Հարցազրույց

Տիկտոկում Քրիստոսի մասին պատմելու, ներքին թշնամիների հարձակումների և արտաքին թշնամիների մասին

06 / 04 / 2023

-Սկսենք Ձեր էջում նշված մեկնաբանությունից՝ «Հայոց Եկեղեցում ձեր օնլայն գիդը»: Ինչպե՞ս հայտնվեց սոցիալական ցանցերում գործունեություն ծավալելու գաղափարը:

Ես Տավուշի թեմում եմ ծառայում։ Մեր թեմն աչքի է ընկնում քարոզչական իր լայն գործունեությամբ։ Դեռ տարիներ առաջ Բագրատ Սրբազանն ուղենշել է. «Մենք Քրիստոսին տանելու ենք յուրաքանչյուր տավուշեցու տուն»։ Ե՛վ մեր առաջնորդը, և՛ քահանա հայրերն արդեն իսկ ունեին համացանցային քարոզչության փորձ, ինչում իր մեծ ներդրումն ունի թեմի մեդիայի պատասխանատու Լիդյա Մանթաշյանը։ Հենց այս նվիրյալ մարդիկ էլ օգնեցին ինձ, ոգևորեցին և «գործուղեցին» Տիկտոկ` Քրիստոսի մասին պատմելու։ Մարդկանց մեր գործը հետաքրքրեց, մեծ տարածում գտավ և փառք Աստծո, որ Հայոց Եկեղեցին շարունակում է մնալ լայնախոհ, առաջադեմ և համարձակ։ Այսօր մենք քարոզում ենք սոցիալական ամենատարբեր հարթակներում (Ֆեյսբուք,Ինստագրամ, Տիկտոկ, Յութուբ) և հուսով ենք, որ դա օգտակարություն կբերի մեր հայրենակիցներին։ Նաև նշեմ, որ խմբագիրն եմ Տավուշ հեռուստաընկերության, որով հեռարձակվող «Հոգևոր Տավուշ» շարքը նույնպես հրաշալի հարթակ է դարձել մեր խոսքը տարածելու համար։

-Սոցիալական տարբեր ցանցերում Դուք ունեք մեծաթիվ հետևորդներ: Հետաքրքիր է՝ ովքե՞ր են կազմում հիմնական լսարանը:

Հայտնի խոսք կա. «Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար»։ Մեր դեպքում նույնպես, մենք չենք գծել նեղ սահմաններ` քարոզելու միայն այն մարդկանց, որոնք համամիտ են մեզ հետ, քրիստոնյա են և կիսում են մեր արժեհամակարգը։ «Առողջներին բժիշկ պետք չէ»,- ասում է Քրիստոս, ուստի մենք հենց սկզբից էինք որոշել մեր նյութերը նախատեսել ոչ միայն եկեղեցականացված մարդկանց համար, այլ նաև նրանց, որոնք տրամադրված են բացասաբար, թշնամաբար կամ չեզոք։ Այսօր, սակայն, ուրախությամբ պիտի նշեմ, որ շատերն են վերանայել իրենց վերաբերմունքը։ Իմ ինստագրամյան էջում վերջին սթորի-հարցումներից մեկը թույլ տվեց մեզ պատկերացում կազմել համացանցային այս գործունեության ազդեցությունների մասին։ Ավելի քան 300 օգտատերեր գրել էին, որ մեր էջերին հետևելով են սկսել առաջին քայլերն անել Մայր Եկեղեցուց ներս,  32 աթեիստներ նշել էին, որ այլևս իրենց համարում են քրիստոնյա, իսկ շուրջ 800 հոգի արձագանքել էին, որ լքել են աղանդները և այլևս դադարել են լսել «կասկածելի հովիվներին»։

Անշուշտ, հետևորդների մեծ մասը երիտասարդներ են։ Շատ են նաև սփյուռքահայ հետևորդները, որոնք ակտիվորեն մասնակցում են նաև թեմի սոցիալական ծրագրերին։ Ուրախ եմ, որ իմոնք (հենց այսպես եմ հաճախ անվանում իմ հետևորդներին), մշտապես պատրաստ են բանավիճելու, լսելու,վերլուծելու և կարողանում են ազատ երկխոսել։ Կարևորը դա է. մնացածն արդեն ժամանակի, գրագետ զրույցի, անկեղծ սիրո և աղոթքի հարց է միայն։

-Ինչպե՞ս եք փորձում մատուցվող բովանդակությունը դարձնել ավելի հետաքրքիր` հատկապես երիտասարդ լսարանի համար: Չէ՞ որ, ցավոք սրտի, այսօր ազգայինեկեղեցական թեմաները երիտասարդությանը ամենից շատ հետաքրքրող թեմաները չեն:

Ինձ համար մեծ բացահայտում էր, երբ հասկացա, որ «ամենից շատ հետաքրքրող թեմաները չեն» միտքն այնքան էլ ճիշտ չէ։ Բանից պարզվում է, որ մեր հայրենակիցները, մանավանդ` երիտասարդները մեծագույն ծարավն ունեն հոգևոր խոսքի։ Ընդ որում` մարդիկ ոչ միայն լսում են,այլ նաև մեծ ոգևորությամբ տարածում քրիստոնեական նյութերը։ Այնպես որ` հավատքի մասին բլոգը կարող է շատ հանգիստ մրցել հումորային, զբոսաշրջային, խոհարարական կամ որևէ այլ թեմայով բլոգերի հետ։

