Նորություններ

«Զանգեզուրի միջանցքը» թյուրքական աշխարհի ուշադրության կենտրոնում է

02 / 08 / 2022

Օգոստոսի 2-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, առևտրի/տնտեսության և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է այդ երեք երկրների տրանզիտային մեծ ներուժի ավելի էֆեկտիվ օգտագործման համար միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման շուրջ համագործակցության հետագա ամրապնդումը։ Այդ համատեքստում ընդծվել է  Անդրկասպյան միջազգային Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի և որպես այդ միջանցքի մաս՝ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու կարևորությունը։ Նշվել է, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը՝ ներառյալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը։ Հանդիպման ավարտին նախարարների կողմից ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը, իսկ արտգործնախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։

Ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային միջանցքների բացումը՝ ներառյալ Զանգեզուրի միջացքը, կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը»։

Ջ․ Բայրամովն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով«Ես ևս մեկ անգամ ընդծել եմ մեր երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պարտավորությունների լիակատար կատարման հիման վրա կարգավորելու հարցում։ Դա է անվտանգ, կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի բանալին»։

Իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է«Մենք աջակցում ենք Հայաստանի հետ Ադրբեջանի՝ հաղորդակցության, սահմանների որոշման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Մենք էլ ենք կարգավորման համար քայլեր կատարում, հատուկ ներկայացուցիչների բանակցությունների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցությամբ առաջ ենք շարժվում»։

Նշելով, որ իրենք Ադրբեջանի հետ Միջին միջանցքի շրջանակներում իրականացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, Չավուշօղլուն ասել է. «Աշխարհում առևտրի ամենամեծ ծավալը Ասիայի և Եվրոպայի միջև է: Մեր երկրները, որոնք գտնվում են այս առևտրային հոսքերի սրտում, պետք է ճիշտ օգտագործեն այդ ներուժը։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ընդգծում են մեր երկրների տարանցիկ դերը և Միջին միջանցքի աճող արժեքը»։

Ըստ Մ․ Չավուշօղլուի՝ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և որ հաղորդակցության ուղիների րոպե առաջ բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Անդրադառնալով Ջ․ Բայրամովի՝ տարածքային ամբողջականության և ինքիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը՝ հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիա է դրսևորում Հայաստանի նկատմամբ և խախտում հրադադարի ռեժիմը՝ առաջինն ինքը չկատարելով ստանձնած պարտավորությունները։ Վերջին նման սադրանքը սահմանին տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 1-ին, երբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։

Մինչ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն զբաղված են հերքելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գոյությունը և հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով, Ադրբեջանը ոչ միայն իրականացնում է ակտիվ շինարարական աշխատանքներ, այլև Թուրքիայի հետ միասին հետևողական աշխատանք է տանում դիվանագիտական հարթակում՝ համոզելով հատկապես ԵՄ և Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներին, թե ինչպիսի կարևորություն ունի այդ միջանցքի բացումը միջազգային տրանսպորտային կապերն ամրապնդելու ու զարգացնելու հարցում՝ ձեռք բերելով նաև միջազգային աջակցություն և շահագրգռվածություն։

Ինչ վերաբերում է վերջերս Թուրքիայի կողմից անընդհատ շեշտվող Արևելք-Արևմուտք տրանսպորտային հանգույցին, ապա ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ․ «Հայաստանի Մեղրիի տարածաշրջանով «մայրցամաքային» Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային կապող երկաթուղու և այլ կապուղիների կառուցման ու գործարկման ծրագիրը, որն, ըստ էության, միտված է նաև կյանքի կոչելու էրդողանական վարչակարգի համաթուրանական նկրտումները, հաճախ փորձ է կատարվում ներկայացնելու Արևելք-Արևմուտք տրանսպորտային հանգույցի մաս դառնալու հրապուրիչ քողի տակ։ Իրականում այդ հանգույցը ենթադրում է թուրքական կողմից նախաձեռնված Չինաստանը Եվրոպային կապող Անդրկասպյան «Միջին միջանցքի» գաղափարը, որը հանդես է գալիս որպես այլընտրանք, համապատասխանաբար, Ռուսատանի և Իրանի տարածքներով անցնող «Հյուսիսային» և «Հարավային» միջանցքների»։

Ըստ էության՝ Միջին միջանցքը թուրքական նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա Թուրքիային Կովկասի և Կասպից ծովի միջոցով կապվելու Միջին Ասիայի թյուրքալեզու երկրների հետ՝ հասնելով մինչև Չինաստան։ Դա էլ ավելի կբարձրացնի Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը՝ որպես Արևելքն Արևմուտքին կապող տրանսպորտային կարևորագույն հանգույց, և Միջին Ասիայում կնպաստի Թուրքիայի ներգրավվածության աճին՝ հագուրդ տալով պանթուրանական կամ պանթյուրքական նկրտումներին։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *