Նորություններ

Թշնամական տանդեմը ինտենսիվորեն զինվում է

06 / 09 / 2022

Սեպտեմբերի 6-ին Ադրբեջանում մեկնարկել է «ADEX 2022» 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որին ներկայացված են շուրջ 208 ընկերություններ։ Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Ադրբեջան է ժամանել նաև Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։

Ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է«Ադրբեջանի «պատմական հաղթանակը» (չակերտները՝ խմբ) ցույց տվեց, որ ռազմական ոլորտում դրված նպատակներին հասնելու համար չափազանց կարևոր է ձեռնարկել հետևողական և թիրախային միջոցներ ժամանակակից բանակ կառուցելու, երկրի ռազմական հզորությունը ուժեղացնելու համար։

Ադրբեջանի Հանրապետությունը միշտ հատուկ կարևորություն է տալիս իր զինված ուժերի մարտական պատրաստվածության ուժեղացմանը և նրանց նյութատեխնիկական հիմքի ամրապնդմանը։ Գալիք ժամանակահատվածում մենք էլ ավելի կամրապնդենք Ադրբեջանի զինված ուժերը և մեր երկրի պաշտպանունակությունը՝ հատուկ ուշադրություն  հատկացնելով ժամանակակից զենքի, ռազմատեխնիկայի, ռազմամթերքի և այլ նյութական միջոցների արտադրությանը»։

Ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը, խոսելով Թուրքիայի և Իսրայելի հետ ռազմական ոլորտում համագործակցությունից, ասել է«Ադրբեջանը շարունակում է համագործակցությունը ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական ընկերությունների հետ։ Մենք Թուրքիայի հետ աշխատում ենք այնպիսի զենքի վրա, որը հաշվարկված է գալիք 10-15 տարվա կտրվածքով։ Այսինքն, մենք նայում ենք ապագային։ Դա պետության ղեկավարի կարգադրությունն է»։

Ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է պաշտպանական ամրությունների նորարական համալիրը, որն արդեն տեղակայվել է Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Արցախում՝ «զինվորների անվտանգությունը ապահովելու նպատակով սահմանների անվտանգությունը ուժեղացնելու համար»։

Մինչ թշնամական երկրի ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարում է, թե ներկայումս սպառազինությունների համաշխարհային մրցավազքի պայմաններում որքան կարևոր են ժամանակակից բանակը հզորացնելը և նրա նյութատեխնիկական հիմքը մշտապես թարմացնելը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հետևողականորեն զբաղված են զինված ուժերը կազմաքանդելով և երկրի պաշտպանունակությունը ոչնչացնելով։ Ամբողջ աշխարհում ընթացող ինտենսիվ ռազմականացման ֆոնին պարտադիր ժամկետային զինծառայությունից հրաժարումը և գումարի դիմաց բանակից ազատումը ոչ այլ ինչ են, քան ազգային պաշտպանությունը քայքայելու, հետևաբար նաև պետությունը՝ որպես սուվերեն միավոր, ոչնչացնելու դավադիր ծրագիր։

Թշնամական պետության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ շարունակելու է էլ ավելի ինտենսիվորեն զինվել՝ գնելով և արտադրելով ժամանակակից զինատեսակներ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանում ոչ միայն նույն «խանդավառությամբ» չեն պատրաստվում «խաղաղության դարաշրջանին», այլև զինում և նախապատրաստում են բանակը հետագա ռազմական ագրեսիաների համար, որի փոքրածավալ սցենարները պարբերաբար գործադրվում են սահմանին՝ չստանալով համարժեք պատասխան։

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *