«Հետք» առցանց պարբերականը հետաքննության արդյունքում պարզել է, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը ներկա պահին Հայաստանում կոմերցիոն նպատակներով օդանավ շահագործելու իրավունք ունեցող 9 փոխադրողներից մեկն է, միակն է հայկական ավիացիայում, որի սեփականատերերի մեջ թուրք կա: Ավելին՝ այս ավիաընկերությունը փոխկապակցված է թուրքական արմատներով մեկ այլ ընկերության՝ «Պեգաս տուրիստիկ» ՍՊԸ-ի հետ, որի սեփականատերը թուրք գործարար Ռամազան Աքփընարն է:
«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Արարատ Սարգսյանի կողմից և պետական գրանցում է ստացել 2021 թ․։ 2022-ի դեկտեմբերին Սարգսյանի ընկերությունը Քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան իրավունք է տալիս կոմերցիոն նպատակներով թռիչքներ իրականացնել:
Արարատ Սարգսյանը, որը հիմնադրման պահից նաև ընկերության տնօրենն է, մինչև 2023-ի հունվարը միակ սեփականատերն էր: Ներկայումս Արարատ Սարգսյանին է մնացել իր նախկին 100 % փայից ընդամենը 10 %-ը:
22 %-ի սեփականատեր է գրանցվել ՀՀ քաղաքացի Հերմինե Հովհաննիսյանը, ով նախկինում աշխատել է թուրքական «AtlasGlobal» ավիաընկերությունում, որը ժամանակին Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ էր իրականացնում: Ներկայումս նա աշխատում է նաև Ստամբուլի «Kaçkar Tour» տուրիստական գործակալությունում:
19 %-ի սեփականատեր է դարձել ՀՀ և ՌԴ քաղաքացի, երևանցի Միխայիլ Ասրիյանը, նախկինում աշխատել է «Պեգաս Տուրիստիկ» ռուսական ընկերության ղազախական մասնաճյուղում, որի սեփականատերը թուրք գործարար է: 2013-ին Ասրիյանը Երևանում հիմնել է նույնանուն՝ «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ն, որը 2014-ին անվանափոխվել է՝ դառնալով «Արիոն Տուր». սա եղել ու մնում է ռուսական ընկերության ներկայացուցչությունը ՀՀ-ում:
Մնացած 49 %-ն արտասահմանցիների ձեռքում է, որոնք ևս այս կամ այն կերպ փոխկապակցված են Ռամազան Աքփընարի «Պեգաս տուրիստիկ» ՍՊԸ-ի հետ։
Այսպիսով՝ 2023 թ. հունվարից «Հայկական ավիաուղիների» 90 %-ի սեփականատեր են դարձել թուրքական արմատներ ունեցող բիզնեսին առնչված ու առնչվող հայ եւ օտարերկրացի անձինք։