիտական ներկայացուցիչներ Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից:
Թուրքիայի նախաձեռնությամբ 2021 թ.-ի մայիսի 16-18-ը Ստամբուլում կայացած Գիտական խորհրդի 4-րդ նիստի ժամանակ հանդիպել են դասագրքերի բովանդակության հաստատման համար պատասխանատու փորձագետները: Նիստի ժամանակ հաստատվել է «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրքական գրականություն» և «Թյուրքական աշխարհի աշխարհագրություն» դասագրքերի բովանդակությունը:
Այս տարի Նուր-Սուլթանում ընդունված ամփոփիչ արձանագրության համաձայն՝ կողմերը կհաստատեն ընդհանուր դասագրքերի ծրագրերն ու տեքստերը, կկազմակերպեն տարբեր միջոցառումներ՝ իրենց երկրների միջնակարգ ուսումնական հաստատություններում դրանց ուսուցումն ապահովելու և հանրահռչակելու նպատակով:
Առաջին հայացքից ոչ մի վտանգ չպարունակող այս իրադարձությունը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու այն փաստը, որ պանթյուրքական քաղաքականությունը կա և ակտիվորեն շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը: Թուրքիայի` Կենտրոնական Ասիայում իր դիրքերն ամրապնդելու վաղեմի երազանքը վերածվել է գործնական քայլերի: Դրա ամենավառ ապացույցներից է հենց «Թյուրքական միջազգային ակադեմիա» կոչվող կառույցի առկայությունը, որը միավորում է թյուրքախոս ժողովուրդներին և միակը չէ այս տարածաշրջանում: Ընդ որում` Թուրքիայի ներկայությունն այս տարածաշրջանում դրսևորվում է թե՛ կոշտ, թե՛ փափուկ ուժի միջոցով: Հետաքրքրական է հատկապես փափուկ ուժը, որը դրսևորվում է այդքան տարածում գտած թուրքական սերիալների, թուրքական կրթական հաստատությունների միջոցով, ինչպես նաև փոխանակման ծրագրերի միջոցով, որոնց շնորհիվ բազմաթիվ ուսանողներ Կենտրոնական Ասիայից կրթություն են ստանում Թուրքիայում: «Թյուրքական միջազգային ակադեմիա» կոչվածն ու նրա հովանու ներքո իրագործվող այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան թուրքական փափուկ ուժի դրսևորում: Այս միտումը ցույց է տալիս նաև ժամանակակից աշխարհում նոր դաշինքների և առհասարակ դաշնակցային հարաբերությունների կարևորության պարագան, և մինչ մեր թշնամիները մեծացնում են իրենց բարեկամների ցանկը, Հայաստանի դե-ֆակտո կառավարությունը 2018 թ․-ից սկսած՝ հետևողականորեն փչացրել է հարաբերությունները դաշնակից և շահակից երկրների հետ։