Կարևոր է հիշել, սակայն, որ նույնիսկ հոգևոր բլոգի պարագայում համացանցային ալգորիթմները, վիզուալ թրենդներն ու SMM գործիքակազմը մնում են նույնը։ Ուստի պետք է սովորել, տիրապետել սոցիալական ցանցերի հմտություններին, դիտել ու կարդալ այդ թեմայով մի շարք գրագետ նյութեր, հետևել հաջողակ ինֆլյուենսերներին, կիրառել նրանց հնարքները և անպայման խորհրդակցել կայացած մասնագետների հետ։ Արդեն ժամանակակից միջոցներով և գիտելիքներով զինված`ստանալ քրիստոնեական գիտելիքներ, մշտապես խորացնել դրանք և խոսել։

Շատ պիտի խոսենք Աստծու մասին։ Երբ Խոսրով Անձևացին (սուրբ Գրիգոր Նարեկացու հայրը) թվարկում է լեզվի մեղքերը, ստախոսության, սուտ երդման, հակառակության, վիճաբանության և մյուս նման մեղքերի կողքին է դնում մշտապես Աստծու հետ կամ Աստծու մասին չխոսելը։ Քրիստոնյան մշտապես զրուցում է Աստծո հետ. խոսում է աղոթքով և լսում է Աստծուն Աստվածաշունչ կարդալով, հետո սկսում է պատմել մարդկանց Աստծո մասին` առանց վախենալու, վստահ լինելով, որ եթե մենք կանգնենք ավետարանելու ճանապարհին, Աստված խոսելու է մարդկանց սրտերի հետ և գուցե որոշի խոսել հենց մեր միջոցով։ Միայն թե մեր կյանքը պետք է քրիստոնեավայել լինի, որպեսզի Սուրբ Հոգին օգնի մեզ չսայթաքել, լինել խելացի և հարատևել խոնարհության մեջ։

Բացի կրոնականեկեղեցական թեմաներից խոսում եք նաև ազգային արժեքների մասին: Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում, և բացի արատավոր բարքերից մեզ սպառնում է նաև թշնամին: Կպատմե՞ք՝ ի՞նչ դժվարությունների եք հանդիպում այս ծանր օրերին ազգային և կրոնական արժեքները հատկապես երիտասարդության շրջանում քարոզելիս:

Փառք Աստծո` առայժմ թե՛ աղանդավորական խմբակների, թե՛ ապազգային տարրերի հարձակումները մեզ հաջողվել է հաղթահարել հումորային սթորիներով, որոնք, ի դեպ, շատ են սիրվել իմ հետևորդների կողմից։ Հումորի միջոցով մեզ հաջողվել է ցույց տալ իրական դեմքն այն մարդկանց, որոնք փորձում են ներսից վնասել մեր փոքրիկ, մի սրտի չափ երկիրը։ Իրականում`անասելի ցավ է թշնամու համար, երբ նա փորձում է քեզ վրա թափել իր ամբողջ մաղձն ու բարկությունը, իսկ դու պարզապես ժպտում ես և շարունակում խոսել ճշմարտության մասին։ Ես խավարի դեմ պայքար չունեմ. փորձում եմ լույսը վառել, հույսով, որ արդյունքում խավարն ինքնըստինքյան է ցրվելու։

Դե իսկ արտաքին թշնամու մասով… Այո՛, ես քրիստոնյա եմ և թուրքն իմ թշնամին է։ Հակառակորդը չէ, այլ հենց թշնամին։ Սիրու՞մ եմ իմ թշնամուն. այո: Ու հենց այդ սիրո համաձայն, երբ թուրքը ծնկաչոք, կրկնում եմ` ծնկաչոք ներողություն խնդրի, գուցե և մտածեմ ներելու մասին: Իսկ մինչ այդ, սիրով պատրաստ եմ անել ամեն հնարավորը, որ նպաստեմ թուրքի ծնկելուն: Դժվարություններից մեկը, գուցե, հենց այն տխուր իրականությունն է, որ կան այս մտքին դեմ խոսող հայեր։ Այո՛, Սուրբ Գիրքն ասում է. «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան. այս անելով` կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12:20): Հենց հանուն այս սիրո` պետք է թույլ չտանք, որ թշնամին շարունակի սխալվել։ Խոսքով, սեփական օրինակով և եթե պետք է` հայրական ապտակով պետք է վերադարձնենք նրան ճշմարտության ճանապարհին։ Սա բարդ է։ Շատ ավելի հեշտ է թաքցնել մեր վախը, խեղճությունն ու անճարությունը «քրիստոնեական ներողամտության», «խաղաղության և համերաշխության» շղարշում, որն իրականում կապ չունի քրիստոնեության հետ։ Քրիստոս պատվիրել է ներել, երբ մեղք գործողը զղջացել է, ապաշխարել է և ներողություն է խնդրել (Ղուկ. 17:3-4)։ Եթե մենք անդադար անտարբեր մնանք թշնամու չարագործությունների նկատմամբ և այդ անտարբերությունն անվանենք «ներում», նշանակում է մենք ինքներս ենք դրդում նրան չարագործության։

