Նորություններ

Չավուշօղլուն հետընթաց է արձանագրում Հայաստանի հետ հարաբերություններում

19 / 01 / 2023

ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 19-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը հանդիպել է թուրք քաղաքացիների հետ։

Խոսելով Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի հետ, այսպես կոչված, «Արևելք-արևմուտք միջին միջանցքի» համատեքստում եռակողմ և քառակողմ մեխանիզմներ ստեղծելու մասին,ասել է․ «Հույս ունեմ Հայաստանն էլ կներգրավվի գործընթացին։ Այսինքն, խաղաղության ճանապարհին անկեղծ քայլեր կանի։ Վերջին շրջանում բանակցություններում, ցավոք, հետընթաց տեսանք։ Այսօր Բլինքենը ասաց, որ Փաշինյանը անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործողություններով»։

Անդրադառնալով հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին՝ Չավուշօղլուն կրկին շեշտեց, որ «Թուրքիան և Ադրբեջանը կարգավորման հարցում անկեղծ են»։

Արցախյան երրորդ պատերազմից ի վեր՝ Թուրքիան մշտապես շեշտում է, որ հայ-թուրքական կարգավորումը ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ։ Հետաքրքրական է, թե հատկապես ի՞նչն է Չավուշօղլուի կողմից որակվում որպես հետընթաց․ արդյո՞ք կան պայմանավորվածություններ և նախապայմաններ, որոնք հայկական դե-ֆակտո կողմը չի կատարում, թե՞ խոսքը Բերձորի միջանցքի փակման հետ կապված Ադրբեջանի ներկայացրած պահանջների չբավարարման մասին է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում թուրքական կողմից հնչել են Ադրբեջանին սատարող հայտարարություններ՝ պահանջելով դադարեցնել «էկոտեռորը» և «ադրբեջանական հանքերի ապօրինի շահագործումը»։

Հիշեցնենք, որ ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտնեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ից հրավեր է ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և, ըստ ամենայնի, կընդունի հրավերը։ Ըստ նրա՝ ենթադրաբար տեղի կունենան հանդիպումներ և քննարկումներ, և իր մեկնելը շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու և առարկայական արդյունքների հասնելու համար։ Միրզոյանը անցած տարի ևս մասնակցել էր դիվանագիտական ֆորումին։

Դատելով թուրքական կողմից արվող հայտարարությունների ինտենսիվ բնույթից` կարելի է ենթադրրել, որ այս անգամ ֆորումի շրջանակներում հայկական դե-ֆակտո կողմի վրա գուցե որոշակի ճնշում գործադրվի` գործընթացն ավելի արագացնելու նպատակով:

Հայ-թուրքական բանակցությունների օրակարգում վերջին շրջանում ուղղակի օդային բեռնափոխադրումների մեկնարկն ու երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն էր։ Նշենք, որ 2023թ․-ի հունվարի 1-ից վերակագնվել են ուղղակի օդային բեռնափոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *