Նորություններ

Թուրքական ահաբեկչություն Սիրիայում

09 / 08 / 2022

Թուրքական ԱԹՍ-ը թիրախավորել է մեքենա սիրիական Ղամիշլո քաղաքում: Ինչպես հայտնում են ANHA-ի թղթակիցները[1], պայթյունը տեղի է ունեցել Ղամիշլո քաղաքի արևելյան հատվածում, թուրքական օկուպացիոն ռեժիմի անօդաչու թռչող սարքի կողմից քաղաքացիական մեքենան թիրախավորելու արդյունքում: Դեպքը եղել է Ալ-Սինայի հարևանությամբ գտնվող «Հասկո գազալցակայանի» մոտ: Ահաբեկչության հետևանքով կա 4 զոհ, որոնցից 2-ը երեխաներ էին[2]:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական ուժերը հարձակում էին գործել Սիրիայի Համա նահանգի Սուքայլաբիա քաղաքում` հույն օրթոդոքս Այա Սոֆիա եկեղեցու հարևանությամբ [3]: Ահաբեկչական ուժերը կրկին կիրառել անօդաչու թռչող սարք:

Ինչպես տեսնում ենք, Թուրքիան կանգ չի առնում իր զավթողական քաղաքականության ճանապարհին` արդարացնելով իր ցեղասպան քաղաքականությունը կեղծ խաղաղության օրակարգով, սեփական անվտանգության նկատառումներով և այդ նկատառումներից դրդված այլ պետությունների սուվերեն տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններով: Այդ ոտնձգությունները թուրքական կողմն անվանում է անվտանգային «բուֆերային գոտի»: Հենց այսօր` օգոստոսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է երկրի հարավում 30 կմ-անոց անվտանգային սահմանագծի ստեղծմանը և Սիրիայի հյուսիսը, այսպես կոչված, «ահաբեկիչներից» մաքրագործելուն Թուրքիայի դեսպանների 13-րդ կոնֆերանսի ընթացքում: Այլ կերպ ասած` Թուրքիայի առաջնորդը պատրաստվում է հերթական ներխուժմանն ու խաղաղ բնակչության կոտորածին: Ընդ որում, շատ կարևոր է այս կոնտեքստում նշել նաև թուրքական հետևողական քաղաքականությունը գրաված տարածքներում դեմոգրաֆիկ կազմը փոխելու ուղղությամբ: Շարունակական հարձակումների և բնակչության տեղահանման հաշվին Թուրքիան հասնում է իր նպատակին` ազատվելով բնիկներից և փոխարենը, այսպես կոչված, «փախստականներով» բնակեցնելով օկուպացրած տարածքները:

Նույն վտանգը սպառնում է նաև Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներին, որտեղ թշնամու կողմից անդադար սպառնալիքներն ու ահաբեկչությունը կարող են հանգեցնել վերջնական հայաթափման` հատկապես, եթե Լաչինի միջանցքի հանձնմամբ[4] Արցախն ամբողջությամբ կտրվի Հայաստանի հետ ունեցած կենսական կապից:

 

[1] Turkish occupation UAV targets a car in Qamishlo city, https://hawarnews.com/en/haber/turkish-occupation-uav-targets-a-car-in-qamishlo-city-h32220.html (հղվել է 08.08.2022 թ.).

[2] PYD condemnes Qamishlo attack: A total war against Autonomous Administration, https://www.hawarnews.com/en/haber/pyd-condemnes-qamishlo-attack-a-total-war-against-autonomous-administration-h32234.html (հղվել է 08.08.2022 թ.).

[3] Ահաբեկիչները եկեղեցի են ռմբակոծել Սիրիայում, https://hayaliq.com/terroristsattackedchurchinsyria/ (հղվել է 08.08.2022 թ.):

[4] Լաչինի միջանցքը հանձնվում է Ադրբեջանին, https://hayaliq.com/lachincorridoroccupation/ (հղվել է 08.08.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *