Նորություններ

Պետության անգործության համար պատժվում են զինծառայողները

31 / 01 / 2023

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած պատերազմի դեպքով հարուցված քրեական գործերով մեղադրյալի աթոռին են հայտնվում նաև ժամկետային զինծառայողները:

ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։

Հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի դե-ֆակտո նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնք վերաբերում են սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի գործողություններին, կա 11 մեղադրյալ, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և 4 դրվագով արդեն ավարտվել է նախաքննությունն ու ուղարկվել դատարան։ Քյարամյանը ընդգծել էր, որ խոսքը ոչ թե բարձրաստիճան սպաների մասին է, այլ միջին օղակի սպաների և զինծառայողների։

Իսկ հունվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության դե-ֆակտո պետ Պերճ Այվազյանը նշել էր․ որ սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված են։ Ըստ նրա` մեղադրանքները հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն։

ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործությունը և մեղքը թաքցնելու նպատակով շարունակվում է բանակի հեղինակազրկումը։ Գնալով ավելի հաճախակի են դառնում սպաներին պաշտոնից ազատելու, զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու, պետական դավաճանությունների «բացահայտման» դեպքերը, որոնք միտումնավոր կերպով հանրային լայն հնչեղության են արժանացվում՝ շեղելու ուշադրությունը այն փաստից, որ պատերազմը, որի հետևանքով դատվում են զինծառայողները, և որում Հայաստանն ունեցել է անթույլատրելի կորուստներ, առաջնահերթ ապազգային իշխանությունների մեղքն է։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *