Արխիվ

«Վախկոտը մեռնում է յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե, խիզախը՝ միայն մեկ անգամ»

04 / 04 / 2023

Այսօր հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի առաջին հանրապետության  բանակի գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի ծննդյան օրն է: 

Նազարբեկյանը ծնվել է 1855թ. ապրիլի 4-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում: 

1874 թ-ին ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան, իսկ 1876 թ-ին՝ Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը: 

Նազարբեկյանն աչքի է ընկել 1877–1878 թթ-ի ռուս-թուրքական (հատկապես Արդահանի գրոհի ժամանակ) և 1904–1905 թթ-ի ռուս-ճապոնական պատերազմներում: 

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում: Այդ ընթացքում եղել է բրիգադի, այնուհետև Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1915 թ-ի ապրիլի 17–18-ին Դիլմանի մոտ Նազարբեկյանի հրամանատարությամբ ռուսական զորամասերը և Անդրանիկի ջոկատը ջախջախել են Խալիլ բեյի թուրքական դիվիզիան, ինչի համար Նազարբեկյանն արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի: 1916 թ-ին Նազարբեկյանը նշանակվել է Կովկասյան 4-րդ կորպուսի` Վան–Կոփ ուղղությամբ գործող զորքերի խմբավորման, 1917 թ-ին՝ ռուսական բանակի կազմում ստեղծված Հայկական ազգային կորպուսի հրամանատար:  

1918 թ-ի մայիսին Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հաղթել, իսկ Ղարաքիլիսայում կասեցրել են թուրքական զորքերի առաջխաղացումը:  

1919 թ-ի մարտից եղել է հանրապետության ռազմական խորհրդի նախագահ և զորահրամանատար (սպարապետ): 

Թովմաս Նազարբեկյանի որոշմամբ՝ հայ զինվորն ունեցել է հատուկ համազգեստ՝ ռուսականի փոխարեն, հայերեն է թարգմանվել զինվորական կանոնագիրքը, հայերենով են տրվել հրամանները: 

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1921 թ-ի հունվարին, ի թիվս հայոց բանակի շուրջ 1400 սպաների, Նազարբեկյանն աքսորվել է Ռյազան, իսկ 1921 թ-ի մայիսին այնտեղից ազատվելուց հետո բնակվել է Թիֆլիսում: 

 Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և շքանշաններով: 

 Մահացել է 1931թ. թետրվարի 19-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *