Նորություններ

ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի մոդելն Ադրբեջանում

27 / 09 / 2022

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի տնօրեն գեներալ-մայոր Ֆիզուլի Սալախովը հայտարարել է«Ադրբեջանական բանակը ամբողջությամբ անցել է թուրքական ձևաչափին։ Ուսուցումը, ծրագրերը, սարքավորումները և հաստիքային կառուցվածքը, կառավարումն արդեն նոր ձևաչափով են»։

Խոսելով Ադրբեջանի ԶՈՒ-ում թուրքական մոդելի հաստատման մասին  Ֆ․ Սալախովը նշել է․«Արդեն տարուց ավելի է՝ ուսուցումը անցկացվում է նոր ծրագրերով։ Մենք կարծում ենք, որ կրթության այդ մոդելը ավելի հզոր և էֆֆեկտիվ կլինի։ Ապագա սպաները կլինեն ավելի կիրթ ինչպես կառավարման, այնպես էլ որոշումներ կայացնելու ունակության առումով։

Թուրքիայի հետ փորձի փոխանակումը օգնեց մեզ անցնել ուսուցման նոր մոդելի։ Մեր ուսուցիչները և  զինծառայողները կրթություն են ստացել Թուրքիայի առաջատար ռազմական ուսումնարաններում։ Մոտակա ժամանակներում Թուրքիայից ուսանողներ են գալու, որոնք մեզ մոտ կրթություն կստանան»։

Այսօր, երբ ականատես ենք ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական սերտաճմանը, «մեկ ազգ, երկու պետության» կողքին նաև «մեկ բանակ» սկզբունքի հետևողական կերտմանն ու կյանքի կոչվելուն, իսկ Թուրքիան ներգրավված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում, տեղին է վերհիշել դեռևս 2020 թ․-ի հուլիսի 27-ին այն ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դե-ֆակտո դեսպան Լիլիթ Մակունցի համոզմունքը թուրքական «անաչառության» մեջ«Սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Կարծում եմ, Թուրքիան չի դիմի նման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա: Երբ խոսքը Ադրբեջանի ագրեսիայի մասին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում, դա աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրավված է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողությունները չեն ընկալվելու շատ պետությունների կողմից»։

Թուրքիայի արտաքին քաղաքականության և ազգային շահերի վերաբերյալ նման մակերեսային պատկերացումներ ու ընկալում ունեցող Մակունցի այս ելույթից հետո երկու ամիս անց սկսված և առ այսօր շարունակվող ադրբեջանական ագրեսիան ավելի ակնառու դարձրեց թուրք-ադրբեջանական սերտ փոխկապակցվածությունը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ոլորտներում։ Այսօր էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան մեծապես պայմանավորում է Ադրբեջանի գործոնով, ադրբեջանական պայմաններով խաղաղության կնքմամբ և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումով։

Լուրջ վերլուծական հմտություններ անհրաժեշտ չեն գրեթե ամեն ամիս կազմակերպվող թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետևություններ անելու համար։ Թե՛ Արցախյան Առաջին, թե՛ Երրորդ պատերազմների ժամանակ Թուրքիան Ադրբեջանին աջակցել է ոչ միայն ուղղակիորենք զենք և զինամթերք մատակարարելով, այլև բարեփոխելով Ադրբեջանի ռազմական կրթության ոլորտը, մարտավարությունը, Թուրքիայում պատրաստելով ադրբեջանական բանակի սպաներին և թուրք հրահանգիչների գործուղման միջոցով մասնակցելով Ադրբեջանի բանակաշինությանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի միջամտության՝ աշխարհի կողմից «ցեղասպանության համատեքստում ընկալվելուն», ապա եթե այդ ողբերգությունը վերապրած և այսօր էլ վերապրող պետության դե-ֆակտո իշխանությունները հետամուտ չեն համայն հայության պահանջատիրությանը, և ավելին՝ քայլ առ քայլ վիժեցնում են այն, հազիվ թե միջազգային հանրությունը շահագրգռված լինի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեջ։

2010թ․-ի օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը, որով կողմերը պարտավորվում էին կողմերից որևէ մեկի վրա երրորդ երկրի հարձակման դեպքում օգնություն ցուցաբերել։ Բացի այդ՝ միասնական ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, ըստ պայմանագրի, կողմերը պետք է կատարելագործեն ռազմական ենթակառուցվածքները, անցկացնեն համատեղ զորավարժություններ, նախաձեռնեն քայլեր երկու երկրների զինած ուժերի բազմակողմ մարտական պատրաստվածությունը ապահովելու նպատակով։ Այս պայմանագիրը դարձավ կարևորագույն տարրերից մեկը Ադրբեջանի համար ժամանակակից մարտունակ զինված ուժեր ստեղծելու ճանապարհին։  

Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 1992թ․-ի օգոստոսի 11-ին «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության» համաձայնագրի՝ ամեն տարի հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ մեկնում են Թուրքիա՝ Թուրքիայի ԶՈՒ հաստատություններում կրթություն ստանալու համար։ 2022թ․-ի  հունիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնեց, որ ավելացվել է Թուրքիայում սովորող ադրբեջանցի զինվորականների թիվը և  ներկայումս 200 սպաներ կրթություն են ստանում Թուրքիայի ԶՈՒ տարբեր հաստատություններում[4]։ Անհրաժեշտ է հավելել նաև, որ 2021 թ. հունիսի 15-ի այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» Թուրքիան և Ադրբեջանը հանձնառու են դարձել խորացնելու երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *