Հուլիսի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական պետական «TRT» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Չավուշօղլուն շեշտել է, որ «և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն են ցանկանում, որը կլինի բոլորի՝ այդ թվում նաև Հայաստանի օգտին»։
Խոսելով այսպես կոչված «Միջին միջանցքի» կարևորության մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է ․«Միջին միջանցքը ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեծ կարևորություն է ձեռք բերել, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո հնարավոր չէ Ռուսաստանի տարածքով դեպի Արևմուտք ապրանքների տեղափոխումը»։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ և՛ իրենք, և՛ Ադրբեջանը «անկեղծ են» և ցանկանում են «գործնականում տեսնել, թե որքան անկեղծ է Հայաստանը»։ Հերթական անգամ թիրախավորելով հայկական սփյուռքին և Հայաստանի ներսում դե-ֆակտո վարչախմբի դեմ պայքարող ազգային ուժերին՝ Չավուշօղլուն նշել է․ «Մինչև այս պահը ազդակներ կան, հայտարարություններ կան։ Ճիշտ է, ճնշում էլ կա․ դրսից՝ սփյուռքը, ներսից՝ մոլեռանդ խումբը։ Սակայն երբ գործը հասել է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել տարբեր նախագծերում՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը և համապարփակ խաղաղության պայմանագիրը․․․ Այսինքն արդեն անհրաժեշտ է, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ղեկավարությունը այս հարցերում խաղաղության համար դրական քայլեր անի։ Խոսելը բավական չէ»։
Իր խոսքը Չավուշօղլուն ամփոփել է՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը իրականացվում է Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ։
Արցախյան երրորդ պատերազմից հետո Թուրքիայի պաշտոնական հռետորաբանության մեջ հաճախ են հանդիպում ՀՀ իշխանությունների՝ իբր սփյուռքի ճնշման տակ գտնվելու մասին հայտարարությունները, և հայոց պահանջատիրության կրող սփյուռքը թիրախավորվում է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին խոչընդոտող գործոն։ Երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները «առանց նախապայմանների», իրականում՝ թուրքական նախապայմաններով ինքնակամ բանակցությունների են գնում Թուրքիայի հետ, որի ներկայացրած նախապայմաններից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելն է, բնական է, որ Թուրքիայի համար պահանջատիրության վիժեցման ճանապարհին միակ խոչընդոտը մնում են սփյուռքը և հայաստանյան ազգային ուժերը։
Եթե համադրենք թուրքական կողմի հայտարարությունները «Սփյուռքի՝ Հայաստան–Թուրքիա հարաբերությունները թունավորելու», ՀՀ դե-ֆակտո իշխանությունների նկատմամբ «ներսում ռադիկալների և դրսում սփյուռքի ճնշման», «անցյալի ստերով մխիթարող Սփյուռքի» վերաբերյալ և դե-ֆակտո վարչապետի հայտարարությունը, որում վերջինս նշում է, որ «Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը եղել է Սփյուռքը» և որով հակասում է իր իսկ կառավարության կողմից ընդունված 2021-2026 թթ.-ի ծրագրի բովանդակությանը, ապա կարելի է նկատել տարօրինակ համակարգվածություն թուրքական թեզերի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների գործելակերպի մեջև:
Հիշեցնենք, որ դե-ֆակտո իշխանությունները հուլիսի 13-ին արգելել էին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, ով տարիներ շարունակ զբաղվել է Սփյուռքում Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցով:
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Միջին միջանցքին», ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ․ «Հայաստանի Մեղրիի տարածաշրջանով «մայրցամաքային» Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային կապող երկաթուղու և այլ կապուղիների կառուցման ու գործարկման ծրագիրը, որն, ըստ էության, միտված է նաև կյանքի կոչելու էրդողանական վարչակարգի համաթուրանական նկրտումները, հաճախ փորձ է կատարվում ներկայացնելու Արևելք-Արևմուտք տրանսպորտային հանգույցի մաս դառնալու հրապուրիչ քողի տակ։
Իրականում այդ հանգույցը ենթադրում է թուրքական կողմից նախաձեռնված Չինաստանը Եվրոպային կապող Անդրկասպյան «Միջին միջանցքի» գաղափարը, որը հանդես է գալիս որպես այլընտրանք, համապատասխանաբար, Ռուսատանի և Իրանի տարածքներով անցնող «Հյուսիսային» և «Հարավային միջանցքների»։
Խնդիրն այն է, որ առանց չինական ներգրավվածության և աշխարհաքաղաքական ու տնտեսական աջակցության, այս թուրքական նախաձեռնությունը գրեթե ոչ մի հնարավորություն չունի կենսունակ և արդյունավետ լինելու, ուստի էրդողանական վարչախումբը փորձում է դրա գրավչությունը բարձրացնել՝ ամեն ջանք գործադրելով այն տեղափոխելու Հայաստանի տարածք, որը ոչ միայն կկրճատի դրա երկարությունը, այլ նաև Վրաստանի լեռնային հատվածից այն կփոխադրի ավելի ցածրադիր աշխարհագրական գոտի՝ Արաքսի հովիտ»։