Բարդ ժամանակները հաղթահարելու համար պարզապես պիտի հստակ ընդգծենք. քրիստոնյան չի՛ կարող հայրենասեր չլինել։ Կան օտարամոլ հոսանքներ, որոնք փորձում են պնդել. «Մենք քրիստոնյա ենք, բայց չունենք հայրենիք այս աշխարհում։ Մեր հայրենիքը երկնքում է, և մենք միայն այդ հայրենիքի մասին ենք մտածում։ Այս երկիրը ժամանակավոր է և ոչ կարևոր»։ Նրանց պետք էպատասխանել առաքյալի խոսքով. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:20): Նույնպես և նրանք` եթե չեն սիրում այս հայրենիքը, որը տեսնում են, ինչպե՞ս կարող են սիրել հավիտենական, երկնային օրրանը, որը երբեք չեն տեսել։ Մեր դրախտային Հայաստանի հանդեպ նվիրումով, խնամքով, անձնազոհ սիրով է երևում, թե մենք իրապես սիրո՞ւմ ենք արդյոք երկնային Դրախտը, թե՞ պարզապես զբաղված ենք մեր վախերի, շահերի, կեղծիքների արդարացումներով։

-Ըստ Ձեզ, որո՞նք են առհասարակ մեր ամենախոցելի կողմերը ազգայինեկեղեցական տեսանկյունից: Ի՞նչ սպառնալիքներ կան մեր ազգային դիմագծին և ինքնությանը:

Կարծում եմ` միասնականությունն է Հայոց գալիք հաղթանակի կարևորագույն բանալին։ Եվ հենց պառակտումը կարող է մեզ խոցել և դուռ բացել մյուս բոլոր ախտերի համար։ Իզուր չէ, որ աղանդավորները նախևառաջ հարվածում են հենց այս արժեքին։ «Աղանդ» բառն ինքնին նշանակում է բաժանում։ Բայց Քրիստոս հորդորում է մեզ լինել միասնական։ Եթե Տերը խոսեր միայն անհատի մասին, ապա կսովորեցներ մեզ «Հայր իմ» աղոթքը. «Հայր ի՛մ, որ երկնքում ես։ Ի՛մ հանապազորյա հացը տուր ի՛նձ ասօր»։ Բայց նման աղոթք չկա։ Քրիստոս պատվիրեց աղոթել. «Հայր մե՛ր»։ Որովհետև եկեղեցին նախ և առաջ համայնք է, միասնականություն է, մի բռունցք ու մի սիրտ դարձած ժողովուրդ։ Եվ միասնությունը պառակտողը չարից է ու չարի ծառա։ Երբ Պողոս առաքյալը գնաց Հռոմ, Պետրոս առաքյալն այստեղ արդեն իսկ հիմնադրել էր քրիստոնեական Եկեղեցի։ Պատկերացնո՞ւմ եք, որ Պողոսը գնար, մեկ այլ փողոցում հիմնադրեր մեկ այլ եկեղեցի։ Ու Պետրոսին ասեր` մենք նույնն ենք, նույնն ենք, տարբերություն չկա։ Դուք այնտեղ, մենք այստեղ նույն գրքերը կկարդանք, իրար լավ-լավ խոսքեր կասենք, նույն Աստծուց կխոսենք, ԲԱՅՑ դուք այնտեղ, մենք այստեղ։ Ոչ. առաքյալները դեմ էին դրան և Պողոսը հստակ հարցնում էր` մի՞թե բաժանված է Քրիստոս։ Ո՞չ, ուրեմն մենք էլ պիտի լինենք մի՛։ Երբ կկարողանանք միասնական, համերաշխ լինել Մայր Եկեղեցու, ազգային օրակարգի, Արցախի` Հայաստանակենտրոն ապրումի շուրջ, այդժամ էլ կտոնենք Հայոց գալիք հաղթանակը։

 -Որպես երիտասարդ եկեղեցական ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։

Հարատևել հավատքի, հույսի և սիրո մեջ, հիշելով սակայն, որ այս առաքինությունները կարող են լինել կիսատ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ հավատքը դատարկ է առանց գործերի, հույսը ոչինչ է, եթե չկա համբերություն և սեր… սերը պետք է վաստակել։ Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված իր առաջին նամակում, հենց սկզբում գովում է նրանց այս երեք գաղափարների համար։ Ասում է` Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը, հույսի համբերությունն ու սիրո վաստակը, այսինքն` այն սերը, որը դուք վաստակել եք զոհաբերություններով և համառ աշխատանքով։ Ուրեմն` հիշենք այս մասին. հավատքը պետք է ամրացնել գործերով, հույսը՝ համբերությամբ, իսկ սերը` վաստակով։

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *